Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ պիտի հայի վերջին խելքն օգտագործենք

Հունիս 22,2015 13:30

Փորձանքը գալուց առաջ

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անպատասխանատու հայտարարություն է արել լրագրողներին. «Պետությունը չի կարող սիրիահայերի համար տուն կառուցել…»:
Սա նախարարին, այն էլ սփյուռքի նախարարին ոչ հարիր քաղաքական լյապսուս է: Ասես՝ առեւտրի ինչ-որ «օբյեկտի» տեր արդարանում է, թե իր եկամուտները էնքան քիչ են, որ ինքը մեծ ծավալի բարեգործություն չի կարող անել:

Տիկին Հրանուշը նույնպես երեք տարի առաջ համոզում էր, որ «Մայր գաղութը» պետք է պահպանել ամեն գնով, եւ այդ օրերին, երբ Հալեպում դեռ զանգվածային ավերիչ հրետակոծություններ չկային, այլ պարենի խնդիր կար, Հայաստանից պարենի որոշակի մի խմբաքանակ ուղարկվեց մեկ, թե երկու ինքնաթիռով, եւ դրանով ավարտվեց այդ առաքելութունը: Այդ ժամանակ ես իմ մի հոդվածում փաստարկում էի հայրենադարձության հույժ կարեւորությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության, տնտեսության եւ մանավանդ՝ սիրիահայերին սպասվելիք ռազմական գործողությունների վտանգից փրկելու եւ կանխելու՝ մեկ անգամ եւս նրանց աշխարհով մեկ ցրվելը:

Մենք եթե այդ ժամանակ անգամ դրամահավաք կազմակերպեինք՝ մեկ հայ՝ ամսական մեկ դոլար, ապա այսօր երկրաչափական պրոգրեսիայով աճող մի գումար կունենայինք, որով կկարողանայինք մեր հայրենակիցներին փրկել վարձով ապրելու հոգսից ու նյութական բեռից, տնավորել եւ ապահովել Հայրենիքում մնալու նրանց կապվածությունը: Ես դարձյալ իմ հոդվածներից մեկում գրել եմ, որ այսօր Երեւանում այնքան շատ դատարկ բնակարաններ կան, որ լիովին կբավարարեն հայրենադարձ հալեպահայերին տեղավորելու:

Այսօր այդ բնակարանների վրա ներդրում կատարած սեփականատերերի միլիոնները ոչ թե քնած կապիտալ են, այլ մեռած: Մի՞թե տնտեսագիտորեն եւ տնտեսապես ավելի շահեկան չէ փրկել կապիտալն իսպառ ոչնչացումից՝ վարկով տրամադրելով սիրիահայերին, քան չբնակեցնել այդ բնակարանները եւ այդպիսով կորցնել ե՛ւ ներդրած նախնական փողը, ե՛ւ գումարած՝ այս տարիներին դոլարի տատանումներից պարբերաբար առաջացող կորուստները: Կարծում եմ՝ ոչ ոք բարոյական եւ քաղաքական իրավունք չունի հայտարարելու, որ պետությունը չի կարղ սիրիահայերի համար տներ կառուցել: Այդպիսի հայտարարությունը քաղաքական կոպիտ բացթողում է…

Մեր երկիրը՝ որպես պետություն, պարտավոր է տեր կանգնել իր ժողովրդին՝ աշխարհի որ երկրում էլ նրանք ապրեն…. Հիշեցնեմ. 90-ական թվականներին, երբ մերձբալթյան պետություններում ապրող ռուսախոս կամ ռուս բնակիչներից տվյալ երկրի օրենքով պահանջել էին պետական լեզվի իմացություն, հակառակ դեպքում նրանք քաղաքացիություն չէին ստանա, Ռուսաստանի Դաշնությունը՝ նախագահի մակարդակով, նոտա էր հղել՝ ի պաշտպանություն իր ազգակիցների: Մեր հայրենակիցներին սպանում են, ավերում են նրանց տներն ու ունեցվածքը, դարձնում են փախստական, սակայն Հայաստանի կառավարությունը եւ նախագահը ոչ մի միջոց չեն ձեռնարկում: Մինչդեռ պետք էր գոնե այս տարի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի թեժ օրերին, խաղարկել ու շահարկել սիրիահայերի խաղաքարտը. չէ՞ որ նրանք այդ նույն Ցեղասպանության զոհերի սերունդներն են, որ դարձյալ ու վերստին աշխարհի անտարբեր աչքի առաջ ենթարկվում են բռնության:

Այսօր Հայաստանում ժողովրդագրական վիճակն այնքան է սրվել, որ մեր պետությունն ամեն ինչ պիտի անի, որ ոչ միայն կասեցնի արտագաղթը, այլեւ խթանի հայրենադարձությունը: Ժողովրդագրության աճը փրկարար կլինի Հայաստանի Հանրապետության համար ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմական, ե՛ւ ներքին բարոյահոգեբանական, ե՛ւ քաղաքական-դիվանագիտական ռազմավարության հարցում:
Վերջին 25 տարիներին մեր երկիրը մեծ կորուստներ ունեցավ:

1988-ի երկրաշարժը տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր տարավ. այդ կյանքերի հաշվով էլ պակասեց բնական աճը` զոհված մեկ մարդը գոնե երեք երեխա ունենալու հեռանկարով։

Բնական աղետի բերած կորստին ասես փոխարինելու եկան Ադրբեջանից բռնագաղթած հարյուր հազարավոր հայեր: Նրանց մի մասը բարձրագույն կրթությամբ, ժամանակակից մասնագիտությամբ, լեզուների իմացությամբ մարդիկ էին, մյուսները՝ բանվոր, արհեստավոր, հողի մշակ: Հայաստան եկան շատ երեխաներ ու երիտասարդներ՝ հիմնականում ռուսախոս: Չհասկացանք, որ պետք էր գոնե այդ երեխաներին փրկել ու վերադարձնել հայկական հոգեւոր-մշակութային եւ լեզվական միջավայր: Մեր կորցրածին համազոր, դեռ մի բան էլ ավելի՝ մոտ 500 հազար հայ, Աստծո հրամանով, եկավ Հայաստանի բնակչությունն ավելացնելու։ Բայց նրանց մեկ քառորդն էլ չմնաց Հայաստանում։ Եվ քարավանները նորից շարժվեցին։ Իհարկե, 1988-90թթ. Հայաստանի համար ծանր տարիներ էին. աղետի գոտի, չհայտարարված, բայց իրական պատերազմ, հետո՝ ցուրտ ու մութ եւ պատերազմի սուգ։ Երկրում ոչ միայն հասարակական-քաղաքական անբարենպաստ պայմաններ էին, այլեւ մեր ժողովրդին չկարողացանք հոգեբանորեն պատրաստել՝ ընդունելու իր դժբախտ հայրենակիցներին եւ կիսելու նրանց հետ օր օրի պակասող հացի պատառն ու աշխատատեղը։ Գրեթե նույնությամբ կրկնվեց պատերազմից հետո՝ 1946-48թթ. հայրենադարձության հետ կապված իրավիճակը։
Ցավոք, այդ տարիներին ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ մտավորականներն ու մամուլը բավարար աշխատանք չտարան՝ բռնագաղթվածների համար հարազատ միջավայր նախապատրաստելու։ Հիմա Հայաստանում իրավիճակն առավել կայուն է. փա՜ռք Աստծո, չկա համատարած պատերազմ, թանկությունը բնորոշ է շատ երկրների: Ցանկության եւ ճիշտ կառավարման պարագայում հնարավոր է Հայաստանում զարգացնել ե՛ւ գյուղատնտեսությունը՝ երկիրը պահող հիմնական քարշող ուժը, ե՛ւ արդյունաբերությունը՝ իր տարբեր եւ հնարավոր ճյուղերով:

Եթե չենք կարողանում Սփյուռքի մտավոր, քաղաքական, նյութական կարողություններն ի նպաստ մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական անվտանգությանը եւ տնտեսական հզորացմանը ծառայեցնել՝ բառիս ոչ թե սպառողական իմաստով, այլ այնպես, ինչպես դա անում են մեծ սփյուռք ունեցող ազգերը, ապա արդարացված չէ անկախ պետություն ունենալու պարագայում պահել սփյուռքը եւ հորջորջել Մայր գաղութ, որ վիրավորական հասկացություն է: Այն Ցեղասպանության հետեւանք է եւ հարյուրամյա չփակված վերք: Իսկ անկախ Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած հայերով ստեղծված նորագույն սփյուռքը 25 տարիների ընթացքում մեր բոլոր իշխանությունների կողմից վարած տնտեսական, իրավական եւ դիվանագիտական, բարոյահոգեբանական, արտաքին ու ներքին սխալ եւ հանցավոր քաղաքականության հետեւանք է եւ ամենաիսկական քրեորեն եւ պատմականորեն պատժելի հանցանք՝ սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ:

Հիմա էլ կան քաղաքական եւ հոգեւոր «առաջնորդներ», որոնք պնդում են, թե Սիրիայի հայ գաղութը, հատկապես հալեպահայ «գաղութը», այսինքն՝ բանտարկվածի եւ պատանդի վիճակը, ամեն գնով պետք է պահպանենք, որովհետեւ այնտեղ կան բազմաթիվ ազգային կառույցներ՝ եկեղեցիներ, բարեգործականներ ու դպրոցներ, խանութներ ու գրասենյակներ ու……իսկ այսօր… ոչինչ ունենք….Իսկ հետո, երբ խաղաղվի, մի քանի տասնյակ տարի հայերը, մնալով գաղթօջախում, դարձյալ պիտի շարունակեն Սիրիայի տնտեսության վերականգնման ծանր բեռը վերցնել նաեւ իրենց ուսերին, ինչպես որ դա արել են 100 տարի… եւ այսօր վտանգված է ոչ միայն նրանց գույքը, այլեւ կյանքն ու ապագան:
Իսկ Հայաստան պետությունը ժողովրդագրական ահռելի եւ անլուծելի խնդրի առաջ է կանգնած: Խորհել է պետք: Այսօր մեր երկիրը դարձյալ կանգնած է հայրենադարձության բարդ, բայց ժողովրդագրական խնդիր լուծող փաստի առաջ։ Սիրիահայ գաղութը փլուզվում է։ Աշխարհը երախը բաց սպասում է «արյան թարմ ու առողջ հոսքի». աշխատող ու ստեղծագործ հայեր են գալիս՝ ո՞վ չի ուզի իր հարկատուների թիվը շատացնել։ Մանավանդ, որ մեծ թվով սիրիահայեր արտագաղթել են արդեն Գերմանիա եւ Շվեդիա: Մինչդեռ մենք այսօր պիտի անհանգստանանք մեր հայրենակիցների կյանքի եւ գույքի անվտանգության համար եւ բարեբախտություն համարենք, որ ունենք պետություն եւ կարող ենք տեր կանգնել կյանքն օտարության մեջ ապրած եւ իրենց հոգեւոր, մտավոր, բարոյական կարողությունները օտար երկրին բաշխած մեր հայրենակիցներին խաղաղ ու անվտանգ կյանքով ապահովելուն:

Պատմությունը կրկնվում է, պարոնա՛յք իշխանավորներ, եւ այսօր մենք ենք որոշելու՝ կկարողանա՞նք փրկել օտարության մեջ ապրող մեր հայրենակիցներին աշխարհով մեկ հերթական անգամ սփռվելուց եւ ուծացումից՝ հոգեւոր, մտավոր, բարոյական կորուստներով հաստատված, թե՞ հայի վերջին խելքով՝ կորուստները կհաշվենք ու կմորմոքանք:

ՄԱՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930