Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակայինի հարցը կհասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Հուլիս 16,2015 16:22

Սահմանադրական դատարանի վերջին որոշումը «Դեմ եմ» շարժման անդամներին չի գոհացրել: Այն նրանք համարում են նահանջ և պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

«Մեդիա կենտրոնում» «ՍԴ որոշում. կուտակային կենսաթոշակների որոշ դրույթներ հակասահմանադրական են. պարզաբանումներ, դիտարկումներ, գնահատականներ» թեմայով քննարկմանը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտահոգություն հայտնեց. «Իրականության մեջ այս որոշումը շատ վատ նախադեպ կարող է լինել: Այսուհետ կարող են ընդունվել օրենքներ` անտեսելով ամեն ինչ և դրանք պարտադրվեն մեր քաղաքացիներին»:

Պարոն Մինասյանը նաև տեղեկացրեց, որ կան բազմաթիվ ահազանգեր, որ գումարը պահվում է, սակայն ամիսներ անց է հասնում մասնավոր ֆոնդերին կամ չի հասնում:

«Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հ/կ-ի իրավաբան Մերի Խաչատրյանը ՍԴ որոշման հետ կապված հայտնեց. «Որպես դիմումատուների կողմից լիազորված անձ, ծանոթանալով վերջին որոշմանը, անակնկալի եկա, որ կարևորագույն, առանցքային հարցին ՍԴ-ն չի անդրադարձել: ՍԴ-ն անդրադարձել է, որ այդ դրույթները չի դիտարկում որպես սահմանադրաիրավական հարց, քանի որ օրենքով կարգավորվող հարց է, մինչդեռ ինքն է խաղի կանոններ մշակողը: Մյուս կողմից որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելով` Սահմանադրական դատարանը օրենսդիրի ու գործադիրի համար ժամկետ չի սահմանել»:

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը ՍԴ-ի այս որոշումը, նախորդի հետ համեմատած, նահանջ համարեց ու մանրամասնեց. «Ունենք երկու որոշում, առաջինը իրապես արտացոլել էր այն ամբողջ պահանջը, ինչ ներկայացրել էինք, հետո ունեցանք կառավարություն, որը չիրացրեց այն, քանի որ Սահմանադրական դատարանը չունի լծակ դա պարտադրելու: Ուստի կրկին դիմեցին ՍԴ, ցույց տալու, որ այս նոր օրենքը ևս չի համարվում սահմանադրական` սոցիալական վճար անվանելով պարտադիր կուտակային վճարը: Այս անգամ ՍԴ-ն նահանջ արձանագրեց, սա թույլ որոշում է: Հետևաբար պայքարը շարունակվում է, մենք գնալու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը եզրափակեց. «ՍԴ-ն չի իրացրել իրեն Սահմանադրությամբ ընձեռված լիազորությունները և համակողմանի չի դիտարկել դիմումում առկա վեց փաստարկները: Մենք գոհ չենք ՍԴ որոշումից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031