Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը՝ Աշոտյանին. «Այստեղ խիրուրգիական բաներ չի՛ կարելի անել» (տեսանյութ)

Մարտ 26,2015 16:47

Կառավարությունը նախատեսում է «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարել: Այսօր ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ դա հանրակրթության ոլորտում իրականացվող խորքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար է. «ՀՀ Սահմանադրությամբ քաղաքացիների համար նախատեսված է կրթական նվազագույն մակարդակ, բայց Սահմանադրությունը տալիս է հնարավորություն օրենքով սահմանելու պարտադիր կրթության ավելի բարձր շեմ: Ուսումնասիրելով միջազգային կրթական վիճակը, կառավարությունը նախաձեռնել է բարեփոխում՝ առարկելով ՀՀ-ում ամրագրել նվազագույն կրթության նոր՝ ավելի բարձր շեմ»:

Այս փոփոխությունն իրենից ենթադրում է ընդհանուր հանրակրթական հիմնական հենքի վրա լրացուցիչ եռամյա կրթության հնարավորություն կա՛մ հանրակրթական ծրագրերով միջնակարգ եւ ավագ դպրոցներում, կա՛մ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում մասնագիտական կրթության հնարավորությամբ:

ՀԱԿ խմբակցության քարտուղար, հարակից զեկուցող Արամ Մանուկյանն ասաց, որ գաղափարը շեմը բարձրացնելու՝ լավն է: Բայց անհնար է իրականացնել. «Ցանկացած գեղեցիկ գաղափար, որը չհիմնավորված նախապես դնում ես, ստացվում է ավելի վատ արդյունք»: Արամ Մանուկյանը, որպես օրինակ, նշեց ավագ դպրոցների գաղափարը, որը շատ լավն է, բայց երբ պատրաստ չես իրականացնել այն, բոլորին հասանելի դարձնելու, այդ գաղափարն ավելի վնաս է բերում, քան օգուտ. «Չի կարելի այսպիսի ռեֆորմների գնալ»:

Ինչ վերաբերում է կառավարության այս առաջարկին, ըստ Արամ Մանուկյանի, այն իրականացնելու համար մենք ֆիզիկական, տեխնիկական հնարավորություն չունենք. «ՀՀ 1400 դպրոցներից մենք ունենք ընդամենը 860 դպրոց, որոնք իրականացնում են միջնակարգ կրթություն: Ընդ որում, 600-ը ուղղակի չեն կարող սա իրականացնել: Սա կարող է բերել բեւեռացման, սոցիալական անարդարության, ուղղակի պրոցեսի՝ օրենքի չիրականացման: Մենք ունենք շուրջ 250-300 դպրոց, որտեղ 100-ից ավելի աշակերտ չկա: Կան դասարաններ, որ 4 աշակերտ է, 6 ուսուցիչ: Ո՞նց ես դու արդեն եղած պրոբլեմին ավելացնում մի հատ էլ պրոբլեմ՝ 12-ամյա կրթությունը դարձնում ես պարտադիր, ասում ես՝ դու  խնդիրը պետք է իրականացնես՝ չես կարող: 109 ավագ դպրոց կա այսօր Հայաստանում, 9 դպրոցն է գյուղական համայնքներում, ո՞նց եք իրականացնելու: Ախր սիրուն գաղափարը կարելի է տալ ջարդուփշուր անել, համակարգը ոչնչացնել, երբ որ դուք իսկապես մարդկային ռեսուրսով, շենքային ռեսուրսով, դասագրքային ռեսուրսով այդ խնդիրը դեռ պատրաստ չէ: Ինչի՞ է այս հրատապությունը, ինչո՞ւ եք այս խեղճուկրակ համակարգում այդքան արագ ռեֆորմ անում: Չի կարելի: Ինձնից ավելի ռեֆորմատոր ու ազատական չլինեք, բայց հանրակրթությանը պետք է շատ զգույշ մոտենալ: Այստեղ խիրուրգիական բաներ չի կարելի անել»:

Իսկ թե քննադատությանը ինչ պատասխանեց Արմեն Աշոտյանը՝ դիտեք «Ա1+»-ի տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031