Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Ղազանչյանը հավաքագրել է իր հին ու նոր օրերը

Հուլիս 11,2015 13:00

Հրատարակվել է ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի «Հին ու նոր օրեր» հուշագիրքը, որը կազմել է արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը: Վերջինս «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ սիրով ստանձնելով այդ աշխատանքը, հիշել է ժամանակին իր ավագ ընկեր, ակադեմիկոս Ռուբեն Զարյանի այն դիտարկումը, թե մեր գրականությունից դուրս է մղվում ու փաստորեն մահանում ոլորտի կարեւոր ժանրերից մեկը՝ հուշագրությունը: «Գրքում հայ անվանի արվեստագետներին նվիրված հոբելյանական, մեծարման եւ տարբեր առիթներով կազմակերպված երեկոներին ճանաչված ռեժիսորի՝ Երվանդ Ղազանչյանի խոսքն է»,- համառոտ ներկայացնելով հուշագիրքն՝ ասաց արվեստաբանը:

Ervand-Gazanchyan-2
Մեզ հետ զրույցում Երվանդ Ղազանչյանը հայտնեց հետեւյալը. «Առաջացած տարիքս հուշում է, ժամանակն է՝ պիտի շնորհակալության խոսքեր շռայլել իմ հրաշալի բարեկամներին, որոնց հետ երկար ճանապարհ եմ անցել, ուրախ եւ տխուր երկար օրեր: Սովորել, զարմացել ու հիացել եմ նրանցով: Աստված իմ, ովքե՜ր եկան ու անցան… Բայց մնացին: Յուրաքանչյուրի անձի ու գործի նկատմամբ գլուխ ենք խոնարհում… Իսկ դրանք թատրոնի մարդիկ են… Թատրոն… Ինչպե՞ս, ե՞րբ գերի ընկան… Դե արի ու հիշիր: 150-ից ավելի բեմադրություններ թատրոններում, հեռուստատեսությունում, ռադիոթատրոնում, հազարից ավելի հետաքրքիր մարդիկ, տաղանդավոր արվեստագետներ… ընկերներ, ընկերներ՝ բարի, գեղեցիկ, առաքինի… Նրանք ամենուր էին»: Հետո էլ խոսքին փոքրիկ լրացում արեց. «Իսկ ես, այդ հին ու նոր օրերի արանքում աշխատել եմ թաքնվել»:
Հուշագրքում իսկապես պարզ ու անկեղծ է Երվանդ Ղազանչյանը ներկայացրել, սրտի խոսքն ասել մեր մշակույթի մեծերի հասցեին: Օրինակ, Բաբկեն Ներսիսյանի մասին շարադրված, ռեժիսորի խոսքում կարդում ենք. «…Տարածված է ասել, որ Բաբկեն Ներսիսյանը մեծամիտ էր, այդպես չէ, մի սխալվեք, մեծամիտը մենք ենք: Նա գիտեր իր արժեքը, իր գինը: Եկեք բարձրաձայն ասենք. Բաբկեն Ներսիսյանով ավարտվում է հայ դերասանական մեծ ընտանիքի մեծ շղթան… Դրանից հետո գալիս է մի նոր աշխարհ, նոր սերունդ, որ նորից պիտի ծնի այդ մեծերին…»:

«Այսօր դու մարալ-ջեյրանի նման պիտի նստած լինեիր այստեղ ու հայ թատրոնի այսօրվա դժվար օրերին մեր կողքին լինեիր: Թող դժվար լիներ, գոնե հմայիչ կլիներ… Ափսոս, հազար ափսոս… Գնացիք խառնվեցիք մայր հողին, բա մեր մասին չե՞ք մտածում, պարարտացրեք հողը, մի ուշացրեք, ո՞ւր են նոր վահրամները, հրաչյաները, ավետները, գուրգենները, դավիթները, բաբկենները, օլգաները, արուսները, մհերները…»,- այս միտքն է ուղղում Ղազանչյանը Մետաքսյա Սիմոնյանին:

Գոհար Գասպարյանի հետ էլ «զրույցում» ռեժիսորն ասում է. «Գոհար, Գոհար, դու ստեղծագործական շռնդալից, աննախադեպ, համեստ, բարի, մաքուր ու նաեւ երջանիկ կյանք ապրեցիր: Դու չգայթակղվեցիր աշխարհով, քո երկիր դրախտավայր Հայաստանը քեզ համար եղավ աշխարհ: Քո վերջին հանգրվանում քեզ հեշտ կհասկանան. հավաքվեք մի օր ու մեզ ուղարկեք նոր վիլյամներ ու վահրամներ, մարտիրոսներ եւ վարդաններ, շիրազներ ու գոհարներ… Մեղք է ձեր ժողովուրդը, մի ուշացրեք»:
Երվանդ Ղազանչյանը անդրադառնալով Սոս Սարգսյանին, գրում է. «Սոսը մի ավելորդ անգամ հաստատեց այն միտքը, որ նեղության, հուսահատության ժամանակ է ծնվում անհնարինը: Հիշենք ցուրտ ու մութ օրերը եւ հանկարծ նոր թատրոնի ՝ Համազգայինի ծնունդը…»:

«Աշխարհի մեծերի հետ, աշխարհի մեծ բեմերը գրաված Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ինչեր ասես տեսար քո այս ոչ այնքան երկար ստեղծագործական կյանքում, նույնիսկ դժբախտություն ունեցար գեղարվեստական ղեկավար լինելու, վկա՝ տասնյակ տարիների սեփական փորձս: Երանի անցած-գնացած օրերին… Բայց հիմա կա հրաշալի երիտասարդություն, որ քո կարիքն ունի, Վարպետ: Տուր նրանց քո դասերը…»,- այսպես է դիմում բազմափորձ գեղարվեստական ղեկավարը օպերային թատրոնի իր կոլեգային՝ Գեղամ Գրիգորյանին:

Իր ղեկավարած Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի անվանի կատակերգուներ Մելինե Համամջյանին, Սվետլանա Գրիգորյանին, Կարպ Խաչվանքյանին, Ստեփան Հարությունյանին դիմելիս խոստովանում է. «Անցան տարիներ, ամիսներ, օրեր, ժամեր… բայց դուք ինձ հետ եք, շարունակում եք օգնել ինձ: Ես ձեզ տեսնում եմ իմ ներկայացումներին, փորձերի ժամերին եւ աշխատում եմ ձեզ չզայրացնել, չդավաճանել ձեր կյանքի գործին՝ թատրոնին… Ասում էիք, որ պիտի ամեն ինչ լավանա… Ճիշտ էիք, դժվարությամբ, բայց քայլ կա դեպի առաջ… Ախր միանգամից գնացիք, բոլորդ ձեռք ձեռքի տված, թողեցիք մեզ միայն անցյալով հպարտանալու իրավունքը: Ես ձեզ կարոտում եմ, իմ լեգենդներ…»:

«Հին ու նոր օրեր» ղազանչյանական հուշագրքում անշուշտ կա խոսք ու հուշ մեր մշակույթի մյուս անվանիների մասին եւս, այդ թվում՝ Վահրամ Փափազյան, Վաղարշ Վաղարշյան, Դավիթ Մալյան, Մուրադ Կոստանյան, Մհեր Մկրտչյան, Արամաշոտ Պապայան, Աղասի Այվազյան, Բավիկ Վարդանյան, Հրաչյա Ղափլանյան, Վարդան Աճեմյան, Պերճ Զեյթունցյան, Գալյա Նովենց, Հենրիկ Մալյան, Ալեքսանդր Արաքսմանյան, Նար Հովհաննիսյան, Զարեհ Մուրադյան, Արմեն Ջիգարխանյան, Պարույր Սանթրոսյան, Վարդուհի Վարդերեսյան, Հովհաննես Չեքիջյան…

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031