Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի բացակայությամբ կուսակցությունը գուցե կկանգնի դժվարությունների առաջ. «Հրապարակ»

Ապրիլ 04,2015 12:33

ԲՀԿ-ի կազմաքանդումը, ըստ ամենայնի, էականորեն ազդել է նաեւ Ռուբեն Գեւորգյանի հիմնադրած Երդվյալ ազատամարտիկների միության վրա. դրա կազմաքանդման մասին լուրերը չեն դադարում: Կասկածներն ավելի խորացան, երբ ԵԱՄ-ի ձայն-ծպտունը չլսվեց սահմանային վերջին լարման օրերին:

Ստեղծման առաջին օրվանից Ծաղիկ Ռուբոն հայտարարում էր, որ հարկ եղած դեպքում կամավոր նվիրյալները, ովքեր կառույցի կազմում են, կլինեն առաջին գծում` զինվորների կողքին: Մինչդեռ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությունից հեռանալուց հետո ընդհատակ անցավ նաեւ Ռուբեն Գեւորգյանը, միայն հարկ համարելով տեղեկացնել, որ մնում է ԲՀԿ-ում, եւ «վագոնից վերջինն իջնողի արտոնագիրն» էլ իրենն է: Մեզ հաջողվեց կապվել Ռուբեն Գեւորգյանի հետ:

– Պարոն Գեւորգյան, որտե՞ղ եք Դուք եւ Ձեր ԵԱՄ-ն. վերջին շաբաթներին սահմանն անհանգիստ էր, իսկ ձեզանից ձայն-ծպտուն չլսվեց:

– ԵԱՄ-ն հասարակական հիմունքներով ռազմահայրենասիրական կառույց է՝ կանոնադրությամբ ամրագրված: Եվ մենք այս օրերին զբաղված ենք մեր կազմակերպության էլ ավելի ամրապնդման եւ հզորացման, բազում ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացմամբ: Ինչ վերաբերում է այդ միջադեպերին, չեմ կարծում, որ հասարակական կազմակերպություններն իրենք պատրաստ են ամեն մի միջադեպին մասնակցություն ունենալ, մասնակցությունը ոչ միայն կախված է կազմակերպության հնարավորություններից, այլեւ կոնկրետ սահմանների միջադեպերը կախված են նաեւ պետությունից, համապատասխան մարմիններից, գերագույն հրամանատարից, պաշտպանության նախարարությունից: Սահմանը մի այնպիսի բան է, որ կանոնակարգված ծառայություն է տեղի ունենում պետական մակարդակով, եւ ամեն անգամ չէ, որ կկարողանաս կամ քեզ թույլ կտաս մոտենալ սահմանին՝ անկախ նրանից, թե ինչ կազմակերպություն ես:

Ամեն մի անհրաժեշտության դեպքում ԵԱՄ-ի անդամները եղել են սահմանում՝ թե ժողովրդին ոգեւորելու գործում եւ թե սահմանները պահող զինվորի կողքին: Մեր ստեղծման օրից դեռ քիչ ժամանակ է անցել, բայց հասարակությունը երեւի նկատել է նրա ակտիվությունը եւ նրա կայացած լինելու փաստը:

– Հասարակությունը միայն տեսել է, թե ինչպես Ծառուկյանն ամիսներ առաջ բեռով-բարձով ձեր միության տղաներին սահման ճանապարհեց, իսկ դրանից հետո դուք անհետ կորել եք: ԲՀԿ-ի լուծարումով լուծարվեց նաեւ Երդվյալ ազատամարտիկների միությո՞ւնը:

– ԲՀԿ-ի լուծարումով ԵԱՄ-ն լուծարման եզրին չի կանգնի, հակառակի մասին պնդողները ԵԱՄ-ի մասին պատկերացում չունեցողներն են: Նախ ԲՀԿ-ն, որպես կազմակերպություն, մնացել է իր տեղում, բայց, այո, ինչու չէ, Գագիկ Ծառուկյանի բացակայության փաստն իր դիրքից եւ ընդհանուր առմամբ որպես հիմնադիրի եւ կուսակցության նախագահի, ինքնըստինքյան կթողնի լուրջ հետքեր, եւ կուսակցությունը շատ ու շատ խնդիրների առումով կկանգնի գուցե դժվարությունների առաջ: Իսկ ԵԱՄ-ն չեմ կարծում, որ կհայտնվի ցնցումների առաջ, որը կազմակերպությանը կկանգնեցնի լուծարման առաջ: ԵԱՄ-ին, այո, իր օգնությունն է ցուցաբերել պարոն Ծառուկյանը, եւ դրա համար մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում որպես բարերարի, բայց որ ԵԱՄ-ի ծնունդն ու գոյությունը կապենք իր հետ, դա այդպես չի: ԵԱՄ-ն հիմնադրել եմ ես ինքս, իմ ընկերների հետ միասին, իմ անձնական ներդրումների հաշվին: Եվ անկախ Գագիկ Ծառուկյանի ցուցաբերած օգնությանը, ամենամսյա ներդրումներ եմ արել նաեւ ես: Այսօր թեպետ որոշ դժվարությունների առաջ կարող է կանգնենք, բայց դա երբեք առիթ չի կարող դառնալ կազմակերպության լուծարման: Նախաձեռնությունն իր հունի մեջ է, ոչ մի ցնցումնալի երեւույթ չի ապրել, եւ նա իրագործում է իր առջեւ դրած բոլոր ծրագրերը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930