Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները՝ «հավատացյալ» օլիգարխների ծախսերի մասին

Մայիս 07,2015 18:00

Եկեղեցի կառուցելու հարցում հայ օլիգարխները չափերն անցե՞լ են

Երեկ խորհրդարանում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը քննադատեց դրսում ապրող հայ օլիգարխներին, որոնք այստեղ եկեղեցի են կառուցում: Նա ասաց, որ օլիգարխները գնալով ծանր բեռ են դառնում մեզ համար. «Մենք ունենք 6500 եկեղեցի՝ 9 մլն հայության համար, 1450 մարդուն՝ մի եկեղեցի: Իհարկե, եկեղեցիները պետք են, սիրելիներս, բայց չափ կա, սահման կա: Այդ եկեղեցիները, որ կառուցում եք, տարեկան 1.5-2 տոկոս ամորտիզացիան հաշվեք, 500 տարի հետո ո՞վ է պահելու: 6500 եկեղեցու վրա ծախսվել է 30 մլրդ դոլար, դրա տարեկան ամորտիզացիան կազմում է 400 մլն դոլար»:

Ըստ Բագրատյանի՝ եթե եկեղեցի են կառուցում, ողջ ծախսը պետք է թողնեն կառուցողի վրա՝ անգամ նրա մահից հետո, ոչ թե հասարակության հաշվին այդ ամենն արվի. «Բա երկրում չկանգնե՞ն կաթողիկոսը, երկրի նախագահը, ասեն՝ այս ի՞նչ եք անում»:

«Առավոտը» «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից հետաքրքրվեց՝ կիսո՞ւմ է Հրանտ Բագրատյանի մտահոգությունը, եկեղեցի կառուցելու չափերն անցե՞լ ենք: Նա պատասխանեց. «Ես ընդհանրապես միշտ կողմնակից եմ եղել, որ եթե դրսի հայերը հնարավորություն ունեն միջոցներ բերելու Հայաստան, ավելի նպատակային ծախսեն: Դա չի նշանակում, որ եկեղեցի չպետք է կառուցեն, բայց դա դարձնել կուլտ՝ չի կարելի»: Ըստ պարոն Քոքոբելյանի՝ պետությունը պետք է միջամտի. «Ցանկացած շինարարություն, այդ թվում՝ եկեղեցու շինարարության թույլտվությունը տալիս է պետությունը: Բացի հորդորներից, ունի ազդելու լծակներ: Ոչ թե մենք դեմ ենք աղոթատեղի ունենալուն, այլ ամեն մի քայլին աղոթատեղի ստեղծել, բայց նպաստավոր պայմաններ չստեղծել աղոթողների համար՝ ճիշտ չէ»:

Ըստ պարոն Քոքոբելյանի՝ բացարձակ կապ չունի հավատացյալ լինելը եկեղեցի կառուցելու հետ. «Չեմ կարծում, որ վերջին տարիների եկեղեցաշինությունը նպաստել է հավատքի ավելացմանը՝ որպես քրիստոնյա ժողովուրդ, քրիստոնեության մշակույթ: Քրիստոնեությունը տարածելու ավելի քաղաքակիրթ եւ ավելի մատչելի ձեւեր կան»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը գտնում է, որ օլիգարխն ինքն է որոշում՝ ինչի վրա ծախսի իր փողերը, եւ ոչ ոք միջամտելու իրավունք չունի. «Մենք քաղաքական գործիչ ենք, քաղաքական ուժ ենք, մեր դիտարկումները պետք է վերաբերեն հանրային միջոցների ծախսմանը միայն: Դա մեր գործը չի, մենք սոցիալ-լիբերալ կուսակցություն ենք, մենք պետք է հարգենք որոշումներ ընդունելու մարդկանց ազատությունը: Իրենց մասնավոր գումարներն են, մարդը կարող է եկեղեցու վրա ծախսել, կարող է բարեգործություն անել, կարող է բիզնեսի մեջ դնել: Մեր գործն է, որպես քաղաքական ուժ, վերահսկել պետական միջոցների ծախսերը, վերահսկել ամբողջ պետական ապարատի ազնվությունը: Մեր քննադատության, վերահսկողության թիրախը պետական մեքենան է: Մենք ազատական ենք»:

ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վերջին շրջանում եկեղեցաշինությունը չափից շատ է համարում. «Ես հակված եմ, որ եթե հնարավորություն ունեն մեր գործարարները, մեր նվիրյալները, թող ավելի շատ հին եկեղեցիները վերականգնեն: Ցավոք, մենք շատ խոնարհված եկեղեցիներ ունենք: Բայց մյուս կողմից էլ՝ եկեղեցու կառուցումը լավ է, կարծեք մարդկանց հավատն է վերականգնվել, քաղաքացիներին հնարավորություն են տալիս ավելի մոտ գտնվել եկեղեցուն»:

Մեր հարցին՝ համաձա՞յն եք, որ տնտեսության զարգացման տեսակետից եկեղեցու կառուցումը աննպատակահարմար է, քանի որ անգամ աշխատատեղ չի ստեղծում՝ Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Շինարարության ժամանակ աշխատատեղ ստեղծում է: Մենք պետք է ուրախանանք եկեղեցու կառուցմամբ նրա համար, որ հայը իր հողին կպած է: Ցանկալի է, որ մեղք գործողները եկեղեցի չկառուցեն: Ամեն դեպքում՝ չեմ կարծում, որ դա Էջմիածնի վրա մեծ ծախս է»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՐԱՖՖԻ…Ո՜վ հայրեր, ո՜վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանանց չէին հափշտակի… Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրա՜նք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրա՜նք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ մանիա այրը’ ճգնելու…
    Ո՜վ Հայոց հին աստվածներ, Ո՜վ Անահիտ, Ո՜վ Վահագն, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031