Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կառավարությունը կարտոֆիլի արտահանումը խթանելու համար գյուղացիներին կտա մոտ 600 հազար դոլարի անտոկոս վարկ

Մարտ 16,2015 13:30

Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտնեց, որ հանրապետությունում կարտոֆիլագործության զարգացման համար կառավարության կողմից որոշում է կայացվել, որ Հայաստանի տարբեր համայնքների լավագույն կարտոֆիլագործ ֆերմերները պայմանագրեր են ստորագրելու գյուղատնտեսության նախարարության հետ:

Հրաչ Բերբերյանը տեղեկացրեց, որ պայմանագիրը կնքվելուց հաշվի է առնվելու գյուղի մասնագիտական ունակությունները, դրա տնտեսական վիճակը՝ արդյոք պարտքեր ունե՞ն, թե ոչ, արդյո՞ք այդ գյուղը ի վիճակի է բարձր վերարտադրության կարտոֆիլի տնկանյութ մշակել։ Տնկանյութ չեն տալու պատահական ֆերմերների, որպեսզի չփչացնեն, կընտրվեն այն ֆերմերները, որոնք լուրջ կարտոֆիլագործներ են. «Հիմա կառավարությունը կարտոֆիլի արտահանումը խթանելու համար հատկացրել է մոտ 600 հազար դոլարի չափով անտոկոս վարկ, որը կօգնի գյուղացուն ձեռք բերել տնկանյութ։ Տրվելու է այնպիսի տնկանյութ, որը հնարավոր կլինի վերականգնել կարկուտից հետո։ Գումարի մի մասը գյուղացին վճարելու է տնկանյութը ստանալիս, իսկ մյուս մասը աշնան բերքից հետո։ Սա կլինի շարունակական ծրագիր»։

Ծրագիրը կմեկնարկի մոտակա մեկ շաբաթվա ընթացքում։

Ինչ վերաբերում է կարտոֆիլի արտահանման ծավալներին, ապա պարոն Բերբերյանը տեղեկացրեց, որ 2013-2014 թվականներին արտահանվել է 44 հազար տոննա կարտոֆիլ. «Սակայն 2014 թվականի բերքը զիջել է 2013 թվականի բերքին, արդյունքում արտահանումները պակասեցին, իսկ այս ծրագիրը կարող է արտահանման խթան հանդիսանալ, եւ արտահանման ծավալները կարող են հասնել մինչեւ 80 հազար տոննայի»։

Հրաչ Բերբերյանը նաեւ ասուլիսին նշեց, որ եղանակը այս օրերին մտահոգիչ է, եթե երեկոյան ձյուն եկավ, ապա բերքին վտանգ կարող է հասցնել։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031