Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ավիատոմսերի բարձր գները, ոչ էլ աղտոտված շրջակա միջավայրը չե՞ն տուրիզմում հետընթաց ապրելու պատճառը

Մայիս 07,2015 19:50

ՀՀ կառավարության զբոսաշրջության զարգացման ռազմավարության համաձայն՝ մինչեւ 2030 թվականը Հայաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակը հնարավոր է հասցնել մինչեւ 3 միլիոնի:  Սակայն, եթե այս տեմպերով շարունակենք, դժվար էլ ռազմավարությունն իրականություն դառնա:

Երեկ հրապարակվել է «2015թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցը», որտեղ Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ 89-րդն է 141 երկրների շարքում: Հայաստանի դիրքը 2013 թվականի հետ համեմատ 10 տեղով նվազել է:
Զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկրների ցանկը այս տարի գլխավորում են Իսպանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան:

Զեկույցից Հայաստանի մասին տեղեկատվությունը հրապարակել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը: Ըստ զեկույցի, մեր երկրի դիրքի վրա բացասաբար են ազդել տուրիզմի ոլորտում անձնակազմի վերապատրաստման ցածր աստիճանը եւ որակյալ աշխատուժի պակասը, ավիատոմսերի բարձր գները, շրջակա միջավայրի օրենսդրության խստության եւ կիրառման ցածր մակարդակը, օդանավակայանի վճարները եւ այլն:

«Պատմություն եւ միաբանություն» հ/կ նախագահ, տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկոտոր Ռոբերտ Մինասյանը սակայն համամիտ չէ այս ցուցանիշներին. «Ո’չ գներն է թանկ, ո’չ էլ անձնակազմն է վատը: Ամեն ինչը նորմալ է»:

Ըստ նրա, եթե տուրիստների թիվը պակասում, ապա դա կարող է պայմանավորված լինի, պատերազմական վիճակով, իրադարձությունով. «Ցանկացած ժամանակահատված, եթե այս կամ այն տարածաշրջանում պատերազմական իրադրություն է, եւ այդ երկրի  մոտակայքում է, ամենաշատը տուրիզմի վրա է բացասաբար ազդում, ամենախոցելի ոլորտն է տուրիզմը: Մարդիկ հետաքրքրվում են, մենք չենք  ապրում 50 տարի առաջ, հիմա լրատվությունը, ինտերնետը շատ արագ  տարածում են ինֆորմացիան եւ մարդիկ հետաձգում են իրենց այցելությունը տվյալ երկիր` մտածելով մյուս անգամ կգնան»: Տուրիզմի ոլորտի մասնագետն օրինակ է բերում եվրոպական երկրները, որտեղ տուրիստների թիվը 40-50 տոկոսով պակասել է` Ռուսաստանյան զբոսաշրջիկների այցերի կրճատման պատճառով, ինչը պայմանավորված էր Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունների վատացմամբ:

Ռոբերտ Մինասյանի համոզմամբ, 2015 թվականին Հայաստանն ավելի ճանաչելի է դարձել աշխարհին. «Որպեսզի մենք մեր դիրքերը չկորցնենք, այսօր ճիշտ, մտածված միասնական քաղաքականություն պետք է վարվի` Հայաստանը ճիշտ ներկայացնելու»:

Մասնագետի համոզմամբ, ԵՏՄ մտնելուց հետո Եվրասիական տնտեսական միության երկրներից էլ ենք զբոսաշրջիկներ ունենալու:

Aravot.am-ի հարցին, թե զեկույցում չի խոսվում, որ պատերազմական իրավիճակն է պատճառը, որ Հայաստանը հետընթաց է արձանագրել, այլ` ավելի պարզ պատճառներ են առաջ քաշվում, օրինակ, որ շրջակա միջավայրի օրենսդրությունը խախտվում է, ավիատոմսերի գները թանկ են եւ այլն, պարոն Մինասյանն ասաց, որ զեկույցի հեղինակները ոչ մի դեպքում չէին նշի պատերազմական իրավիճակ լինելու հանգամանքը: Ըստ նրա, կառավարության` բաց երկնքի քաղաքականությունից հետո ավիատոմսերի գները նվազել են մոտ 40 տոկոսով:

Մեր այն դիտարկմանը, թե ինտերնետի այս դարում զբոսաշրջիկն արագ տեղեկանում է, որ օրինակ` Հայաստանում հանքերը շահագործվում են բաց եղանակով` լուրջ վնասներ հասցնելով շրջակա միջավայրին եւ դա բավարար է, որ նա չընտրի Հայաստանը, պարոն Մինասյանն ասաց. «Բոլոր երկրներում էլ հանքեր են շահագործվում»:

Մեր այն արձագանքին, թե ոչ օրենքի այսպիսի խախտումներով, Ռոբերտ Մինասյանն ասաց. «Եվ  այսպիսի եղանակ կա եւ այնպիսի, այսինքն` խնդիրը նրանում է, որ որոնք որ շահագործում են եւ խախտում են պայմանագրերի կատարումը, պետք է հստակորեն պատժվեն: Չի կարելի օգտագործել, շահույթներ ստանալ բայց ռեկուլտիվացիա չանել: Մենք պետք է ոչ թե երկրից խոսենք, այլ խոսենք այն մարդկանցից, որոնք շահագործում են, եւ այդ շահույթներից չեն դնում վերականգնելու, բնությունը պահպանելու համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031