Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պետք է սկսվեին խաղերը, տագնապ հնչեց, որ տարածքում հրդեհ է բռնկվել

Հունիս 14,2015 11:30

ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի կազմակերպած միջոցառումների շրջանակում՝ հունիսի 12-ին Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղում և Կովսական քաղաքում կայացավ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, որն անցկացրեց շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը:

Մրցույթը կայացավ մի քանի մարզաձևերից՝ փոխանցումավազք, գնդակի նետում բասկետբոլի ցանց, «Հաղթանակ» բառի հավաքում, հեռացատկ տեղից, հրաձգություն և այլն:

Յուրաքանչյուր ընտանիք ներկայացնում էր ծնողներ և 1 երեխա: Այգեհովիտում մրցույթին մասնակցեցին մարզական ընտանիքներ Այգեհովիտից, Ուռեկանից (4 ընտանիք), Տիգրանավանից, Սարատակից, Մեղրաձորից (Աղանուսի համայնք):

DSCN8219

Մրցույթի քարտուղար, շրջվարչակազմի աշխատակազմի ՄԵ բաժնի աշխատակից Արմեն Պետրոսյանը և գլխավոր մրցավար Վլադիկ Միրզոյանը ներկայացրեցին կանոնները, և սկսվեց բավականին ուրախ ու մրցակցային պայքար: Ծնող, թե մանուկ ձգտում էին վայրկյան առաջ կատարել վարժությունը, դառնալ հաղթող: Կովսականում մրցույթին մասնակցեցին 5 ընտանիք՝ բոլորն էլ քաղաքից:

Այստեղ, երբ պետք է սկսվեին խաղերը, տագնապ հնչեց, որ տարածքում հրդեհ է բռնկվել, և քաղաքից շատ տղամարդիկ, այդ թվում նաև մրցույթի մասնակից ընտանիքների հայրերը՝ մեկնեցին հրդեհի վայր: Նրանց հետ հասանք տեղ, բարեբախտաբար մեծ չէր վնասը: Դեպքի վայրում էին շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, որը ղեկավարում է նաև հացահատիկի բերքահավաքն անկորուստ իրականացնելու և հակահրդեհային շտաբը, Կովսականի, Միջնավանի քաղաքային, Վանի գյուղական համայնքների ղեկավարները, բնակիչներ, մոտակա սահմանապահ ուղեկալի զինվորականները և մեկ հրշեջ մարտական հաշվարկ:

DSCN8328

Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ Անդրանիկ Գևորգյանը տեղեկացրեց, որ օգնության են եկել Քաշաթաղի շրջան՝ մասնակցելու հակահրդեհային շտաբի աշխատանքներին և տեղակայված են Կովսականի սարահարթի հենակետում: Իմանալով հրդեհի մասին՝ մարտական հաշվարկը տեղ է հասել և մեկ ժամի ընթացքում միասնաբար հանգցրել են հրդեհը: Շրջվարչակազմի ղեկավարը գոհ էր հրդեհաշիջման մասնակիցներից:

Վերադարձանք Կովսական, և Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցի բակում՝ հերոսի կիսանդրու մոտ, վերսկսվեց մրցույթը, որը նույնպես անցավ թեժ պայքարում, լարված և ամենակարևորը՝ ուրախ ու համերաշխ: Շրջվարչակազմի աշխատակազմի ՄԵ բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը, որը նույնպես ներկա էր մրցույթներին, տեղեկացրեց, որ արդյունքները կամփոփվեն մրցույթի՝ Բերձորում անցկացնելուց հետո: 1-3-րդ տեղեր գրաված ընտանիքները կստանան դրամական պարգև, իսկ 1-ին տեղի ընտանիքը կմասնակցի Ստեփանակերտում կայացող հանրապետական փուլին:

DSCN8185

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930