Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւոսիկի եղբոր գործով հարցաքննվեց Իսոյի ընկերոջ կինը

Հունիս 19,2015 17:39

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի սպանության գործի քննությունը: Դատարանում այսօր էլ հարցաքննվեցին մի խումբ վկաներ:

Հիշեցնենք՝ 2014թ. հունվարի 27-ին անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել և սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբորը:

Սպանության մեջ մեղադրվում է Իսրայել Սարգսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (հանցագործության կազմակերպիչ, սպանություն` կատարված պատվերով) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն):

Հարցաքննվողներից մեկն էլ Արմինե Մաթեւոսյանն էր՝ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի ընկերոջ կինը, սանիկների մայրը:

Մեղադրողը հետաքրքրվեց, թե Իսրայել Սարգսյանն ինչ հեռախոսահամարից է զանգել իրեն ու այդ ժամանակ նա ինչ հեռախոսահամարներ ուներ: Կինը պատմեց, որ երեխաների քավորն իրեն զանգել է, որովհետեւ այդ ժամանակ ամուսինն արտագնա աշխատանքի էր, եւ քավորը պարբերաբար զանգահարում ու հետաքրքրվում էր՝ ինչպես են: Հետո ասաց՝ չի ֆիքսել ինչ հեռախոսահամարից է զանգել քավորը:

Հրապարակվեց Արմինե Մաթեւոսյանի նախաքննական ցուցմունքը: Նախաքննական ցուցմունքում վկան պատմել էր, որ Հայաստանում եղած ժամանակ ամուսինը օգտագործել էր այն հեռախոսահամարը, որին զանգահարել էր Իսրայել Սարգսյանը, դատարանում այդ մանրամասնը տիկինը չէր հիշում ու ցուցմունքի հրապարակումից հետո դատախազի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ չի ֆիքսել հեռախոսահամարները. «Չեմ պատկերացրել, որ այս իրավիճակում կհայտնվեմ, որ ինչ-որ բան հիշեմ, ի՞նչ ասեմ»:

Դատախազի ճշտող հարցին, թե ճի՞շտ էր նախաքննական ցուցմունքը, տիկինը հաստատեց:

Տիկինն էլ դժգոհեց՝ «Զարմանում եմ, որ մեկ տարի անցնում է, դուք հարցեր եք տալիս, թե ում հեռախոսահամարից, ինչ հեռախոսահամարից են զանգում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930