Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԿԱԻ նախարարությունում անհավատալի լավ է

Մայիս 08,2015 16:55

Կյանքի ընթացքում դժվարություններ հանդիպում են բոլորի ճանապարհին, բայց ոչ բոլորին է հաջողվում հաղթահարել դրանք, ճակատագրի դաժան հարվածից հետո ոտքի կանգնել և շարունակել գնալ առաջ: Շատ հաճախ հաշմանդամություն ունեցող անձինք դառնում են կամքի ուժի, կենսունակության ու լավատեսության օրինակներ, որոնք կարող են թևեր տալ և հուսահատ, հիասթափված մարդուն հուշել դեղատոմսի իրենց տարբերակը:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը հանրապետության միակ պետական մարմինն է, որի համակարգում աշխատում է 30 սայլակավոր հաշմանդամ 23-ը` Երևանում տեղակայված ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, 5-ը` Լոռու, 2-ն էլ` Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում: Նրանցից գրեթե ոչ մեկ չէր հավատում, որ կարող է Հայաստանում աշխատանք գտնել, ապրել առավել լիարժեք ու հետաքրքիր կյանքով, ունենալ գործընկերներ ու խոցելի խավի ներկայացուցչից դառնալ ուրիշին օգնության ձեռք մեկնող:  Այսօր ուզում ենք պատմել նրանցից մեկի մասին…

Սևակ Մխիթարյանը ծնվել է 1985 թ. հունվարի 1-ին, Աբովյան քաղաքում, որտեղ էլ ապրում է մինչ օրս: Անտեղ էլ հաճախել է մանկապարտեզ, դպրոց… 2002 թ. ապրիլին տեղի ունեցած դժբախտ դեպքի հետևանքով (գազի բալոնի պայթյուն) զրկվում է երկու ոտքից և հայտնվում հաշմանդամի սայլակին:  Սակայն դա նրան չի խանգարում սովորել ու ավարտել Լ. Օրբելու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ընտանիք կազմել և 2012 թ. աշխատանքի անցնել ՀՀ ՏԿԱԻ նախարարության համակարգում: Հաշմանդամություն ունեցող անձի համար Հայաստանում աշխատանք գտնելը թերևս ամենաբարդ խնդիրներից է, քանզի անհրաժեշտ պահանջները բավարարելու համար (կրթություն, տրանսպորտ և այլն) մեր երկրում դեռևս ստեղծված չեն բոլոր համապատասխան պայմանները:

–              Աշխատանք չէի կարողանում գտնել, որովհետև բոլորն ասում էին, որ ստաժ չունեմ: ՏԿԱԻ նախարարությունը միակ կառույցն էր, որն ինձ աշխատանքի ընդունեց առանց ստաժի մասին հարցնելու: Հիմա ես շատ ուրախ եմ, որ հայտնվեցի այստեղ ու շատ եմ սիրում իմ գործը: Իհարկե, սկզբում, երբ ինձ զանգեցին «Փյունիկ» հաշմանդամների միությունից ու ասացին, որ այն ժամանակ արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքի են ընդունելու սայլակավոր հաշմանդամների, չհավատացի` ես ու՞ր, փրկարարներն` ու՞ր… Բայց մի քանի օրից նորից, երբ զանգեցին ու ասացին, որ հրավիրում են հարցազրույցի, շատ զարմացա: Մտածում էի, թե ինչպես կարող  է Հայաստանում նման բան լինել: Բայց պարզվեց, որ կարող է… Դեկտեմբեր ամիսն էր, եկանք նախարարություն, հանդիպեցինք նախարար Ա. Երիցյանին: Շատ սրտաբաց ընդունեց մեզ ու ասաց, որ ոչ մի խնդիր չենք ունենա: Մենք էլ շրջեցինք տարածքում, ամեն ինչ շատ հավանեցինք ու անցանք աշխատանքի: Ավելին` նախարարը խրախուսում է մեր ակտիվությունը և աջակցում, որ զբաղվենք սպորտով, գնանք դասընթացների, մասնակցենք տարբեր միջոցառումների: Մեզ համար ոչ մի խոչընդոտ չկա: Հենց այս պահին ես ու իմ գործընկերներն անհամբեր սպասում ենք, որ նախարարության ակադեմիայում (Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա) պայմաններ ստեղծվեն, որպեսզի մենք էլ կարողանանք այնտեղ սովորել: Աշխատանքի սկզբում, իհարկե, մի քիչ դժվար էր մինչև ծանոթացա գործի նրբություններին: Շատ ծանր էի տանում, երբ տեսնում էի դեպքի վայրերից բերած նկարները (ՃՏՊ-ներ, վթարներ, տուժածներ), բայց ժամանակի ընթացքում քիչ-քիչ սովորեցի, հասկացա, որ դա էլ մեր գործի մի մասն է ու ընդգրկվեցի նախարարության «ընտանիքի» մեջ: Նախարարության տարածքը հանրապետությունում (Հայկական Կարմիր խաչի կենտրոնից բացի) միակ վայրն է, որտեղ սայլակավոր հաշմանդամների համար կան ազատ տեղաշարժվելու, մարզվելու և աշխատելու բոլոր պայմանները: Շատերը նույնիսկ չեն էլ հավատում, որ մեզ մոտ` նախարարությունում իսկապես ամեն ինչ այդքան լավ է: Շատերն ասում են, թե նախարարությունը մեզ աշխատանքի է ընդունել իր հեղինակությունը բարձրացնելու համար, բայց մենք հո տեսնում ենք, թե ինչքան գործ է արված, որը չի կարելի չնկատել ու գնահատել:

glxavor-Sevak-2

Աշխատանքից բացի` Սևակը ժամանակ է գտնում նաև տարբեր մարզաձևերով զբաղվելու համար: Շոտոկան կարատեով ու ֆուտբոլով նա զբաղվել է դեռևս փոքրուց, հետագայում` 2007 թ. «Փյունիկ» հաշմանդամների միությունում նրան առաջարկում են զբաղվել հաշմանդամային սպորտով և ընդգրկվել բասկետբոլի թիմում: 2009-ից Ս. Մխիթարյանը զբաղվել է նաև առագաստային սպորտով, թենիսով: 2011 թ. Լոնդոնում տեղի ունեցած հաշմանդամների առագաստային սպորտի աշխարհի առաջնությանը ներկայացրել է Հայաստանը:

–              Բոլորը զարմանում էին, թե Հայաստանն ի՞նչ երկիր է, ծով ունի՞, որ մասնակցում է առագաստային սպորտի մրցումներին: Քարտեզի վրա ցույց տվեցինք Հայաստանը, պատմեցինք, որ «Փյունիկ» հաշմանդամների միությունն ունի հատուկ հարմարեցված առագաստանավեր, որոնցով մենք ամռան ամիսներին Սևանա լճում մարզումներ ենք անցկացնում: Նույն ձևով միությունը փորձում է աջակցել նաև մյուս մարզաձևերի հարցում:   Օրինակ` մայիսի 8-ին Իրանի Սպահան քաղաքում տեղի է ունենալու հաշմանդամների բասկետբոլի միջազգային մրցաշար, որին 8 այլ երկրների շարքում առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը: Այդ թիմի կազմում ընդգրկված է ՀՀ ՏԿԱԻՆ 4 սայլակավոր հաշմանդամ աշխատակից: Հաշմանդամային սպորտն, իհարկե, թանկ հաճույք է, ու շատ խնդիրներ կապված են ֆինանսական միջոցների բացակայության հետ: Ես հասկանում եմ, որ մեր պետությունը սուղ միջոցներին ունի, բայց հուսով եմ, որ կգտնվեն բարերարներ, որոնք կարող են օժանդակել հաշմանդամային սպորտի զարգացմանը, քանի որ անընդհատ նստակյաց կյանք վարելով ավելի շատ խնդիրներ են առաջանում, ավելի շուտ ես հիվանդանում և այլն: Սպորտն օգնում է ցրվել առօրյա խնդիրներից ու հանգստացնել նյարդերը, պահպանել ֆիզիկական ակտիվությունը, ավելի իրատեսական մտածել, լավատես լինել, այլ ոչ թե մտածել, որ առավոտյան լույսի հետ պիտի նորից նստես այս սայլակին ու ոչինչ չկարողանաս անել:

 

Հաշմանդամների բասկետբոլի թիմը ձևավորելու ժամանակ Ս. Մխիթարյանը ծանոթանում է իր բախտակիցների հետ, որոնք հաշմանդամություն էին ստացել Արցախյան ազատամարտում: Մեկը ոտքերն էր կորցրել, մյուսը ձեռքը, երրորդը` ողնաշարն էր վնասել: Սակայն հիմնականում նրանց շնորհիվ Սևակը վերագտնում է իր տեղը կյանքում և շարունակում նայել առաջ:

–              Ես ու՞ր, խաղալն` ու՞ր, բասկետբոլի զամբյուղն` ու՞ր: Ասում էի` ես ո՞նց կարող եմ այնտեղ գնդակ նետել, բայց մարզիչս ասաց, որ չի կարելի այդպես ասել: Եթե դու չես նստել սայլակին կամ դեռ չես փորձել գնդակ նետել, ինչպես կարող ես ասել, որ չես կարող: Նրանք այնքան մեծ կամքի ուժ ունեին, ու ինձ այնքան շատ բան տվեցին կյանքում: Սկսեցի մարզվել, տեսա, որ այնքան էլ դժվար չէ ու հասկացա, որ կարևորը ցանկությունն է, ու եթե ուզենաս, ամեն ինչ կստացվի: Մինչ օրս էլ այդ տղաների հետ շատ լավ ընկերություն եմ անում, մի ընտանիքի պես ենք:

 

Վերջերս ՀՀ Ճապոնական կարատեի ասոցիացիայի նախաձեռնությամբ ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում կարատեի դասեր կազմակերպվեցին այնտեղ աշխատող սայլակավոր հաշմանդամների համար, իսկ ապրիլի 27-ից մայիսի 3-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվեց կարատեի վերապատրաստման և փորձի փոխանակման թեմայով միջազգային սեմինար-դասընթաց: Այն նախաձեռնել էր արևելյան մարտարվեստների «ZEN Fighters» մարզադպրոցը և մասնակցում էին Հայաստանի, Շվեյցարիայի, Իտալիայի, Ֆրանսիայի ու Հունաստանի շուրջ 30 ներկայացուցիչ: ՀՀ Ճապոնական կարատեի ասոցիացիայի պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակից Սևակ Մխիթարյանը:

 

Սեմինարի հիմնական նպատակն էր զարգացնել հաշմանդամություն ունեցող անձանց ինքնապաշտպանական հմտությունները և իրականացնել լավագույն փորձի փոխանակում: Սեմինարը վարում էր կարատեի սև գոտի 6-րդ դան Ջիանիս Կոուկոսը:

–              Դասընթացը շատ հետաքրքիր էր ու օգտակար, հագեցած թե տեսական նյութով, թե գործնական պարապմունքներով: Սեմինարի շրջանակում նաև հանդես եմ եկել ցուցադրական ելույթներով, և շատ տպավորված եմ կազմակերպիչների ու մարզիչների` հայերի նկատմամբ ընդգծված բարյացակամ վերաբերմունքով ու պատրաստակամությամբ: Սեմինարի հիմքում «ZEN Fighters» մարզադպրոցում արևելյան մարտարվեստի 4 տարբեր ոճերից սինթեզված կարատեի մի նոր ոճ էր, որն ավելի մատչելի ու կիրառական է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հնարքները մշակելիս հիմնականում հաշվի էին առնվել սայլակավոր հաշմանդամների կարիքները, քանի որ նրանց շարժունակությունն ամենաշատն է սահմանափակված: Հնարքներն այնպես էին մտածված, որ նույնիսկ կարիք չկա սայլակավոր հաշմանդամների համար առանձին դասընթաց անցկացնել: Նրանք մարզվում են բոլորի հետ միասին ու նույն ծրագրով: Մայիսի 10-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության հաշմանդամություն ունեցող աշխատակիցներն առաջին անգամ մասնակցելու են Երևանում կայանալիք կարատեի բաց առաջնությանը:

 

ՏԿԱԻ նախարարության «ընտանիքից» բացի Սևակն ունի նաև իր ընտանիքը` ծնողներ, քույր, եղբայր, կին և երկու զավակ, որոնք մշտապես նրա կողքին են, աջակցում և հպարտանում են նրանով:

–              Կինս Գյումրիից է: Աշխատում է «Փյունիկ» հաշմանդամների միությունում` որպես կամավոր ու անգլերեն է դասավանդում հաշմանդամ երեխաներին: Այնտեղ էլ նրան տեսա, սիրահարվեցի… Երկար ժամանակ ընկերություն էինք անում, բնական է, որ նրա ծնողները դժվարությամբ ինձ ընդունեցին, բայց հիմա ինձ շատ են սիրում, ես էլ նրանց եմ շատ սիրում ու հարգում: 2009 թ. ամուսնացանք, 2010-ին ծնվեց առաջին տղաս, 2014-ին` երկրորդը: Ունեմ շատ լավ ընտանիք` սիրելի կին, պաշտելի երեխաներ, որոնց համար պատրաստ եմ ամեն ինչի: Աշխարհում ամենալավ բանը, որ ունեմ, իմ ընտանիքն է:

ՀՀ ՏԿԱԻՆ հաշմանդամություն ունեցող աշխատակիցներից յուրաքանչյուրը կարող է օրինակ ծառայել շատերի համար: Միաժամանակ` նրանք լիահույս են, որ նախարարության օրինակն էլ իր հերթին վարակիչ կլինի մյուս կառույցների համար, որպեսզի իրենց բախտակիցները նույնպես կարողանան ապրել առավել լիարժեք կյանքով, հավատան իրենց կարողություններին ու կարողանան օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր դեռևս թերահավատ են սեփական ուժերի ու լուսավոր ապագայի հանդեպ:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031