Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ հայրենիքն» արձագանքեց ընտրակաշառքի մասին լուրերին. «Հերյուրանք են»

Ապրիլ 22,2015 10:52

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը հերյուրանք  է համարում «Ազգային վերածնունդ» կուսակցության շտաբի պետ Տիգրան Գրիգորյանի տեղեկությունները, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում «Ազատ հայրենիքը» ընտրողներին սառնարաններ է նվիրում:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում անհիմն մեղադրանքներ որակեց իրենց հասցեին ուղղված այդ տեղեկությունները. «Նման կարծիքները, նման անպատասխանատու ու չհիմնավորված հայտարարությունները հերյուրանք են ու ստվեր են գցում լեռնային Ղարաբաղում անցկացվող խորհրդարանական ընտրությունների վրա: Հավաստիացնում եմ, որ Արցախում այս պահին ստեղծված են օրինական բոլոր պայմանները՝  նորմալ ընտրություններ անցկացնելու համար, նախընտրական պայքարում բոլորի համար ստեղծված են հավասար պայմաններ, որեւէ ճնշում որեւէ կուսակցության նկատմամբ չի եղել: Ընտրակաշառքի մասով կարող եմ հավաստիացնել՝ այս պահի դրությամբ ոչինչ չի եղել: Նման հայտարարություններն անընդունելի են ու արժանի են դատապարտման»:

Վահրամ Պողոսյանը «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչներին անվանեց երիտասարդ արկածախնդիրներ.«Որոնք փորձում են հերյուրանքների ու անպատասխանատու հայտարարությունների միջոցով գրավել ժողովրդի ուշադրությունը եւ ժողովրդին թյուրիմացության մեջ գցելով՝ փորձում են ձայներ կորզել սեփական շահերի սպասարկման համար: «Ազգային վերածնունդը» այս ընթացքում փորձում է տարբեր շահարկումներ կատարել՝  էժանագին ձեւերով սեփական իմիջը բարձրացնելու համար»:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Արցախում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930