Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական IT ընկերությունները միջազգային շուկա դուրս գալու համար պետք է ունենան գլոբալ մտածելակերպ

Մարտ 23,2015 14:07

Երեւանից, Գյումրիից եւ Վանաձորից տեխնոլոգիական ոլորտի 39 թիմեր մարտի 23-ին եւ 24-ին կներկայացնեն իրենց բիզնես գաղափարները եւ նորարար լուծումները՝ համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում հաղթելու նպատակով։

Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ մրցույթը նպատակ ունի աջակցելու ոչ թե սկսնակ, այլ արդեն բիզնեսի վերածված գաղափարներ ունեցող ընկերությունների եւ հնարավորություն տալ նրանց դուրս գալ միջազգային շուկա։

Մրցույթն անց է կացվում արդեն չորրորդ անգամ. «Թիմերը գնալով ավելանում են եւ տարեցտարի ավելի հետաքրքրիր գաղափարներ են ներկայացնում։ Թիմեր կան, որոնք չեն հաղթել նախորդ դրամաշնորհների ժամանակ, սակայն հետեւողականորեն գալիս են, մասնակցում են, փոխում են իրենց ծրագրերը։ Սա ցուցանիշ է այն բանի, որ իրենք նվիրված են իրենց գաղափարին եւ փորձում են այն առաջ տանել»։

SAM_3753

Դրամաշնորհի պարտադիր պայմանն այն է, որ ընկերություններն իրենց գործունեությունը իրականացնեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, ինչպես նաեւ Վանաձորում, որտեղ կենտրոնը կբացվի 2016 թվականին. «Մոտակա երկու-երեք տարիներին իրավունք չկա դուրս գալ Գյումրիից, քանի որ ծրագրի նպատակն է հենց խթանել տեղական բիզնեսը, խթանել ներդրումները դեպի Գյումրի կամ Վանաձոր»,-տեղեկացրեց պրն Ենգիբարյանը։

Aravot.am-ը նաեւ ծանոթացավ ներկայացվող ծրագրերից մի քանիսին: «Լիոնշարփ» ընկերության համահիմնադիր Գեւորգ Հովսեփյանը մեզ ներկայացրեց Voice board նախագիծը, որը պրեզենտացիայի գործիք է եւ հնարավորություն է տալիս ներբեռնել տարբեր տեսակի նյութեր եւ կառավարել դրանք օգտագործելով ձայնային եւ ժեստային համակարգերը: Գեւորգ Հովսեփյանը պատմեց, որ ընկերությունը մտադիր է իրենց արտադրանքը միջազգային շուկա արտահանել՝ հիմնականում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիա։

Մասնակիցները վստահ են, որ հայ արտադրողին միջազգային շուկա դուրս գալու համար, նախ եւ առաջ, պետք է ունենալ գլոբալ մտածելակերպ, համոզված են, որ Հայաստանից միջազգային շուկա դուրս գալու համար ոչ մի խոչընդոտ չկա՝ հատկապես IT ընկերությունների համար։

«My day at home» նախագծի հեղինակ Կարեն Բաղդասարյանն էլ մեզ ներկայացրեց ձայնային կառավարմամբ աշխատելու նոր միջոց՝ պլանշետի վրա տեղադրված սարք. «Սարքը հիմնականում նախատեսված է հաշմանդամների, մեծահասակների համար, նաեւ երեխաների հետ իրենց ողջ ժամանակը անցկացնող մայրերի համար։ Մարդիկ, որոնք մեծամասամբ իրենց ժամանակը անցկացնում են տանը, հնարավորություն ունեն ձայնի միջոցով հրաման տալ պլանշետին եւ ստանալ ցանկացած տեղեկատվություն»:
Ընկերությունը համագործակցելու է «Արմթաբ» հայկական պլանշետներ արտադրող ընկերության հետ եւ «Արմթաբը» լինելու է հենց առաջին պլանշետը, որի վրա կամրացվի սարքը:

Տեղեկացնենք, որ դրամաշնորհային մրցույթի կազմակերպիչն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ համաշխարհային բանկի աջակցությամբ։ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհի շրջանակներում իրենց նախագծերը ներկայացնելու համար հեղինակները ստանալու են 50 տոկոս համաֆինանսավորում, իսկ Գյումրիում եւ Վանաձորում իրականացվող նախագծերը՝ 85 տոկոս։ Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10 հազար դոլար, իսկ առավելագույնը՝ 50 հազար ԱՄՆ դոլար։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031