Լրահոս
Օրվա լրահոսը

Ներառական դպրոցն ավարտում են ու մնում անգործ

Մարտ 11,2015 15:00

«Երկու ամսականից ես նկատում էի, որ երեխան ձայներին չի արձագանքում, սակայն չէի ուզում հավատալ, որ իմ մտածածը ճիշտ կարող է լինել: Բայց մի օր իմ մեջ ուժ գտա: Երեխաս վեց ամսական էր, երբ գնացի բժշկի: Պարզվեց, որ, այո՛, երեխաս ի ծնե ունի լսողության խնդիր»,- պատմում է Թամարա Մ.-ն, որի դուստրը՝ Դիանան, արդեն 14 տարեկան է: Նա գրեթե չունի լսողություն, բայց գիտի 3 լեզու՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: Դիանայի ծնողների միակ հույսը, որ կարող են երեխային դարձնել լիարժեք առողջ՝ հաղորդակցվելու հնարավորությամբ, մնացորդային լսողությունն էր, որը աղջիկն ուներ: Բայց այդ լսողությամբ անգամ շատ բարձր միացրած երաժշտության հնչյունները երեխան չէր լսում:

Դիանան առաջին անգամ լսել է մեկ տարեկան երկու ամսականում, երբ սկսել է կրել լսողական սարք:

«Սուրդոլոգ մանկավարժները շաբաթական 3 անգամ անցկացվող անհատական դասընթացների ընթացքում երեխայիս սովորեցնում էին խոսել: Շատ դժվար էր, քանի որ սոցիալապես անապահով էինք, բայց, միեւնույն է, անտեսելով ավագ երեխաներիս՝ իմ միակ նպատակն էր փոքրիկիս խոսքը զարգացնել, դարձնել նրան առողջ մարդ»,- պատմում է տիկին Թամարան:

Նրա խոսքերով՝ պարբերական պարապմունքները տվեցին արդյունք: Դիանայի յուրաքանչյուր տառի, հնչյունի, բառի արտասանությունը ծնողներից, սուրդոլոգ-ուսուցիչներից խլում էր ժամեր, օրեր, նույնիսկ կային տառեր, որոնց վրա աշխատում էին ամիսներով, օրինակ՝ չ, փ, ք, ց, ս եւ ուրիշ դժվար արտաբերվող տառեր:

Դիանան 6 տարեկանից սկսել է հաճախել Արաբկիրում գործող հատուկ գիշերօթիկ դպրոցը, որը նախատեսված էր թույլ լսողություն ունեցող երեխաների խոսքը զարգացնելու եւ կրթությունը կազմակերպելու համար: Ժեստերի լեզուն դպրոցում եւս ուսումնասիրվում էր:
2008 թվականին կառավարությունը, արհամարհելով ծնողների խնդրանքը եւ անտեսելով մասնագետների տարած աշխատանքը՝ Դիանայի եւ նրա նման ուրիշ երեխաների հետ, այնուամենայնիվ, թիվ 9 թույլ լսողների դպրոցը միացրեց խուլ ու համր երեխաների համար նախատեսված թիվ 15 դպրոցին՝ հաշվի չառնելով, որ շուրթերով խոսելն ու ժեստերով հաղորդակցվելը տարբեր հասկացություններ են: Տիկին Թամարայի խոսքերով՝ ստիպված էր նոր դպրոց փնտրել երեխայի համար, որպեսզի Դիանան հետընթաց չունենար. «Ես չհամակերպվեցի այն մտքին, որ իմ՝ արդեն խոսող երեխան սովորելու է մի դպրոցում, որտեղ շփվում են ժեստերի լեզվով: Չէ՞ որ կարող էր խոսելուց հետ վարժվել»:
Միակ ելքն այն էր, որ Դիանան հաճախեր ներառական դպրոց: Սակայն այս հարցում խոչընդոտն այն էր, որ չնայած 2005թ. մեր երկիրը «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքով սահմանել էր «ներառական կրթություն» հասկացությունը, բայց այդպիսի դպրոցներ դեռեւս չկային եւ սկսեցին գործել միայն 2007 թվականից սկսած: Մինչ այդ, Երեւանում միակ ներառական դպրոցը «Մխիթար Սեբաստացու» անվան կրթահամալիրն էր:

Որոշ ժամանակ հաճախելուց հետո Դիանան տեղափոխվում է մեկ այլ հանրակրթական դպրոց, որն արդեն ներառական էր: Չնայած ծնողների մտավախությանը, որ երեխան արդեն հասուն է եւ չի հարմարվել նոր դպրոցին, կամ դասարանցիները չէին ընդունի նրան, այնուամենայնիվ, Դիանայի համադասարանցիները պատրաստ էին իրենց կողքին տեսնել հաշմանդամություն ունեցող մարդ: Ինչպես տիկին Թամարան է պատմում՝ այսօր նրանք միասին հաճախում են թատրոն, կինո, կազմակերպում են միջոցառումներ, եւ Դիանան բոլորին հավասար մասնակցում է այդ ամենին:

Շուտով Դիանայի «վերջին զանգն է», նա կավարտի դպրոցը: Տիկին Թամարան մտահոգված է, թե ինչով պետք է զբաղվի Դիանան դպրոցից հետո: Որտե՞ղ կարող է սովորել կամ ո՞ւր կարող է դիմել հետագայում աշխատելու նպատակով:

«Ընտանիքով հաճախ ենք խորհրդակցում այս թեմայով: Փորձում ենք ռեալ գնահատել նրա կարողությունները: Աղջիկս դեռեւս գրել չէր կարողանում, բայց նկարում էր: Նա մանկուց սիրել է նկարել, գույների նկատմամբ առանձնահատուկ ճաշակ ունի»,- պատմում է մայրը: Չնայած ծնողների մտահոգություններին՝ Դիանան կատարել է իր ընտրությունը. նա ուզում է զբաղվել պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ:

Հարցին, թե որտե՞ղ կարող է փնտրել աշխատանք թույլ լսողություն ունեցող երեխան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանեցին. «Լսողության խնդիրներ ունեցող երեխաները դպրոցն ավարտելուց հետո՝ որպես աշխատանք փնտրող, կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրն սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոն, հաշվառվել, ստանալ համապատասխան խորհրդատվություն, ծանոթանալ թափուր աշխատատեղերի հայտերին եւ պետական ծրագրերում ընդգրկվելու ընթացակարգերին: Հաշվառվելու դեպքում իրենց փաստացի բնակության վայրը սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից հնարավորության դեպքում նրանց կարվի հարմար աշխատանքի կամ ծրագրերում ընդգրկվելու առաջարկ»:

Նախարարությունից նաեւ հայտնել էին, որ Զբաղվածության պետական գործակալության կողմից մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են:

Նշենք, որ այսօր 117 հանրակրթական դպրոցն իրականացնում է ներառական կրթություն, որտեղ սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 2700 երեխա, դպրոցն ավարտելով՝ նրանցից քչերն են կարողանում կրթությունը շարունակել կամ աշխատանքի անցնել, չնայած որ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիայով՝ մեր երկիրը պարտավոր է նրանց ապահովել թե՛ մեկով, թե՛ մյուսով:

ԳԱՅԱՆԵ ՄԱԴԱԹՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031