Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում լարված իրավիճակ է. մեծից փոքր սպասում են «Շիրակ» ֆուտբոլային թիմի հաղթանակին

Հուլիս 23,2015 14:21

Այսօր ժամը 16.30-ին կկայանա Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի խաղը շվեդական ԱԻԿ-ի հետ: Նշենք, որ մեր թիմն առաջին խաղում զիջել էր շվեդներին 0։2 հաշվով։ «Շիրակ»-ն այսօր հանդես է գալու Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում. սեփական դաշտում է հյուրընկալել շվեդներին: Այսօր Գյումրիում այնպիսի մի լարված իրավիճակ է, որ կարծես որոշվում է այս քաղաքի ճակատագիրը, գոյություն ունենալ-չունենալու հարցը: Գյումրեցիները ոչ միայն սոցիալական ցանցերում են արտահայտում իրենց զգացմունքները, այլ փողոցներում. տարեց մարդուց մինչեւ մանկապարտեզի երեխայի խոսակցության միակ թեման «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հաղթանակն է:

Նույն վիճակն է նաեւ Շիրակի մարզի պաշտոնյաների մոտ, քիչ առաջ Շիրակի մարզպետարանի սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանին ուղղված մեր հարցին՝ ինչպե՞ս եք, պաշտոնյան պատասխանեց՝ «միայն «Շիրակ»-ի հաղթանակից է կախված իմ լավ լինելը»:

«Շիրակ ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արման Սահակյանն էլ ֆեսբուքյան իր էջում, կոչ անելով գյումրեցիներին գալ ու դիտել խաղը, Գյումրու բարբառով գրել է . «16։30 բոլորին սպասում եմ Գյումրու Քաղաքային Մարզադաշտում։ Հավատում ենք մեր թիմին։

ԲԴԻ ՊԱԴԴԴԴՌՌՌԵՆՔ!! »

Shirak_2

Նշենք, որ այսօր խաղը դիտելու է գնում նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի սպորտի բաժնի պետը: Իսկ «Շիրակ»-ի երկրպագուները յուրատեսակ ցուցապաստառներ են սարքել՝ գրելով «Պայքարելու ենք հանուն մեր պատվի, Գյումրիի, մեր ազգի»: Մեկ այս ցուցապաստառով նշվում է, որ անվերապահորեն հավատում են «Շիրակ»-ի ուժերին:

Քիչ առաջ էլ «Ցայգ» հեռուստաընկերությունը տեղեկացրեց, որ ոստիկանները՝ Շիրակի ոստիկանապետ Գրիգոր Ամիրխանյանի գլխավորությամբ, Գյումրու Վարդանանց հրապարակում հազիվ են կանխել բախումը «Շիրակ»-ի ու ԱԻԿ-ի երկրպագուների միջեւ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031