Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սոցփաթեթի շահառուն պարտադիր պետք է անցնի կանխարգելիչ բժշկական քննություն

Հուլիս 22,2015 14:30

Ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում ոչ վարակիչ տարբեր հիվանդություններից, որոնց մասին հաճախ չեն կասկածում: Շատ հիվանդություններ անգամ արտաքին ախտանշաններ չունեն ու միայն բժշկական քննությամբ է հնարավոր ախտորոշել: Ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման ու կանխարգելման համար առողջապահության նախարարությունը սոցփաթեթի նոր բաղադրիչ է ներդրել, համաձայն որի՝ սոցիալական փաթեթի շահառուները պետք է ամեն տարի անցնեն կանխարգելիչ բժշկական քննություն, ինչը պարտադիր նախապայման է սոցիալական փաթեթի մյուս ծառայություններից օգտվելու համար:

Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ սոցիալական փաթեթի շահառուների համար նախատեսված տարեկան կանխարգելիչ բժշկական քննությունները իրականացվում են ամբողջ հանրապետությունով մեկ՝ ամբուլատոր բժշկական կազմակերպություններում, եւ ունեն որոշակի ծավալ: Ըստ տիկին Յուզբաշյանի՝ այդ ծավալն իր մեջ ներառում է առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից այցելուի զննում, անհրաժեշտության դեպքում նաեւ պոլիկլինիկական նեղ մասնագիտական խորհրդատվություն եւ որոշակի հետազոտություններ:

«Եթե սոցփաթեթի շահառուներ չեն, այդ հետազոտությունները կարող էին եւ չկատարվել կանխարգելիչ այդ շրջանակներում, եթե սոցիալապես անապահով կամ հատուկ խմբերում չեն: Օրինակ՝ օնկոմարկերը լաբորատոր հետազոտություն է եւ կատարվում է խոցելի խմբի տղամարդկանց շագանակագեղձի ուռուցքի վաղ հայտնաբերման նպատակով: Ընդհանրապես ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց մոտ իրականացվում է որովայնի խոռոչի հետազոտություն, կանանց մոտ կարող է լինել նաեւ վահանագեղձի հետազոտություն»,- պարզաբանում է Ռուզաննա Յուզբաշյանը՝ նշելով, որ ոչ վարակիչ հիվանդությունները ամենամեծ մահացության բեռն են Հայաստանում:

Ըստ մեր զրուցակցի՝ առաջին տեղում արյան շրջանառության հիվանդություններն են, ապա՝ չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը. «Տղամարդկանց մոտ հիմնականում սրտի կաթվածը, կանանց մոտ՝ ինսուլտը, այս երկուսն էլ արյան շրջանառության հիվանդություններ են, բայց ունեն նաեւ երիտասարդանալու միտում: Շատ տարածված է կրծքագեղձի քաղցկեղը, արգանդի պարանոցի քաղցկեղը: Արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերումը հարյուր տոկոսով բուժվում է եւ ժամանակին հայտնաբերելու դեպքում չի կարող կնոջ մոտ առաջանալ արգանդի մարմնի քաղցկեղ, եւ հիվանդին ընդհանրապես կորցնելու, քիմիաթերապիայի, ճառագայթման մասին խոսք լինել չի կարող: Այսինքն՝ մեր հետազոտության բուն նպատակը շատ վաղ շրջանում հիվանդությունը հայտնաբերելն է, հատկապես այն հիվանդությունները, որոնք մարդուն չեն տալիս երեւացող ահազանգեր: Մենք քայլում ենք, ուտում ենք, խոսում ենք, աշխատում ենք, բայց ինքն այնտեղ զարգանում է, եւ դու չգիտես՝ ի՛նչ է զարգանում: Շատերս գիտենք, որ մեր մերձավոր ազգականներից մեկը՝ հայրը, մայրը, տատիկը կամ պապիկը, դիաբետ ունի, բայց ո՞վ է գնում հենց այնպես հետազոտվելու, իմանալով էլ չենք գնում: Սա, կարծում ենք, կհանգեցնի վարքագծի փոփոխության։ Մարդը, որը մեկ անգամ անցնի այդ հետազոտությունը, կհասկանա դրա կարեւորությունը եւ հաջորդ անգամ առանց ստիպելու կգնա»:

Ռուզաննա Յուզբաշյանն ասաց, որ հետազոտությունների ընթացքում քաղաքացուն տրվում է խորհրդատվություն, օրինակ՝ ծխելը թողնելու հետ կապված, առողջ սննդի օգտագործման, ֆիզիկական ակտիվության եւ այլն. «Շատ կարեւոր է, որ ծխող մարդն իմանա, որ հիսունը հիսունի հավանականությամբ ծխող մարդու մոտ կարող է առաջանալ թոքի քաղցկեղ: Եթե մարդն իմանա, որ իր մոտ այս կամ այն հիվանդությունը կա, հո չի՞ թողնի այդպես, նա անմիջապես մի միջոց կձեռնարկի բուժվելու համար»:

Ըստ մեր զրուցակցի՝ այդ աշխատանքը կազմակերպում է տեղամասի թերապեւտը, եւ նաեւ որակի համար նա էլ պատասխանատվություն է կրում. «Պոլիկլինիկան տարեսկզբից գիտի, որ իրենք պետք է զբաղվեն սոցիալական փաթեթի շահառուներով, եւ ամեն մի շահառուի հետ կապված աշխատանքը վերահսկվելու է»:
Ռուզաննա Յուզբաշյանի ներկայացմամբ՝ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության թիմը պարբերաբար լինում է տեղում՝ ամբուլատոր բժշկական կազմակերպություններում, եւ կատարում է ուսումնասիրություններ. «Ենթադրենք, հարյուր դեպքից վերցնում են մի քանիսը՝ տեսնելու, թե արդյոք ամբողջ ծավալն ապահովվա՞ծ է: Այսինքն՝ ես գնացել եմ հետազոտվելու՝ ֆորմալ ինձ գրել են՝ առողջ է, ճանապա՞րհ են դրել, թե՞ առկա են գլյուկոզայի որոշման տվյալները, առկա են օնկոմարկերի հետազոտության տվյալները կամ սոնոգրաֆիայի հետազոտության տվյալը փակցված է նկարի տեսքով եւ այլն:

Այդ ամենը նրա համար է, որպեսզի բացառվի անփույթ վերաբերմունքը»:
Տիկին Յուզբաշյանը սոցիալական փաթեթի շահառուներին կոչ է անում հետազոտությունը չթողնել ամենավերջին օրերին, քանի որ եթե թողնեն տարեվերջին, մեծ հերթեր կառաջանան. «2015 թվականի ընթացքում գոնե մեկ անգամ պետք է սոցփաթեթի շահառուն անցնի կանխարգելիչ բժշկական քննություն, հակառակ դեպքում 2016 թվականի նրա սոցփաթեթը չի ակտիվանա: Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ եթե այս տարվա համար սոցփաթեթի շահառուն անցնում է հետազոտությունները, եւ կարող է խնդիր առաջանալ, որպեսզի ավելի խորացված կամ դժվարամատչելի հետազոտություններ անցկացվեն, արդեն հիմա այն կարելի կլինի կազմակերպել, իսկ եթե չանցնի այդ հետազոտությունը եւ հիվանդանա, ու հիվանդանոց գնալու համար ուղեգրման խնդիր առաջանա, որովհետեւ նա անպայման պետք է ուղեգրով գնա հիվանդանոց, որպեսզի փաթեթի շրջանակներում օգտվի անվճար, ապա ուղեգիրը չեն տա, եթե նա կանխարգելիչ բժշկական քննությունը չի անցել, իսկ հիվանդանոցն էլ անվճար չի ընդունի, եթե ուղեգիր չլինի»:

Տիկին Յուզբաշյանն ասաց, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դիմել է մյուս նախարարներին, այլ գերատեսչությունների ղեկավարներին՝ հորդորելով աշխատակիցներին թույլ տալ գնալ եւ անցնել տարեկան կանխարգելիչ բժշկական քննությունները:

Մեր զրուցակիցը նաեւ կարեւորեց սոցփաթեթի շահառուների իրազեկումը՝ ակնկալելով լրատվամիջոցների աջակցությունը:

Նշենք, որ 2015 թվականի առաջին եռամսյակում կանխարգելիչ բժշկական քննության է ենթարկվել սոցփաթեթի 6068 շահառու, այս տարվա հինգ ամիսների տվյալներով՝ 22.166 շահառու: Տիկին Յուզբաշյանի խոսքերով՝ կիսամյակի կանխատեսմամբ, հետազոտություն անցած կլինի սոցփաթեթի մոտ 30 հազար շահառու: Միայն 2015 թվականի ապրիլ-մայիս ամիսներին բժշկական քննության է ենթարկվել 16.098 շահառու:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031