Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Փարիզի և Մարսելի հայկական վարժարանների սաներին

Ապրիլ 29,2015 18:13

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Փարիզի «Համազգային» և Մարսելի «Դպրոցասեր» վարժարանների սաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Սարգիս Պետոյանի:

Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց սաներին` կարևորելով Ֆրանսիայի հայկական վարժարանների կողմից շարունակական բնույթ կրող ամենամյա այցելությունները Հայրենիք:

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայրենիքում տեղի ունեցած արարողություններին` Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ ֆրանսահայ վարժարանների սաները հնարավորություն են ունեցել մասնակցելու Մայր Աթոռում Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը: Նորին Սրբությունը նշեց, որ սուրբ նահատակների բարեխոսությամբ վերջիններիս գիտակցության մեջ նախանձախնդրության ոգին պետք է ավելի զորանա` պայքարելու արդարության վերականգնման համար: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց` քանի դեռ  ոճրագործությունն արժանի ու արդար դատապարտում չի ստացել մարդկության կողմից, նմանօրինակ ոճիրների կրկնության վտանգն անխուսափելի է:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը, խոսելով ազգային ինքնության պահպանության անհրաժեշտության մասին, պատգամեց պատանիներին լինել Հայրենիքի և Հայ Եկեղեցու արժանավոր զավակներ, հոգիներում անխախտ պահել նախնիների կողմից ավանդված ժառանգությունն ու սերն ազգի, Հայրենիքի և Եկեղեցու հանդեպ:

Հանդիպմանը ներկա էր Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                       

Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930