Լրահոս
Օրվա լրահոսը

Մի մոլորակի պատմություն. հակագիտական ֆանտաստիկա

Մարտ 30,2015 13:00

«Պատմությունը կրկնվում է, որովհետեւ ոչ ոք նրան չի լսում»:
Լոուրենս Պիտեր

«Պատմությունը կրկնվում է, որովհետեւ չեն հերիքում երեւակայություն ունեցող պատմաբանները»:

Ստանիսլավ Եժի Լեց

Եվ ահա, դեգերում էր Կույս Կարիճի համաստեղության հեռավոր ու խավար մի անկյունում տխուր, անհույս ու անբնակ, գավառական N մոլորակը: Եվ տիեզերահայությունը որոշեց յուրացնել՝ հայացնել եւ բնակեցնել այն: Եվ տիեզերանավը, հետ վերցնելով կամավորներ հավատավոր առաքելական մի ընտանիքից, անխոնջ նվիրյալ Կարպիս Յազըչյանի ղեկավարությամբ ուղեւորվեց դեպի այդ մոլորակը:

Եվ գնացին ու բնակեցրեցին: Մարդիկ տարել էին իրենց հետ հայկական կյանքի բոլոր անհրաժեշտ ատրիբուտները՝ ռաբիսի եւ դասական սերիալների կասետներ, նարդի, մանղալ եւ այլն:

Բայց ավաղ, հայոց հողից կտրվածությունն անհետեւանք չի կարող անցնել: Եվ հազարամյակներ անց, մարդիկ թափառում էին այնտեղի փոթորկալի ջունգլիներում՝ մոռացած իրենց բնիկ արմատները, նարդին, սուրճը եւ նույնիսկ մանղալը: Ռաբիսի փոխարեն այնտեղ հնչում էին Բախի խորալները հիշեցնող ինչ-որ լղրճուկ հնչյուններ, որոնք շատ էին դուր գալիս մոլորակի պայմաններին հարմարված կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչներին, մարդկանց շատ սիրելի կոկորդիլոսներին:

Եվ ամեն մարդկային բան այդ մոլորակում կապված էր կոկորդիլոսների հետ: Մարդիկ իրենց հանգուցյալներին զմռսում-մումիացնում էին եւ նետում ջուրը՝ կոկորդիլոսներին, իսկ կոկորդիլոսներն իրենց հանգուցյալներին ապխտում ու նետում էին ցամաք՝ մարդկանց: Եվ անխափան գործում էին կենսաբանական սիմբիոզի եւ քաղաքական-տնտեսական կոմպլեմենտարիզմի սկզբունքները: Կոկորդիլոսի ապուխտը մարդկանց սիրելի ուտելիքն էր, կոկորդիլոսի ոսկորը՝ միակ ամուր շինարարական նյութը (տեղական փայտը եւ քարը փխրուն էին եւ անպետք շինարարության համար): Եվ մարդիկ N-ական մշտական փոթորիկներից պատսպարվում էին ոսկրակերտ փոքրիկ կառույցներում:

Եվ այնպես եղավ, որ կապիտան Յազըչյանը, որը նոր արշավախումբ էր տարել բնակեցնելու մի քանի հազար լուսատարի հեռավորության վրա գտնվող մոլորակներից մեկը, անցնում էր մերձակայքով: Եվ տեսչական այց կատարեց նա N մոլորակ ու տեսավ, որ վիճակն այնտեղ անմխիթար է: Դեգրադացվել էր առաքելականը, խաթարվել թաղման բնիկ ծեսը եւ հիմնական շինանյութն օգտագործվում էր ոչ թե տաճարներ, այլ բնակարաններ կառուցելու համար: Եվ լսվեց ահազանգը հայոց համատիեզերական համագումարում, եւ համագումարը որոշեց վերալուսավորել N մոլորակը:

Եվ կապիտան Յազըչյանի տիեզերանավով N մոլորակ ուղարկվեց Առաքել վարդապետը՝ այր մի պայծառատես եւ հաստաբազուկ, մեծաքանքար եւ քաջագանգուր: Եվ առաջնորդեց նա մարդկանց դեպի առաջադիմություն եւ առաքելականություն: Անհուն ճգնության եւ հրի ու սրի օգնությամբ նա կտրեց մարդկանց վայրենությունից եւ վերադարձրեց սրբազան ակունքներին: Մարդիկ ծանոթացան Գոճոյի նոր հիթերին եւ վերականգնեցին հոգեւորականին (հաստաբազուկին)՝ մուծվելով հանգուցյալներին հողում թաղելու բնիկ սովորույթը: Խախտվեց հայ-կոկորդիլոսյան դարավոր եւ անխախտ սիմբիոտիկ բարեկամությունն ու կոմպլեմենտարությունը: Կոկորդիլոսները մնացին քաղցած ու լքված: Նրանց դուր չէր գալիս նոր երաժշտությունը՝ կոկորդիլոսի պահպանողական ոգին չէր ընկալում նորը եւ մնաց կառչած բախյան հնացած պոլիֆոնիային: Եվ ռաբիսի հնչյունների տակ նրանք չէին կարողանում բազմանալ եւ հուսալքված դիմում էին մասսայական ինքնասպանությունների: Առաքել վարդապետը կազմակերպեց ապխտած ինքնասպան կոկորդիլոսների արտահանումը հայահոծ մոլորակներ, ուր այն դարձավ սկզբից վերնախավի, ապա՝ ողջ տիեզերահայության ամենասիրելի կերակուրը, ազգային սննդակարգի անկապտելի մասը: Իսկ N-ում սկսեցին տները քանդել եւ դրանց շինանյութով կառուցել բազմագմբեթ հսկայական տաճարներ: Եվ ցնծում էր N-ահայության շինարար ոգին: Բայց կոկորդիլոսները վերջացան, եւ մարդկանց ոչինչ չմնաց ո՛չ ուտելու, ո՛չ շինարարության համար: Եվ եթե առանց ուտելիքի հայը կարող է ապրել հազարամյակներ, ապա առանց կառուցելու՝ նույնիսկ գավառական N մոլորակում՝ ոչ: Եվ ավարտին էր մոտենում տարաբախտ N-ահայության պատմությունը…

Իսկ կապիտան Յազըչյանը նոր արշավախումբ էր կազմակերպում կոկորդիլոսաբուծության համար նոր մոլորակներ հայտնաբերելու եւ գավառական N մոլորակը վերահայաբնակեցնելու համար:

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031