Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության ճանաչումը նշանակում է ներում՝ ապաշխարելուց հետո

Ապրիլ 10,2015 16:40

Հարցազրույց ՀՀ Նախագահի խորհրդական, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի հետ

 -Պարոն Սմբատյան, Ձեզ համար անձամբ՝ որպես քաղաքացու, ի՞նչ է նշանակում 2015 թվականի ապրիլի 24-ը այս օրերին, Մեծ Եղեռնի 100-ամյակի նախօրեին։

-Հիմնական զգացմունքը, որ ապրում եմ, հայ ժողովրդի համար այդ, առանց չափազանցության, ճակատագրական և շրջադարձային իրադարձության կապակցությամբ, անվերադարձ կորստյան ցավն է։ Հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը ընդունեց օրենք հայերի տեղահանման վերաբերյալ, ինչով «օրինականացրեց» դեռ 19-րդ դարի 90-ականներին պետական մակարդակով սկսված մի ամբողջ ժողովրդի նպատակաուղղված և հետևողական ոչնչացման գործընթացը։

Այդ գործընթացը համակարգային բնույթ էր կրում, շարունակվել է ավելի քան 30 տարի՝ անկախ այս կամ այն շրջանում Թուրքիայում գոյություն ունեցող հասարակարգից, և՛ խաղաղ, և՛ պատերազմական տարիներին։

Հարյուր հազարավոր մարդկանց, ում կյանքի իմաստն էր արարումը, ազնիվ և քրտնաջան աշխատանքը, ստեղծագործելը, ողբերգական մահը պարզապես ապշեցնում է։ Ընտելանալ այն մտքին, որ դա պատմական զարգացման անխուսափելի փուլերից մեկն է, պարզապես անհնարին է, որովհետև ո՛չ մի մարդկային բան այդ վայրագությունների մեջ չի կարող լինել ըստ բնորոշման:

Երկրորդ, ոչ պակաս գիտակցված վերաբերմունքը տեղի ունեցածին՝ դա հպարտությունն է մի ժողովրդի համար, որը կարողացավ արժանի հակահարված տալ ջարդարարներին, պահպանել ուժերը հետևած մոբիլիզացիայի՝ հավաքագրման համար, իսկ հետագայում, ժամանակին համահունչ լինելով, իսկապես մոբիլիզացնել ամբողջ՝ հրաշքով պահպանված ներուժը և դրա շնորհիվ հասնել զգալի, մեծ հաջողությունների։

-Ունե ՞ք արդյոք անձամբ Ձեր, կամ Ձեր ընտանիքի որևէ պատմություն՝ կապված Մեծ Եղեռնի հետ։

-Ինձ՝ Վանի հայերի անմիջական ժառանգի համար, հետաքրքիր էր հերթական անգամ վերընթերցել վենեսուելացի սպա և գրող Ռաֆաել դե Նոգալեսի հիշողությունների գիրքը վերնագրված «Չորս տարի կիսալուսնի տակ»։ Հեղինակը ծառայել է (նախօրոք պայմանավորված վարձատրության դիմաց) թուրքական բանակում 1914-1918 թվականներին և անձամբ մասնակցել ռազմական գործողություններում ընդդեմ Վանի հայերի, ովքեր չէին ենթարկվել թուրքերին և հնազանդորեն ընդունել մահը։ Պատժիչ գործողությունների անմիջական մասնակցի փաստագրական նկարագրությունը թույլ տվեց ինձ ևս մեկ անգամ համոզվել հայ ժողովրդի հերոսականության մեջ։ Հենց ժողովրդի, այլ ո՛չ թե ազգաբնակչության, ինչպես կոչվում են հայերը համաշխարհային քաղաքական փաստաթղթերում՝ սկսած 1878թ․ Սան-Ստեֆանոյի պայմանագրից մինչև 1920թ․Սևրի պայմանագիրը։

Ինչպես հայտնի է, այդ պայմանագրերում ամրագրված հայերին և Հայաստանին վերաբերող դրույթներից և՛ ոչ մեկը չիրականացվեց, և հենց այդ ժամանակաշրջանում վերջնականապես պարզ դարձավ, որ հայ ժողովրդի պահպանումը և այնուհետև զարգացումը կարող է կյանքի կոչվել միմիայն իր սեփական ջանքերի և անձնազոհության, իր արմատներին, պատմությանը և հողին հավատարիմ լինելու շնորհիվ։

-Ինչո ՞վ մենք այսօր, 100 տարի անց, ողբից և վշտից բացի, կարող ենք հակադարձել հայ ժողովրդին նետված մարտահրավերին։

-Երբ ես մտածում եմ անցյալ դարասկզբին տեղի ունեցածի մասին, ես զգում եմ ո՛չ միայն դառնություն, այլ նաև վստահություն ապագայի նկատմամբ։ Ցեղասպանությունը զրկեց հայ ժողովրդին քաղաքական պատրանքներից, սակայն ո՛չ իրեն բնորոշ կենսուրախությունից և ռոմանտիզմից ՝ ստեղծագործելու այդ գլխավոր շարժիչից։ Հայերը՝ ամբողջ աշխարհով մեկ սփռված, մազապուրծ եղած անխուսափելի թվացող ոչնչացումից, ցնցված, բայց ոչ կոտրված, ունեցվածքից և գոյության միջոցներից զրկված, սակայն աշխատել և արարել ետ չվարժված, կարողացան կենտրոնանալ իրենց ազգային խնդրի լուծման վրա։ Մինչ Առաջին աշխարհամարտի ժամանակ ընթանում էր աշխարհի վերաբաժանումը, հայերը՝ լինի դա Հայաստա՛ն, թե Սփյու՛ռք, տառապանքների գնով հասան այդ միասնական ազգային խնդրի ձևավորմանը, որի լուծումը պահանջում էր մեծ համբերություն և հայկական պետականության ստեղծման անհրաժեշտության գիտակցում, թեկուզև՝ սկզբում՝ ԽՍՀՄ կազմում։

Նման գիտակցման հաստատումն է Խորհրդային Հայաստանի առաջին ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանի ծրագիրը ամբողջ աշխարհից ստեղծագործական, գիտական և տեխնիկական էլիտայի՝ ընտրանու վերադարձը Հայաստան։ Հենց այդ ընտրանու, ինչպես նաև դրան հաջորդած տարիներին Հայրենիք վերադարձած մյուս նվիրյալների ներդրումը հայկական պետականության վերականգման գործի մեջ չի կարելի թերագնահատել։ Մեծ տերությունները և դրանց ղեկավարները, ցնցված հայերի ցեղասպանությունից, որը տեղի էր ունեցել մինչև հրեաների Հոլոքոստը, և զգալով մեղքի իրենց չափաբաժինը, նույնիսկ աջակցեցին այդ ծրագրի իրագործմանը։ Ցեղասպանությունից հետո համախմբված հայերի ջանքերը հանուն ժողովրդի ոգու վերածնման, սկսված դեռ Առաջին Հանրապետության օրոք, շարունակվեցին մինչև Մեծ Հայրենական պատերազմի սկիզբը։

Հայերի հաղթական տրամադրության և հայկական պետականության ստեղծման համար հիմք հանդիսացած ինքնագիտակցության աճին նպաստեց այն, որ Երկրորդ աշխարհամարտում գլոբալ դիմակայության առաջին իսկ օրերից հայերը ֆաշիզմի հակառակորդների առաջամարտիկներից էին և իրենց արժանի տեղը զբաղեցրին հաղթողների շարքում։ Հայերը մարտնչում էին ո՛չ միայն Խորհրդային բանակի կազմում, ինչի համար արժանացան հատուկ պետական և հասարակական գնահատանքի, այլ նաև հակաֆաշիստական բլոկի բոլոր երկրների բանակներում և իրավամբ համահեղինակ են հանդիսանում ֆաշիզմի նկատմամբ Հաղթանակի՝ մարդկության պատմության մեջ քաղաքակրթական այդ մեծագույն հաղթանակի։

Հիշեցնեմ, որ Թուրքիան, որի դիվանագիտական հմտությունների (բայց ո’չ բարոյականության) մասին առ այսօր առասպելներ են տարածվում, լքեց իր դաշնակցին`Գերմանիային և նույնիսկ վերջինիս պատերազմ հայտարարեց, հակաֆաշիստական կոալիցիայի վերջնագրի ժամկետից ընդամենը մեկ օր և Գերմանիայի վերջնական կապիտուլյացիայից երկու շաբաթ առաջ:

Խորհրդանշական է, որ այս քայլերը ձեռնարկվեցին Թուրքիայի կողմից հենց ապրիլի 24-ին, 1945 թվականի՝ Ցեղասպանության 30-ամյակի ճիշտ նույն օրը:

Սա ցնցող օրինակն է այն բանի, թե ինչպե’ս այլասերվածությունը և «ճարպկությունը» քողարկվում է «պետական պրագմատիզմով» և ներկայացվում որպես «քաղաքական ճկունություն»:

-Պարոն Սմբատյան, իսկ ինչպե ՞ս եք գնահատում այսպես կոչված «կրքերը առ Գալիպոլի»՝ թուրքական իշխանությունների հերթական փորձը աշխարհի ուշադրությունը շեղելու հայերի ողբերգության 100-ամյակից, լայնորեն գովազդելով Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը:

-Դա վատ քողարկված, սակայն Թուրքիայի իշխանությունների կողմից սեփական մեղքի ճանաչումը անուղղակիորեն հաստատող փաստ է: Թուրքական ղեկավարությունը որոշել է նշել Առաջին աշխարհամարտի տարիներին իր դեմ անցկացված, ըստ էության, սովորական մի գործողություն` ֆրանս-անգլիական դեսանտը 1915թ. Գալիպոլիի թերակղզում: Այդ ռազմածովային դեսանտի իջեցումը իրենից ներկայացնում է Դարդանելի նեղուցի գործողության փուլերից մեկը, և 100 տարվա մեջ առաջին անգամ նշվում է ո՛չ թե դրա սկիզբը (1915թ. փետրվար), կամ ավարտը (1916թ. հունվար), այլ օպերացիայի ընթացքում անցկացված շարքային մի հարձակման տարեդարձը: Ավելին, գալիպոլյան ռազմածովային դեսանտը թուրքական դիրքերի վրա իջեցվեց 1915թ. ապրիլի 25-ին, սակայն դրա 100-ամյակը Թուրքիայում նշվելու է 2015թ. ապրիլի 24-ին` Հայոց Եղեռնի 100-ամյակի ճիշտ նույն օրը: Սա պատմության նկատմամբ «ստեղծագործական» մոտեցման հերթական խոսուն ապացու’յց է, որի նպատակն է փարիսեցիական ձևով աղավաղել անվիճարկելի պատմական իրադարձությունները: Այդ տեսակ ցինիկ որոշման նպատակը ակնհայտ է․ ևս մեկ անգամ հրաժարվել Ցեղասպանության ճանաչումից, շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը և փորձել խուսափել պատասխանատվությունից: Կասկած չկա, որ այսօր ո’չ միայն Թուրքիայում, այլև աշխարհում կան ուժեր, որոնք չեն ցանկանում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի:

Սակայն նույնիսկ նրանք ի զորու չեն ոչնչացնել հիշողությունները դրա մասին: Մեծ Եղեռնի 100-ամյակը` դա կարևոր մի փուլանիշ է Ցեղասպանության լիարժեք ճանաչման ճանապարհին, այն հզոր կերպով կխթանի հայոց պետականության և հայ ժողովրդի հետագա ամրապնդումը: Հայոց Ցեղասպանությունը արդեն իսկ ճանաչվել է տասնյակ երկրների օրենսդիր մարմինների կողմից, այդ բարբարոսական պետական հանցագործության` մարդկության նորագույն պատմության մեջ ամենախոշոր՝ Հոլոքոստի հետ միասին՝ ոճրագործության ժխտման համար պատասխանատվությունը կարող է մտնել մի շարք պետությունների քրեական օրենսգրքերի մեջ: Բայց գլխավոր և վճռորոշ հանգամանքը, որը թույլ է տալիս վստահություն զգալ Հայոց ցեղասպանության ճանաչման շարժման հաղթանակի առումով` դա իր ուժը գիտակցած հայ ժողովրդի միասնությունն է:

-Ձեր կարծիքով, ի ՞նչ կտա մեզ Ցեղասպանության ճանաչումը աշխարհում:

-Ցեղասպանության ճանաչումը օրենսդրական և միջազգային-իրավական հարթությունում թույլ կտա բացառել աշխարհի որևէ վայրում նման ողբերգության կրկնությունը, այն կապահովի հայ ժողովրդի և մեր պետականության գոյությունը և հետագա զարգացումը:

Անկասկած, որևէ ժողովրդի և պետության գոյության, և զարգացման անհրաժեշտ և գլխավոր պայմանը դրանց անվտանգությունն է` երաշխավորված հզոր բանակի և գործունակ դիվանագիտության կողմից: Անվտանգությունը կարող է խաթարվել հարևանների թշնամանքի պատճառով:

Հարևանների հետ համակեցության բացասական պատմության առկայության դեպքում անհրաժեշտ է հաշտեցում:

-Այդ իսկ հաշտեցումը, Ձեր կարծիքով, ինչպիսի ՞ հիմքի վրա կարող է տեղի ունենալ:

– Ցեղասպանության դեպքում հաշտեցման հիմք կարող են հանդիսանալ, իմ կարծիքով, ըմբռնումը և ներումը, որոնց հնարավոր չէ հասնել զոհի ազգային շահերի պաշտպանությունից և հանցագործի (կամ դրա իրավահաջորդի) ապաշխարանքից:

Հենց այսպիսի պայմաններից է բաղկացած Ձեր կողմից հնչեցված հաշտեցման «բանաձևը»: Պայմաններ, որոնք պատմականորեն շաղկապված են, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային աշխարհաքաղաքական խաղի որոշ մասնակիցների կողմից ընտրովի արհամարհվում են:

-Եկեք կանգ առնենք Ցեղասպանության հարցում հակադիր հայացքների, ձգտումների և շահերի բախման վրա: Ի ՞նչ քաղաքական կամ տնտեսական պատճառներ ունի այդ բախումը:

-Քաղաքական և տնտեսական պատճառները Թուրքիայում ցեղասպանության հիմքում ընկած են եղել և՛ սուլթանների միապետության, և՛ երիտթուրքերի իշխանության օրոք, և՛ իրենց հետևորդների կողմից անցկացվող պետական-հասարակական «արդիականացման» շրջանում: Ցեղասպանության հիմքում ընկած չէ՛ միջկրոնական հարաբերությունների խնդիրը: Պետք չէ՛ մոռանալ, որ հենց Միջին Արևելքի մուսուլմանական երկրներում ապաստան և ապաստարան գտավ թուրքական յաթաղանից մազապուրծ եղած մեր հայրենակիցների զգալի մասը, հե՛նց արաբ և այլ մուսուլմանական ժողովուրներն էին, ովքեր անշահախնդրորեն առաջին օգնությունը ցուցաբերեցին փախստական հայերին և հետագայում էլ լրջորեն աջակցեցին մերոնց տուն-տեղ, գործ դնելու, զարգանալու հարցում:

-Իսկ ինչպե ՞ս են Ձեր կողմից նշված ապաշխարելու և ներման «բանաձևը» և վերջին 100 տարվա պատմությունը հարաբերվում իրար հետ:

-1991թ.` ազգային անկախ պետականության վերականգման պահին, Հայաստանն իրենից ներկայացնում էր զարգացած տնտեսություն և արդյունաբերություն ունեցող, 15 հանրապետությունների միության մեջ առաջատար դիրքեր զբաղեցնող երկիր էր: Շախմատի աշխարհի չեմպիոն (1963 – 69թթ.) Տիգրան Պետրոսյան և 1973թ. ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության, ինչպես նաև գավաթի հաղթող «Արարատ» թիմ, ատոմակայան և մետրոպոլիտեն ունեցող միլիոնանոց մայրաքաղաք, մշակույթի և արվեստի հիրավի աննախադեպ վերելք, կրթության և գիտության հուժկու զարգացում…

Սրանք են հայերի ազգային ինքնության նույնականացման, իդենտիֆիկացիայի վկայությունները, ովքեր իրենց արժանի և արարիչ աշխատանքով ծառայել և ծառայում են ինչպե՛ս իրենց Մայր-Հայրենիք Հայաստանին, այնպե՛ս էլ աշխարհին:

Այստեղ պարտավոր ենք հատուկ նշել Սփյուռքի անգնահատելի ներդրումը այդ համազգային նվաճումների մեջ: Զրոյից սկսելով կյանքը օտար երկրներում, ծանր նյութական և բարոյական պայմաններում, փաստացիորեն առանց Հայրենիքի օգնության, որն ինքն էլ էր փլատակներում գտնվում այն ժամանակ, հայկական սփյուռքը կարողացավ զբաղեցնել իր արժանի տեղը իրենց ապաստանած երկրներում, կարողացավ ակտիվորեն նպաստել այդ երկրների զարգացմանը և բարգավաճմանը, ինչի շնորհիվ արժանացավ հասարակության հարգանքին:

Ականավոր քաղաքական և ռազմական գործիչներ, գիտնականներ և արդյունաբերության կազմակերպիչներ Խորհրդային Միության բոլոր հանրապետություններում, գործարարներ ԱՄՆ-ում և Դիմադրության ղեկավարներ Ֆրանսիայում, Արամ Խաչատրյան, Վիլյամ Սարոյան, Շառլ Ազնավուր և շատ ու շատ ուրիշներ` ահա թե ովքե՛ր են ստեղծել հայերի հավաքական կերպարը` աշխարհի համար և որպես Սփյուռք` Մայր-Հայրենիքի համար:

Այս 100 տարիների ընթացքում հաստատվել են արդյունավետ և փոխշահավետ կապեր Հայաստանի և Սփյուռքի միջև, որոնց հիմքը դրվել է դեռ Առաջին Հանրապետության օրոք, դրանք զարգանում էին, և անցյալ դարի 90-ականներին դարձան հայկական պետականության կայացման և Արցախի ազատագրման վճռորոշ գրավականներից:

Հենց հայկական անկախ պետականությունն և ազատ, զարգացող Արցախը այն պատմական փաստերն են, որոնք ապացուցում են հայ ժողովրդի` իր ազգային շահերը պաշտպանելու ունակությունն և հաստատում մեր անվիճարկելի հաղթանակը:

Այժմ հայերը և Հայաստանը պատրաստ են ընդունելու մյուս կողմի ապաշխարանքը, առանց որի հաշտեցումը անհնարին է: Սակայն ապաշխարելու հարցում ամեն ինչ այլ է. այն տեղի չունեցա՛վ, ավելին, ամենայն հավանականությամբ, այդ մասին իսկ չե՛ն էլ մտածել, իրենց հույսը դնելով արտաքին քաղաքական վեկտորի հերթական՝ իրադարձային փոփոխության վրա, որը մշտապես և ոչ միշտ առանց հաջողության թուրքերը կիրառել են այս 100 տարվա ընթացքում:

Նշենք Թուրքիայի վերակողմնորոշումը հաջորդաբար Լենինի-Տրոցկու Ռուսաստանի, հետո` Հիտլերի Գերմանիայի վրա, այնուհետև` Արևմուտքի` ընդհանուր առմամբ և ՆԱՏՕ-ի` մասնավորապես, հետո` դեպի ԵՄ, ինչին հետևեցին Իսրայելի և Պարսից ծոցի միապետությունների` ընդդեմ Իրանի «բարեկամանալու», ըստ էության, տապալված փորձերը, իսկ այսօր արդեն` «գազային բարեկամություն» սկիզբը ընդդեմ Եվրամիության…

Թուրքիայի կողմից հնարավոր են փարիսեցիական արտաքին քաղաքական պրակտիկայի ամենատարբեր հնարքներ` սա է «մշտական դաշնակիցների բացակայության և միայն մշտական շահերի» գոյության մասին խիստ միակողմանի դրույթի թուրքական արտահայտությունը: Մինչդեռ առ այսօր մեզ հայտնի է Թուրքիայի մեկ մշտական շահ` լարվածության պահպանում գործնականում իր բոլոր հարևանների հետ: Այսպիսով, հաշտեցման գործընթացը դադարեց այն պատճառով, որ տեղի չունեցավ ապաշխարանք, որը, իմ պատկերացմամբ, իրենից ներկայացնում է «հետաձգված» գթասրտություն, այն, որը չկար և ի սկզբանե չէր կարող լինել Հայոց ցեղասպանության կազմակերպիչների և իրագործողների մոտ:

Հենց այս պատճառով է, որ ես համոզված եմ, որ ցեղասպանության ժխտումը այսօր համարժեք է` և՛ իրավական, և՛ բարոյական առումով` 100 տարի առաջ կատարված ցեղասպանության մեջ մասնակցություն ունենալուն: Ասածիցս բնավ չի հետևում, որ, ռուսական մի երգի խոսքերով, «վաղը արշավում ենք, վաղը պատերազմ է…»:

Սակայն փաստը մնում է փաստ` հաշտեցումը, ավաղ, դեռ չի նշմարվում, և ինչ-ինչ «պատմաբանների հանձնաժողովներ» և այլ «կառուցողական առաջարկներ» չեն կարող փոխարինել այդ՝ հասկանում ենք, ոչ հեշտ, սակայն միակ քայլին, այն է` ԱՊԱՇԽԱՐԱՆՔԸ:

Հենց այդպիսի քայլ անցյալ դարի 60-ականներին արեց Գերմանիան, երբ կանցլեր Կոնրադ Ադենաուերը ծնկի իջավ Լացի պատի առջև Երուսաղեմում:

Գերմանիան վերջին հարյուր տարիների իր դրամատիկ պատմությունից արեց միանշանակ և վստահ հետևություններ, հենվելով որոնց վրա, արիաբար, առանց կասկածների և տատանումների, ապրեց ծանր բարոյական և քաղաքական ինքնամաքրում՝ կատարսիս, ինչը թույլ տվեց նրան դառնալ աշխարհի առաջատար երկրներից մեկը։ Թուրքիային դա առայժմ չի հաջողվում։

– Պարոն Սմբատյա՛ն, եթե ամփոփենք մեր զրույցը, որո ՞նք են, վերջիվերջո, Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարները, հաշվի առնելով տարածաշրջանում և աշխարհում ներկայումս ստեղծված իրավիճակը։

– Ցեղասպանության ճանաչումը համայն աշխարհում անխուսափելի է, սակայն հստակ ժամկետների մասին խոսելն իմաստ չունի։ Ճանաչման գործընթացը շարունակվում է, այն երբեք կանգ չի առել և կանգ էլ չի առնի, հենց այնպե՛ս, ինչպես երբեք չի ընդհատվել և չի էլ ընդհատվի հայ ժողովրդի զարգացումը, որը ուղղակիորեն ազդում է Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի լուծման վրա։

Կայացած, ամբողջ համաշխարհային հանրության կողմից ճանաչված Հայաստանի պետականությունը, հասարակական միասնությունը, հզոր ժամանակակից բանակը և արդյունավետ արտաքին քաղաքականությունը, տնտեսական զարգացումը, կապերի ամրապնդումը Սփյուռքի և դաշնակիցների հետ՝ սրանք են գործոնները, որոնք կոչված են մոտեցնելու այն օրը, երբ պատմական արդարությունը կհաղթանակի և կկայանա Ցեղասպանության ամբողջական, վերջնական ճանաչումը։

Եվ դրա բոլոր նախադրյալները առկա են։

 

Հարցազրույցը վարեց Գրիգորի Անիսոնյանը

«Նոեվ կովչեգ», N 6-7, 2015թ. ապրիլ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930