Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը՝ Արծվիկ Մինասյանի մասին. «Հիստերիկ վիճակի մեջ է, հանդուրժող եղեք» (Տեսանյութ) 

Հունիս 09,2015 14:48

Այսօր ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր եւ նախագծի համահեղինակ Արծվիկ Մինասյանը վիճեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ:

Նա հայտարարեց, որ ընտրակեղծիքների մեջ իրենք են մասնագիտացված, որ իրավական անգրագետ հայտարարություններ է անում ամբիոնից եւ այլն:

Այս առնչությամբ Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Արծվիկ Մինասյանի բուռն արձագանքը Ձեր դիտարկումներին՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Պարզ երեւում է, որ ըստ էության, Դաշնակցության ձեռքով փորձում են Հանրաքվեի օրենքը այնպիսին դարձնել, որը կհեշտացնի իշխանության համար հանրաքվեի կեղծումը՝ հօգուտ այո դիրքորոշման»:

Մեր դիտարկմանը, որ Ձեզ ասացին, որ կեղծիքների մեջ եք մասնագիտացված՝ նա արձագանքեց. «Թող մի հատ օրինակ բերի»:

Մեր հարցին՝ եթե կա միմյանց նկատմամբ այդպիսի կարծիք, անվստահություն, գիտեն, որ Դուք կեղծիքների մեջ մասնագիտացված եք, ինչպե՞ս եք ժամանակին միմյանց հետ համագործակցել ընտրություններից առաջ՝ ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Այդ հարցը իրեն տվեք, ես չեմ ասել, որ ինքն այն ժամանակ կեղծարար էր»:

Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, որ իրավական անգրագիտություն է տարածում ԱԺ ամբիոնից Լեւոն Զուրաբյանը՝ նա պատասխանեց. «Դե լավ, մի քիչ հիստերիկ վիճակի մեջ է, ոչինչ, հանդուրժող եղեք»:

Լեւոն Զուրաբյանը բացատրեց, որ հանրաքվեի ժամանակ անվճար եթերաժամ տրամադրելու հարցի քննարկման ժամանակ ինքը երբեք չի ասել, որ 50 տոկոսն անվճար եթերի թող տան ՀԱԿ-ին. «Ինչն էլ այստեղ կեղծիքը իր կողմից: Մենք նախնական առաջարկ էինք արել, որ 75 տոկոսը թող տրվի խմբակցություններին, մնացածը՝ արտախորհրդարանական կուսակցություններին: Հետո քննարկումներ գնացին եւ ասացին, որ արտախորհրդարանականների համար շատ քիչ է 25 տոկոսը, մենք ասացինք՝ լավ, թող լինի 50 տոկոսը արտախորհրդարանականներին, մնացած 50 տոկոսը՝ խմբակցություններին: Հետո երբ որ դա էլ մերժեցին, որ խմբակցությունները ստանում են արտոնյալ ստատուս՝ արտախորհրդարանականների հետ համեմատած, մենք այլ առաջարկով հանդես եկանք, որը վերջնականապես դրված է պաշտոնական շրջանառության մեջ: Այդտեղ ասում ենք, որ խմբակցություններն ու դաշինքները բաժանեն իրար մեջ: 10-ից ավելի կազմակերպություններին միավորող դաշինքին տրվի հավասար ժամանակ այո-ի եւ ոչ-ի: Կարող է 30 կուսակցություն եւ հ/կ գան ասեն՝ անվճար ժամանակը տվեք մեզ: Այդպես փոշիացում կգնա: Դրա համար մենք ասում ենք թող միավորվեն: Արտասահմանում բոլորը խմբավորվում են այո-ի կամ ոչ-ի ընտրարշավի մեջ: Բայց քանի որ ՀՀ-ում դժվար է նման մեխանիզմ գտնել, մենք առաջարկեցինք, որ 10-ից ավելի հ/կ-ների կամ կուսակցությունների խմբավորող դաշինքը ստանում է 1 վստահված անձ նշանակելու հնարավորություն եւ անվճար եթեր Հանրային հեռուստատեսությամբ: Սա բոլորի համար ստեղծում էր հավասար հնարավորություններ: Ընդ որում, ամենահետաքրքիրը սա է, որ Արծվիկ Մինասյանը դրան դեմ չէր: Բայց իրենք գնացել են եւ այդ առաջարկները համաձայնեցրել են իշխանության հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930