Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ամենահին գինեգործը՝ հա՞յը, թե՞ վրացին. ո՞ւմ գինին է ավելի լավը

Մարտ 23,2015 14:30

Մեր հարեւան երկրի՝ Վրաստանի տնտեսության զարգացման հույսը զբոսաշրջությունն է եւ գինեգործությունը: Այս 2 ոլորտները Վրաստանի կառավարությունը գերակա ճյուղ է հայտարարել եւ ռեսուրս չի խնայում ոլորտները զարգացնելու համար: Վրացիներն այնպիսի երեւակայությամբ ու համոզիչ են գովազդում իրենց գինիների բարձր որակը, որ Վրաստան այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ առանց վրացական գինիների մոտ 1 տասնյակի հասնող շշերով բարձված դուրս չի գա այդ երկրից:

Վերջերս Վրաստանի տուրիզմի ազգային վարչությունը Հայաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղրղըզստանից, Ադրբեջանից եւ Ղազախստանից լրագրողների մեծ խմբերի էր հրավիրել՝ մեդիա-տուրի եւ վրացական գինեգործությանը ծանոթանալու: Նշված երկրների լրագրողներին մինչ Վրաստանի տեսարժան վայրերին ծանոթացնելը՝ տուրիզմի վարչությունը հանդիպում էր կազմակերպել Վրաստանի սոմելիեների ասոցիացիայի նախագահ Շալվա Խերշուրիանիի հետ. վրացիք նրան անվանում են գինու դեսպան: Խերշուրիանին հպարտությամբ հայտարարեց, որ գինու օրրանը հենց Վրաստանն է. նա նաեւ կատակեց՝ «Իհարկե, հայերը կասեն, որ դա սուտ է, Հայաստանն է գինու հայրենիքը»:
«Իհարկե, հայերը կարող են պնդել եւ ապացուցել, որ գինեգործությունը ծագել է Հայաստանում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Բայց Վրաստանի գինու դեսպանը օտարերկրյա լրագրողներին պատմական որոշ դրվագներ ներկայացրեց, ինչի արդյունքում, բացի հայերից, մյուս երկրների լրագրողները՝ Վրաստանն է գինու հայրենիքը համոզմունքով (դժվար թե բելառուսցին կամ ղրղըզստանցին գիտական գրականությունը պրպտի՝ ճշտելու համար, թե ով է ամենահին գինեգործը) հեռացան այդ երկրից:

Շալվա Խերշուրիանիի վստահեցմամբ՝ խաղողագործությունը Վրաստանում 8000 տարվա պատմություն ունի, Հարավային Վրաստանում հնագետները հայտնաբերել են 8000 տարվա խաղողի կորիզներ, նույնքան հին խաղողի ճիթեր. «Հաջորդ գլխավոր հերոսը կավե կճուճն է, որի մեջ վրացիները պահել են ցորեն ու գինի. սրանք մի քանի փաստեր են, որ խաղողագործության մշակույթը ծնվել է Վրաստանում»:

Ավագ Հարությունյանը մեզ հետ զրույցում հակադարձեց՝ վրացական գինեգործության 8000 տարվա պատմության մասին խոսելն առնվազն ծիծաղելի է, գինեգործությունը վերաբերում է համամարդկային պատմությանը, որովհետեւ 8000 տարի առաջ ոչ հայեր են եղել, ոչ վրացիներ, էթնոսները ձեւավորված չէին, նրանք ձեւավորվել են Քրիստոսի ծննդից 3-4-րդ հազարամյակից կամ 2-3-րդ-ից. «Խաղողի կորիզ կամ ճիթ հայտնաբերելը դեռ չի նշանակում, որ գինեգործություն է եղել այդ ժամանակաշրջանում: Մենք հիմնավոր փաստեր ունենք, որոնք խոսում են, թե որ երկրի տարածքում է հայտնվել ամենահին նմուշը, բայց դա կապ չունի երկրի պատմության հետ: Կորիզները հայտնաբերվել են Շուլավեր գյուղում: Այս գյուղն ի սկզբանե՝ էթնոսի ձեւավորման պահից ի վեր, հայկական է եղել, հայեր են ապրել, հայերի նախահայրերն են վայրի խաղողը դարձրել կուլտուրական ու դրանից գինի ստացել: Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են խաղողի կորիզներ, որոնք վրացականից հին են 500-1000 տարով»: Պարոն Հարությունյանը հիշեցրեց Արենիի քարանձավում հայտնաբերված գինու գործարանը. «Մեկ այլ բան է, երբ հայտնաբերում են հնագույն խաղողի ածխացած կորիզ, մեկ ուրիշ բան է, երբ հայտնաբերում են մի ամբողջ գործարան՝ իր սարքավորումներով պահպանված: Արենիի քարանձավի վերին շերտերը 6100 տարվա են, ներքեւի շերտերն ավելի հին են: Նույնիսկ հրեաներն են ընդունել, որ գինու հայրենիքը Հայաստանն է՝ Հին կտակարանում հիշատակելով Նոյին ու խաղողագործությունը»:

Հայաստանը լինելով գինու հայրենիք՝ այնուամենայնիվ, Վրաստանում գինեգործությունը ավելի լայն տարածում ունի եւ ավելի զարգացած է. Վրաստանի գինու դեսպանի խոսքերով՝ գրեթե յուրաքանչյուր վրացի ընտանիք, նույնիսկ քաղաքաբնակներն իրենց ավտոտնակներում գինի են պատրաստում ու՝ շատ հաջող: Գինին վրացիների սեղանից անպակաս է, իսկ կառավարությունը հսկայական գումարներ է ծախսում, անգամ Եվրամիությունից դրամաշնորհներ է ստանում գինեգործության ու վրացական գինու՝ աշխարհով մեկ տարածման ու ճանաչման համար: Խերշուրիանիի ներկայացմամբ՝ Վրաստանում մոտ 150 գինեգործական արտադրամաս կա, այսօր կեղծել վրացական գինին ու ներկայացնել ցածր տեսակը բարձր տեսակի տակ՝ անհնար է՝ վստահեցրեց գինու դեսպանը. բոլոր արտադրամասերը խստորեն վերահսկվում են. «Վրացական գինին ե՛ւ լավն է, ե՛ւ ճիշտ պատրաստված»:

Ներկայումս Վրաստանն արտահանում է 59 միլիոն շիշ գինի, Հայաստանն այս թվերում բավականին հետ է ընկնում. մեր կառավարությունը հայ գինեգործներին շատ մեծ ուշադրություն չի դարձնում, շեշտը դրել է կոնյակագործության վրա:

Ավագ Հարությունյանը հավաստիացրեց, որ չնայած այսօր մենք արտադրում ենք 5-6 միլիոն շիշ, սակայն հայկական գինու պոտենցիալն անսահման է, մենք կարող ենք 4 տարում 15-20 միլիոն շիշ արտադրել. մեր գինու արտահանման ծավալը 1,5 միլիոն շիշ է: Պարոն Հարությունյանը նշեց, որ գինեգործությանը պետք է կառավարությունը մեծ ուշադրություն դարձնի, 14-15կգ խաղողից ստացվում է 1 լիտր կոնյակ, իսկ 2 կգ խաղողից՝ 1 լիտր գինի. «1 շիշ գինու մեջ եկամուտը այնքան է, որքան մեկ շիշ կոնյակում: Գինի արտադրելն ավելի ձեռնտու է: Եթե գինու արտադրությունը հասցվի, ասենք՝ մինչեւ 17 միլիոն շշի, ապա եկամուտը կլինի ավելի շատ, քան 40 միլիոն շիշ կոնյակինը: Սա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք կոնյակից, մենք ունենք շատ լավ կոնյակներ, թող շարժվեն առաջ, մենք ընդամենը պետք է հրաժարվենք կոնյակը որպես համընդհանուր պրոդուկտ գաղափարից: Այսօր հայկական 4-5 գինի արտադրողների գինին չի զիջում վրացականին, նույնիսկ կան ավելի լավերը: Պարզապես հայկական գինին աշխարհին ներկայացնելը թանկ հաճույք է: Վերջին անգամ ես եղել եմ Դյուսելդորֆում, այստեղ է գինու աշխարհի ամենահայտնի ցուցահանդեսը: Հայաստանը երբեք չէր կարողանում մասնակցել, շատ թանկ էր, այս տարի օգնեց կառավարությունը, միջազգային մեկ այլ ընկերություն, եւ հայկական 5 ընկերություն կարողացան մասնակցել: Սա շատ կարեւոր է մեզ համար, գոնե ճանաչեցին Հայաստանը, շատերը մոտենում ու հարցնում էին՝ Հայաստանը որտե՞ղ է, Ռումինիայի մո՞տ է, մուսուլման եք, հա՞, ո՞նց եք գինի սարքում»:
Պարոն Հարությունյանի խոսքերով՝ աշխարհում տարեկան լինում է միջազգային նշանակության գինու 4 ցուցահանդես, ամեն ցուցահանդեսին մասնակցելու համար 30-40 հազար եվրո է հարկավոր, արտադրողներն ու պետությունն այդ գումարը չեն կարողանում ներդնել, որպեսզի հայկական կողմն ամեն անգամ մասնակցի, իսկ Վրաստանը տարեկան 200 հազար եվրո է ծախսում ցուցահանդեսներին մասնակցելու համար. «Եթե մեր կառավարությունը գինեգործների համար էլ գումար գտնի, աշխարհը Հայաստանին կընկալի շատ ավելի լավը: Մյուս կողմից էլ՝ ակցիզային հարկն է մեզ խանգարում. Վրաստանը լինելով գինեգործական հզոր երկիր՝ 2006-ից հրաժարվել է ակցիզային հարկից, իսկ մենք ահագին ժամանակ է՝ խնդրում ենք, որ այդ հարկատեսակը գոնե նվազեցնեն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հմայակ Մարտիրոսյան says:

    Միանշանակ, պետական հոգածություն է պետք և ընդամենը 2 տարում կարող ենք լուրջ ձեռքբերումներ արձանագրել:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031