Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորների «կումիր» Հենրիխ Մխիթարյանը, վիճելի 11 մետրանոցն ու Շահեն Հարությունյանը

Հունիս 18,2015 16:30

Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային
խաղի ընթացքը մեկնաբանում են ԱԺ պատգամավորները

Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղին հենց մարզադաշտում հետեւում էին բազմաթիվ քաղաքական գործիչներ, պատգամավորներ: «Առավոտի» հետ զրույցում մեր թիմի սխալների, ինչպես նաեւ Շանթ Հարությունյանի որդու քաղաքական ակցիան մեկնաբանեցին ԱԺ փոխխոսնակներն ու պատգամավորները: Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը մարզադաշտ էր վազել եւ ցուցապաստառով գրավել Կրիշտիանու Ռոնալդուի ուշադրությունը՝ ազատություն պահանջելով հոր համար: Նրան տարել էին բաժին, իսկ Շահեն Հարությունյանի մայրը Ֆեյսբուքում գրառում էր արել, որ որդուն անմարդկային ծեծի են ենթարկել այդ ակցիայի համար:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ որպես հայ, որպես հայր՝ հպարտանում է Շահենի արարքով. «Շատ ուրախ եմ, որ Շանթը այդպիսի որդի է դաստիարակել: Դա շատ գեղեցիկ ակցիա էր, եւ աշխարհի ուշադրությունը սեւեռեց Շանթ Հարությունյանի վրա: Դա տեղ հասավ, արձագանք ունեցավ, «Վաշինգտոն փոստն» անդրադարձավ, մի շարք թերթեր: Ինքը իր նպատակին հասավ, իսկ ոստիկանության բռնությունները ահավոր դատապարտելի են»:

Ինչ վերաբերում է մեր թիմի խաղին՝ պարոն Արզումանյանն ասաց. «Վատ խաղ չէր: Սխալներ կային, իհարկե, շատ կուզենայինք, որ հաղթեին, բայց ամոթ չէր, լավ խաղ էր: Մեր պաշտպանությունը այս սեզոնում պրոբլեմներ է ունեցել բոլոր խաղերում: Դրա հետ կապված խնդիրներ ունենք: Ցավոք, այդպիսի սխալների պատճառով գնդակներ ընդունեցինք, բայց թիմը էնտուզիազմով էր խաղում: Հուսանք՝ կկարողանան այսպես շարունակել եւ ապագայում հաջողություններ գրանցել»:

Մեր հարցին՝ մեր թիմում հոգեբանական խնդիրներ կա՞ն, բարդույթներ ունե՞ն հատկապես գերաստղերի հետ խաղալիս՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Չէ, նման խնդիր չկար, որովհետեւ աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ խաղում էր եւ հավասարը հավասարի հետ խաղ էր տանում: Մի սքանչելի, հիասքանչ գնդակ խփեց Մարկոսը, որով միայն կարող ենք հիանալ»:

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ մեր թիմին ոչինչ չէր պակասում, միայն հաջողությունը՝ ֆորտունան. «Շատ գեղեցիկ խաղ էր, շնորհակալ եմ Սարգիս Հովսեփյանին, որ մեր թիմի կոմբինացիոն դիտարժան խաղը վերադարձրեց մեր մարզասերներին: Որակով լրիվ այլ խաղ էր: Եթե չլինեին պաշտպանության 1-2 սխալները, Պորտուգալիան որեւէ գոլ խփելու ռեալ շանս չուներ: 11 մետրանոցը վիճելի էր շատ նման հաշվի դեպքում, մանավանդ գնդակը հեռու էր, 11 մետրանոց այդ դեպքերում հաճախ չեն նշանակում: Իհարկե, ճնշումը մեծ էր, որ Ռոնալդուն էր խաղում: Կարեւոր էր, որ մեր թիմը չկոտրվեց, պայքարեց: Բայց ճիշտ հաշիվը պետք է ոչ-ոքի լիներ»:

Նա ասաց, որ ֆուտբոլային խաղի ժամանակ քաղաքական ակցիաները չի ուզում մեկնաբանել: Իսկ Շահեն Հարությունյանին անմարդկային ծեծի ենթարկելու գրառումը նա կասկածի տակ առավ. «Ես Շահեն Հարությունյանի վիդեոն նայել եմ, մարդը շատ ուրախ ոստիկանությունից դուրս է եկել, ո՞նց են ծեծի ենթարկել»:

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի խոսքերով՝ «Մեր թիմի խաղը շատ արդյունավետ էր, ես շատ տպավորված եմ: Մեր խնդիրը առաջին 30 րոպեից հետոն է, տեխնիկական պատրաստվածությունը: Պորտուգալիայի հավաքականում միջազգային կարգի աստղեր են, պետք է հաշվի առնել: Անկեղծորեն տպավորված եմ նաեւ մեր տղաների խաղով, նրանց վարպետությամբ, հատկապես՝ Հենրիխ Մխիթարյանը: Այն աստղերը, որոնք այնտեղ էին, անունները չտամ՝ չէին զիջում որեւէ մեկին՝ իրենց ֆուտբոլային հնարքներով եւ մակարդակով ու բոլոր առումներով»:

Թե ի՞նչն էր պակասում մեր թիմին, ըստ Հովհաննես Սահակյանի՝ պակասում է մեզ փորձը. «Գնդակը երբ որ մեր ձեռքում է, արագ կողմնորոշվենք, թե ինչ ենք ուզում եւ ինչ ենք անում: Մերոնք փորձի պակաս ունեն, չնայած այդ խաղի հաշիվը՝ 3:2-ը, նորմալ էր: Ընդունում եմ, բարոյական հաղթանակների ժամանակը կարծես թե անցել է, բայց ֆուտբոլը լավն էր, հետաքրքիր էր, արժանապատիվ էր»:

Շահեն Հարությունյանի ակցիայի եւ նրան ծեծելու հետ կապված Հովհաննես Սահակյանը նույնպես ասաց, որ տեսանյութում Շահենը այդ մասին տարօրինակորեն ոչինչ չասաց, դա ամենահարմար պահը կլիներ, եթե խոսեր. «Աշխարհում շատ են լինում դեպքեր, երբ երկրպագուները վազում են մարզադաշտ, մեկը իր սիրած ֆուտբոլիստի համար է անում, մեկը ուշադրություն է փորձում գրավել: Դա ընդունված կարգ է, համապատասխան միջոցներ են ձեռնարկում եւ դաշտից դուրս են հանում: Շահեն Հարությունյանին, եթե չեմ սխալվում, 2-3 ժամ հետո բաց են թողել բաժնից: Եթե որեւէ ծեծ եղել է, թող դիմեն իրավապահ համակարգին, նաեւ ապացույցները, վստահ եմ՝ հետեւանքներ կունենա, որովհետեւ մեր ոստիկանությունը այլ ոճով է աշխատում»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի խոսքերով՝ «Շատ ցավեցինք, որ մեր թիմը պարտվեց, բայց, այնուամենայնիվ, նշեմ շատ կարեւոր հանգամանք՝ մինչեւ վերջին վայրկյանը շատ մարտականորեն տրամադրված եւ շատ ազնիվ ձեւով մեր թիմի տղաները կատարել են իրենց աշխատանքը: Լավ կլիներ, որ շարունակաբար կատարելագործեին տեխնիկական պատրաստվածությունը, հրաշալի կլիներ, որ թիմային համագործակցությունը ավելի լավ լիներ: Բայց այս նվիրվածությունը հաղթանակին, գործին՝ անթերի էր, կատարյալ էր: Ես չեմ մտածում, որ պետք է առաջին իսկ պարտությունից կամ անհաջողությունից հուսախաբ լինել եւ թեւաթափ լինել: Ուզում եմ, որ մեր տղաները թեւաթափ չլինեն, իրենք գեղեցիկ ֆուտբոլ խաղացին, իրենք խաղին ու հաղթանակին նվիրված՝ մինչեւ վերջին վայրկյանը մարտնչեցին»:

Ըստ տիկին Նաղդալյանի՝ միայն Ռոնալդուն բավական է, որ անհաջողության մատնի բազմաթիվ թիմերի. «Լավ կլիներ, որ մեր տղաները բարձր տեխնիկական խաղ ցուցաբերեին»: Իր սիրելի ֆուտբոլիստների մասին խոսելիս Հերմինե Նաղդալյանն ասաց. «Հենրիխ Մխիթարյանը, իհարկե, մեր կումիրն է: Շատ լավ խաղ է ցուցաբերում Արաս Օզբիլիզը, հրաշալի մտածողություն ունի եւ գեղեցիկ խաղ է ցուցաբերում: Հրաշալի խաղաց նաեւ Մարկոս Պիզելին եւ, իհարկե, Մկոյանը, որի գնդակը նույնպես շատ գեղեցիկ էր»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930