Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվում է միասնական հարկային օրենսգիրք ստեղծելու հարցը

Մարտ 11,2015 13:48

Հայաստանում հարկերի հավաքագրման հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մի քանի խոշոր ձեռնարկություններ շատ ավելի քիչ հարկեր են վճարում, քան պարտավոր են։ Այս մասին «Տեղական հարկեր. առկա խնդիրները եւ քաղաքականության հեռանկարները» թեմայով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ տնտեսական խմբի ղեկավար Նարեն Չանուգոնը։

Այսօր Երեւանում տեղի ունեցած «Տեղական հարկեր. առկա խնդիրները եւ քաղաքականության հեռանկարները» խորագրով համաժողովին քննարկվեցին տեղական հարկերին առնչվող հարցերը, միասնական հարկային օրենսգրքի մշակման շրջանակներում հարկային քաղաքականության եւ վարչարարության բարելավումը եւ տեղական ինքնակառավարման համակարգի հզորացումը։

«Գույքահարկի հավաքագրումը Հայաստանում մեծ պոտենցիալ ունի եւ պետք է լուծվեն այն խնդիրները, թե ինչպես կարելի է ունենալ գույքահարկի հավաքագրման գործող, իրատեսական միասնական համակարգ»,-նշեց Նարեն Չանուգոնը։ Միջազգային փորձագետի խոսքով՝ գույքահարկ հաշվարկելը բավականին հեշտ գործընթաց է, սակայն ոչ բոլորն են այն վճարում. «Այս ծրագիրը հենց օգնելու է այն բանին, որպեսզի հնարավոր լինի տեսանելի դարձնել բոլորի գույքը, այն հաշվարկել եւ չթաքցնել»։

Նարեն Չանուգոնը վստահեցնում է, որ եթե հարկային օրենսդրությունը լինի հստակ եւ բաց, լինի թափանցիկ, ապա բոլորի եկամուտները կլինեն տեսանելի։ Հարցին, թե արդյո՞ք Հայաստանի հարկային օրենսդրությունը թափանցիկ է, բանախոսը պատասխանեց, որ միասնական հարկային օրենք Հայաստանում մշակված չէ. «Կան առանձին օրենքներ, որոնց արանքներում բացեր են մնում»։

Նա տեղեկացրեց, որ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում միասնական հարկային օրենք ներկայացնելու նախագծի շուրջ։

Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ կարեւորեց այն հանգամանքը, որ պետք է հաշվի առնել, որ տեղական հարկերի հավաքագրումը առանձնահատուկ նշանակություն ունի. «Տեղական հարկերի մշակույթը մեզանում նոր է։ Վերջին տարիներին բավականին փոփոխություններ ենք կատարել այս ոլորտում՝ հարկային վարչարարության, բյուջետային կարգավորման, հարկային կարգապահության առումով։ Սակայն մենք դեռեւս խնդիրներ ունենք տեղական հարկերի սահմանման, հարկային քաղաքականության դիվերսիֆիկացիայի մասով»։

Մեզ հետ զրույցում «Համայնքների ֆինանսիստների միություն» հ/կ նախագահ Նորա Ղուկասյանն էլ, անդրադառնալով տեղական հարկային համակարգում առկա խնդիրներին, նշեց, որ քանի որ քննարկվում է համայնքների խոշորացման հարցը, ապա եկամուտների հավաքագրման մեթոդներն էլ այնպիսին պետք է լինեն, որ կարողանան ապահովել համայնքների ծախսերը. «Հիմնականում տեղական հարկերը, տուրքերը, գույքահարկը եւ հողի հարկն են, ինչպես նաեւ հյուրանոցային հարկերի մասին օրենքներն են, որոնք կարգավորման կարիք ունեն։ Հատկապես հյուրանոցային հարկը կարող է եկամտաբեր հարկատեսակ լինել այն համայնքներում, որոնք համարվում են առողջարանային եւ նախատեսված են զբոսաշրջիկների համար»,-նշում է զրուցակիցը։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031