Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու տեղական ընտրությունները «աննկատ» անցան

Հունիս 13,2015 14:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման
քննարկում են ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը  եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Արամ Աբրահամյան.– Կարծես թե կիրակի օրն անցած տեղական ինքնակառավարման ընտրություններն առանձնապես հետաքրքրություն չեն ներկայացրել հասարակության համար: Այդպե՞ս է, թե՞ այդպես չէ, եւ եթե այդպես է, ապա ինչո՞ւ:

Հովհաննես Սահակյան.- Պետք է խնդիրը դիտարկենք երկու ուղղությամբ: Շահագրգիռ մարդիկ, քաղաքական թիմերը դարձրեցին քննարկման թեմա, իսկ ընդհանուր առմամբ կարծես թե հասարակությունը շատ բուռն չքննարկեց: Դա եւ լավ է, եւ վատ է: Կարեւորն այն է, որ ընտրական մշակույթ է ձեւավորվում, երբ որ թիմերն իրենք են վերահսկում հենց բուն ընտրական պրոցեսը: Օրինակ՝ Աբովյան եւ Ալավերդի քաղաքներում բավականին թեժ ընտրապայքար էր, եւ ցանկացած՝ թեկուզ մեկ փոքրիկ սխալի կամ թերացման դեպքում իրենք լրատվամիջոցների միջոցով փորձում են բարձրաձայնել: Եթերի սահմանափակում չկար, որպեսզի լսելի կամ հասանելի դարձնեին խնդիրները, նախապես պատրաստվել էին, ամեն ինչ ընթանում էր իր հունով, միգուցե նաեւ սա է պատճառը, որ որոշակի շահարկումներ կամ քննարկումներ չկային՝ բացառությամբ ԱԺ-ի մի քանի դրվագի, որն էլ ոչ մի կապ չուներ ՏԻՄ ընտրությունների հետ:

Ա. Ա.- Ձեր տեսակետը, ինչո՞ւ չքննարկվեց:

Արմեն Մարտիրոսյան.– Ես գործընկերոջս հետ մեկ հարցում համաձայն եմ, որ իսկապես, որոշակի մշակույթ ձեւավորվել է ընտրական ՏԻՄ ընտրությունների հետ կապված: Ցավոք սրտի, այդ մշակույթը դրական չէ, ինքը ըստ էության ամբողջովին դարձավ ապաքաղաքական, ամբողջովին վերահսկելի իշխանությունների կողմից: Ըստ էության ՏԻՄ-ը, որպես տեղական ինքնակառավարման օղակ, չկայացավ, որովհետեւ բոլոր լիազորությունները, ըստ էության, տրվեցին մարզպետներին, ամբողջ ֆինանսական հոսքերը հսկում են մարզպետները, նշանակումներ ըստ էության կատարում են մարզպետները, ընդհուպ մինչեւ դպրոցի տնօրեն, ուսուցչական կազմ: Դա բոլորս գիտենք, կոռուպցիոն ռիսկերի մասին էլ չեմ ասում:

Ա. Ա.- Դուք ուզում եք, որ գյուղապե՞տը նշանակի դպրոցի տնօրեն:

Ա. Մ.– Ես ուզում եմ, որ մեր կրթության համակարգը լավը լինի, որ դպրոցը անկախ լինի: Հիմա գալով հենց ՏԻՄ ընտրություններին՝ ասեմ, որ ընդդիմությունը տեսաք, որ չմասնակցեց, եւ իսկապես այդպիսի խոսակցություն խոշոր հաշվով չկար այս ընտրությունների հետ կապված, թեեւ բավականին կարեւոր քաղաքներ էին:

Ա. Ա.– Ով էր ձեր ձեռքը բռնել, որ չմասնակցեք:

Ա. Մ.- Մեր ձեռքը բռնել էր միայն մի պարզ հանգամանք, որ սա քաղաքական ընտրություն չէ, իսկ կուսակցությունները, այն էլ ընդդդիմադիր կուսակցությունը քաղաքական պրոցեսի է մասնակցում, երբ հնարավորություն է ընձեռվում քաղաքական այլընտրանք ներկայացնել, հնարավորություն է լինում քաղաքական պայքար տանել, հնարավորություն է լինում որոշակի առումով մարդկանց համախմբել, մղել դեպի պայքարի: ՏԻՄ ընտրությունները տարիներ շարունակ հետեւողական այս քաղաքականության շնորհիվ բերեցին նրան, որ արդեն ՏԻՄ մակարդակում այլեւս անիմաստ է պայքարել, որովհետեւ նույնիսկ եթե դու ինչ-որ հրաշքով՝ անկախ որեւէ թեկնածուի, որեւէ գյուղապետարանում անցկացնես, ինքը կարճ ժամանակում միանշանակ դառնում է մարզպետի կախյալ անձը:

Հ. Ս.- Մի հարց՝ 2013 թվականի նախագահական ընտրություններից այս կողմ այդ 3 խոշոր քաղաքներից՝ Ալավերդի, Աբովյան եւ Արտաշատ. որտե՞ղ է «Ժառանգությունը» որեւէ գործունեություն ծավալել:

Ա. Մ.- Բոլոր վայրերում «Ժառանգությունը» գործունեություն ծավալել է, ես ուղղակի հիշեցնեմ, որ 2013 թվականին նախագահական ընտրություններում եւ Արտաշատում, եւ Աբովյանում Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես հաղթել էր, ոչ պաշտոնապես ինչքան շատ է հաղթել՝ դա դնում ենք մի կողմ, ես պաշտոնապեսի մասին եմ ասում:

Քննարկումն`  ամբողջությամբ

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930