Լրահոս
Օրվա լրահոսը

 ՀՀԿ-ական պատգամավորը չի կարեւորում Նարիշկինի հայտարարությունները 

Ապրիլ 02,2015 14:21

«Անկախ հայտարարություններից, դեռ 2013 սեպտեմբերի 3-ին եւ ՀՀ նախագահը եւ մյուս գործիչներն ասել են, որ մենք չենք հրաժարվում «եւ-եւ»-ի քաղաքականությունից: Հիշո՞ւմ եք այդ ժամանակ Եվրոպայի վերաբերմունքը, եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները: Բայց Հայաստանն ինքն է որոշում, թե ի՞նչ քաղաքականություն է իրեն պետք եւ որեւէ կոշտ հայտարարություն մեզ չի կարող ետ պահել մեր ընտրած կուրսից, իսկ դա «եւ-եւ»-ի կուրսն է»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ի պատասխան Aravot.am-ի հարցի, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Հայաստանում գտնվող ՌԴ պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինն օրերս Հայաստանի խորհրդարանում բավական սպառնալից էր խոսել Հայաստանի` ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու մասին: Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեցինք`դա նոր ռուսական մահա՞կ է Հայաստանի գլխին, մայիսին, Ռիգայում կայանալիք ԵՄ գագաթաժողովից առաջ:

Ի դեպ, ուշագրավ էին, խորհրդարանում ընդդիմադիր ՕԵԿ-ի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների ելույթներն`ուղղված ՌԴ չինովնիկին: Դրանք մամուլում եւ սոցիալական ցանցերում «քծնողական» որակվեցին: Մեր այդ դիտարկմանը, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Չեմ ուզում որեւիցե մեկի ելույթին, որեւիցե անուն կպցնել: Հասարակությունը շատ լավ տեսնում է բոլոր ելույթները: Մենք գտնում ենք, որ մեր քաղաքականությունը ճիշտ է»:

Ե՞րբ կզգա Հայաստանը ԵԱՏՄ-ի դրական արդյունքները, ՀՀԿ-ական պատգամավորը դեռ չի կարող կանխատեսել: Որքան շուտ արտաքին ազդակները ԵՄ-ԱՄՆ-ՌԴ հարթությունում լուծվեն, այնքան լավ մեզ համար. «Մենք որքան էլ ակտիվ աշխատենք, միեւնույն է ունենք արտահանման լուրջ խնդիրներ, որոնք մեզնից չէ որ կախված են»:

Աշխարհաքաղաքական զարգացումներում, ՀՀԿ-ական պատգամավորը կարեւորեց մեծ վեցյակի հանդիպման ավարտը եւ փաստաթուղթը` Իրանի հարցով: «Իրանը մեզ համար հարեւան է, շատ կարեւոր ռազմավարական ընկեր, որի հետ փորձում ենք համագործակցել`Իրան-Հայաստան երկաթգծի, նոր գազամուղի կամ գոյություն ունեցողի թողունակությունն ավելացնելու, նոր`բարձրավոլտ էլեկտրակայանի շինարարության ու ընդհանարապես շինարարության ոլորտում, Չինաստանում նախագահը խոսեց Մետաքսի ճանապարհի մասին, որտեղ Իրանի դերը կարեւոր է: Ուստի, մեզ համար կարեւոր է, որ օր առաջ հանգուցալուծվի Իրանի միջուկային զենքի թնջուկը»,- ասաց նա:

Բանախոսը կարեւորեց նաեւ սահմանադրական փոփոխությունները: Ասաց`պետք է կարողանանք հասարակությանը հասու դարձնել դրանց նպատակը. «Մենք ակնկալում ենք որ քաղաքական ուժերը կունենան իրենց առաջարկները եւ կունենանք այնպիսի փոփոխություններ, որոնք ընդունելի կլինեն լայն հանրության համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930