Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ մարզիկները գալով Բաքու՝ դարձան Եվրոպական խաղերի ամենամեծ հաղթողը

Հուլիս 07,2015 14:46

Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, Բաքվի Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը եւ պատվիրակության մամուլի քարտուղար, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն ամփոփեցին Խաղերը:

Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ՀԱՕԿ-ը Խաղերին մասնակցելու պատասխանատվությունը վերցրեց իր վրա եւ ապացուցեց, որ միջազգային կառույցների հետ ճիշտ աշխատելու դեպքում կարելի է Հայաստանի միջազգային հեղինակությունն անհամեմատ բարձրացնել: «Իսկ եթե մենք առաջնորդվեինք տարբեր մարդկանց ասեկոսեներով, ՀԱՕԿ-ը միջազգային մարզական ընտանիքում ետ կգցեինք առնվազն 10 տարով: Այսօր մենք ունենք մեծ հեղինակություն, համախոհների մեծ բանակ: Իհարկե, ոչ մեկիս համար էլ հաճելի չէր Բաքու գնալ: Սակայն այս խաղերն ապացուցեցին, որ հնարավոր է՝ պայմանավորվածությունները, որ մենք ունեինք ՄՕԿ-ի ու ԵՎՕԿ-ի հետ, ճիշտ աշխատելու դեպքում պահպանվեն: Մենք չխուսափեցինք այդ պատասխանատվությունը վերցնել մեր ուսերին, այն երաշխիքները, որ մեզ տրվել էին թե անվտանգության, թե առավելագույնս ազատ զգալու համար, տեսանք Բաքվում, ինչի համար շնորհակալ ենք թե Թոմաս Բախից, թե Պատրիկ Հիկիից:

Այնտեղ ամեն օր մեզ մոտենում էին տարբեր ԱՕԿ-ների նախագահներ եւ շնորհակալություն հայտնում մեր մասնակցության համար՝ նշելով, որ մեր այս քայլն արդեն իսկ հաղթանակ է եւ բնորոշ հաղթանակած երկրի ուժեղ մարդկանց: Մենք մշտապես նաեւ աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էինք, որոնք նշում էին, որ Հայաստանի պատվիրակությունը, հայ մարզիկները գալով Բաքու՝ դարձան Եվրոպական խաղերի ամենամեծ հաղթողը: Մենք Բաքու գնացինք գլուխներս բարձր պահած եւ գլուխներս բարձր էլ վերադարձանք», – ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031