Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստանիկ Մարուխյան. «Իմ մրցակիցն ինձ մրցակից չի համարում, այլ համարում է հակառակորդ». «Հրապարակ»

Հունիս 10,2015 10:36

Պոլիտեխնիկական համալսարանը միակն է ռեկտորի ընտրություն կատարող երեք բուհերից, որտեղ կա այլընտրանք: Խոսքը բուհի նախկին ռեկտոր, ՀՅԴ անդամ, 2003-ին նաեւ ԱԺ պատգամավոր, 69-ամյա Ոստանիկ Մարուխյանի մասի է: «Հրապարակի» հետ հարցազրույցում նա հերքեց տարածված շշուկները, թե իր հովանավորը կրթության եւ գիտության նախարար Աշոտյանն է:

– Ի՞նչ հույսով եք մտել պաշտոնավարող  ռեկտորի  հետ մրցակցության մեջ։ Ի՞նչ կասեք Աշոտյանի՝ Ձեզ հովանավորելու մասին։

– Իհարկե, դժվար է մրցակցել պաշտոնավարող ռեկտորի պայմաններում։ Երկար եմ մտածել եւ կշռադատել, նաեւ ի վնաս իմ ընտանիքի եմ եկել այս որոշման։ Ես լավ եմ ինձ զգում, ղեկավարելով միջուկային տարածաշրջանային կենտրոնը, իր բոլոր հնարավորություններով։ Այստեղ 4 ամիս միայն օնլայն ռեժիմով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Վիեննայից անցկացնում է դասընթացներ, եւ եթե որեւէ մեկ տեղ նման ձեռքբերում կլինի, թող ցուցադրեն։ Ինչ մնում է նախարարի հովանավորությանը, ինձ ճանաչող մարդիկ չեն կարող ասել, որ Մարուխյանն արկածախնդիր մարդ է եւ կարող էր հաշվարկ չկատարելով՝ մուտք գործել մրցակցային դաշտ։

– Այսինքն, նա Ձեզ սատարե՞լ է։

– Ոչ, հաշվարկ ասելով, ես նկատի ունեմ այն, որ հարցում եմ կատարել որոշ մարդկանց, իմ կոլեկտիվի, նաեւ դրսի, այլ շրջապատներում, նոր եմ որոշել առաջադրվել։ Բայց ես երբեք ինձ իրավունք չեմ վերապահի այդ հարցով դիմել որեւէ պաշտոնատար անձի։ Դա իմ գործելակերպի մեջ չկա։

– Չունե՞ք մտավախություն, որ հետագայում, եթե չհաղթեք, ճնշումների կենթարկվեք։

– Ասեմ ազնվորեն, որ իմ մրցակիցն ինձ մրցակից չի համարում, այլ համարում է հակառակորդ, որը ես չեմ ընդունում։ Կարող է նման բան անցնել մտքովս, բայց Պոլիտեխնիկը մեր տունն է։ Այդ տան պատերը կանգուն պահելու պատասխանատվությունն է իմ կրեդոն։ Կարող են սա չընդունել, ասել, որ հաղթելու եմ, կամ հակառակը՝ որ իմ ժամանակ դանդաղ էր զարգացումը գնում։ Մի բան կասեմ՝ մարդը պետք է օբյեկտիվությունը չկորցնի, մանավանդ՝ մտավորականը։ Անթերի մարդ հազվագյուտ կարելի է գտնել, ամեն մեկն էլ Պոլիտեխնիկի ռեկտորներից իր առավելություններն ու որոշակի բացերն է ունեցել։ Մենեջմենթն այսօր պահանջում է նոր մոտեցումներ, բայց երբեք չեք կարող ասել, որ ես հանիրավի, անարդարացի լուծումներ եմ տվել հարցերին։ Ես այսօր ինձ բռնացնում եմ այլ բանի մեջ՝ չափազանց բարի եմ եղել որոշ անձանց նկատմամբ։ Երբ որ տեսնում եմ, թե ոնց մարդը կարող է կերպարանափոխվել…  Խոսքը պաշտոնատար անձանց մասին է, բայց ոչ վերին օղակների։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930