Այսօրվա մամուլի ասուլիսում ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, Եվրոպական խաղերում Հայաստանի օլիմպիական պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Բաքու մեկնած մարզիկների ծնողներին:
«Մեր մարզիկների Բաքու մեկնելը մի քանի անգամ բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը Եվրոպական եւ միջազգային օլիմպիական ընտանիքում: Դեռ Բաքվում անգամ ԵՎՕԿ-ի նախագահն առաջարկեց, որպեսզի մեր Ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները ներգրավվեն տարբեր հանձնաժողովներում, ընդհուպ՝ ղեկավարեն հանձնաժողովներ: Դա ապացուցում է, որ մեր չգնալը, ինչպես մինչեւ մեկնել էի հայտարարում, ավելի շատ մինուս է բերելու, ավելի շատ մեկուսացնելու է: Ավելին, թույլի, վախկոտի պիտակը կլինի մեր վրա: Ես շնորհակալություն եմ հայտնում մեր պատվիրակության բոլոր անդամներին, մեր այն մարզիկների ծնողներին, որոնք վստահեցին մեզ: Մենք ունենք հպարտ թիմ, հպարտ մարզիկներ, որոնք ինչպես միշտ են մեր երկրի պատիվը բարձր պահել աշխարհի յուրաքանչյուր երկրում, նույն բանը արեցին Բաքվում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ