Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդհանրական մկրտություն Մառնեուլի շրջանի Ախքյորփի գյուղում

Հունիս 07,2015 13:30

300 տարվա պատմություն ունեցող Մառնեուլի շրջանի Ախքյորփի հայկական գյուղը, հավատարիմ քրիստոնեական  հավատքին, միշտ իր կրոնական ծեսերն ու արարողությունները կատարում էր հնամյա ու գեղատեսիլ Խուճապի հայոց վանքում: Սակայն եկեղեցու պատկանելության հետ կապված խնդիրների հետևանքով, շուրջ 200 տնտեսություն ներկայացնող տեղի բնակչությունը  ներկայումս զրկվել է քրիստոնեական իր ծեսերն ու արարողությունները հավուր պատշաճի կատարելու հնարավորությունից:

Բնակչության հոգևոր կյանքը հագեցնելու նպատակով, Վիրահայոց թեմի առաջնորդարանի գործունեության արդյունքում տեղում կազմակերպվում են արտագնա Սուրբ Պատարագներ, Եկեղեցական տոնակատարություններ, հոգևոր արարողություններ: Դրանցից մեկը ընդհանրական մկրտությունն էր, որ Ախքյորփի գյուղում մեծ շուքով իրականացվեց 2015 թվականի հունիսի 6-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի ձեռամբ:

Առավոտյան վաղ մայրաքաղաքից Ախքյորփի ժամանած Վիրահայոց թեմի պատվիրակության, «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերի և բազում ուխտավորների մասնակցությամբ, գյուղի 1861 թվականի կառույց Սուրբ Աստվածածին քարաշեն եկեղեցու  բացօթյա տարածքում սկսվեց բնակչության  մկրտությունը հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր կանոններին համապատասխան:

Դիմելով հավաքված բազմությանը, հոգևոր Հայր Տեր Մանուկ քահանան, քարոզի խոսք ասաց օրվա խորհրդի՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելքի մասին և արժևորեց Մկրտության խորհրդով այդ օրը Ախքյորփի գյուղի քրիստոնյա բնակչության համար  անմոռանալի և տոնական դարձնելու կարևորությունը: Հոգևոր հայրը Մկրտության Սրբազան կանոններով քրիստոնեական Սուրբ մյուռոնով օծեց  յոթ տասնյակից ավելի տարբեր հասակի  երեխաների ու մեծահասակների, ահելների ու ջահելների:

Մկրտությունից հետո գյուղի հանրային դպրոցի հրապարակում, կրթօջախի տնօրենի պաշտոնակատար Վիոլետա Սուքիասյանի, գյուղապետ Գիգոլ Աթաբեկյանի օժանդակությամբ և Թբիլիսիից ժամանած «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի ղեկավարությամբ, «Տարոն» երիտասարդական համույթի, անհատ կատարողներ Աննա Պողոսովայի, Անի Հովհաննիսյանի, Ռուզաննա Միքայելյանցի, Հովհաննես Շահնազարյանի, Լիզա Թորոսյանի մասնակցությամբ ու Սերգեյ Արությունովի երաժշտական ձևավորմամբ տրվեց ճոխ համերգ: Հայկական ժողովրդական և ժամանակակից, ազգագրական և հայրենասիրական երգն ու պարը, հոգեթով ասմունքն ու ուրախ երաժշտությունը մինչև երեկո տարածվեց գյուղում: Ստեղծված բարձր տրամադրությունը վայելում էին բոլորը, միանալով հայկական ավանդական «Քոչարիին» և միասնական շուրջպարին, որը Թբիլիսիից ժամանած հյուրերի հետ միասին պարում էր գրեթե ողջ գյուղը:

Հընթացս համերգի,Լևոն Չիդիլյանը և Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը բոլոր մկրտվածներին շնորհավորեցին քրիստոնեական Սուրբ մյուռոնով օծվելու կապակցությամբ և անուն- առ անուն բաժանեցին Մկրտության վկայական:  Ի նշանավորումը տոնական օրվա և ընդհանրական մկրտության կատարվեց մատաղով հյուրասիրություն:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ

Եկեղեցու Վիրահայոց Թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930