Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բուդաղյանի պարտապանը պարտքի մեծ մասը հասցրել էր վերադարձնել. Պատմում է Էմիլ Բուդաղյանը

Հուլիս 25,2015 17:00

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ դատարանից դեռ չի ստացել իր բողոքի մերժման ամբողջական որոշումը:

Հիշեցնենք, որ նախօրեին Վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբանի բողոքը եւ ուժի մեջ թողեց Վարչական դատարանի՝ Բուդաղյանին երկու ամսով կալանավորելու որոշումը։
«Ես եւ շատ փաստաբաններ գիտենք, որ դատարանը ազգային անվտանգության գործերով աշխատում է այնպիսի դիրքորոշում չընդունել, որը կհակասի ազգային անվտանգության ծառայության դիրքորոշումներին: Այսպիսի գործերով, որպես կանոն, նույնիսկ բացառություն չեմ էլ տեսել, դատարանները կալանավորում են, անկախ նրանից՝ կա՞ն կալանքի հիմքեր, թե՞ չկան: Իրենց հերիք է, որ այդ միջնորդության տակ դրված լինի ԱԱԾ քննիչի ստորագրությունը: Իրենք պարզապես վավերացնողներ են: Նույնիսկ նոտարը մի գործարք վավերացնելիս ավելի երկար է մտածում, քան մեր դատարանները այդ կարգի միջնորդությունները բավարարելիս»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:
Փաստաբանը Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանությունները ստանալուն պես՝ պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան՝ առանց որեւէ ակնկալիքի, զուտ հայաստանյան դատական ատյանները սպառելու համար. «Վճռաբեկ դատարանն այսօր մեզ համար, այսպես ասած, մի հատ սպառման ատյան է: Ինչ-որ կույր աղիքի պես մի բան է դարձել, որի գոյության հետ պարզապես պետք է հաշտվենք, քանի դեռ վիրահատական ճանապարհով հեռացված չէ, այսինքն՝ նոր Սահմանադրությամբ, ստիպված պետք է հաշտվենք»:

«Առավոտը» զրուցեց նաեւ Արա Բուդաղյանի հոր՝ Էմիլ Բուդաղյանի հետ: Նա չցանկացավ որդուն երկամսյա կալանքի տակ պահելու դատական որոշման մասին իր կարծիքը հայտնել, ասաց՝ այս պահին ձեռնպահ կմնա: Միայն ասաց՝ Արա Բուդաղյանին Սյունիքի մարզպետի մահափորձի գործում ներգրավելը հավանաբար 2013-ի հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց Ավետիք Բուդաղյանի սպանության գործով դատական գործընթացի վրա ստվեր գցելու նպատակ ունի. «Հենց երեւի դա են մտածում, ուրիշ բան չեմ կարող ասել, որովհետեւ ոչ մի դատողության դա չի դիմանում: Այդ գործն անիմաստ գործ է, անիմաստ ձեւով Արային մտցրել են այդ գործի մեջ»:

Մեր հարցին՝ Սուրիկ Խաչատրյանի միջամտությո՞ւնն եք տեսնում, ասաց՝ դա էլ չի պատկերացնում. «Եթե մյուս գործի հետ կապել են, ապա միգուցե ուզում են մեզ շեղել հիմնական գործից»:

Մեր հարցին՝ դա դիտարկում եք որպես իշխանության կողմից ճնշո՞ւմ, պարոն Բուդաղյանը շարունակեց. «Ուրիշ բան չեմ կարող ասել: Ինքս նման բաներ մտածում եմ, բայց չեմ կարող արտահայտվել»:

Նա վստահեցրեց, որ մարզպետի մահափորձի գործով ներգրավված մյուս անձանց հետ որդին որեւէ կապ չի ունեցել, չի էլ ճանաչում. «Մենք չենք էլ ճանաչում դրանց ընդհանրապես, Արան միայն նրան է ճանաչում, ում փող է պարտքով տվել՝ 200.000 դրամ: Եկել, խնդրել էր, թե մորը ծնունդը կատարելու համար 200.000 դրամ է պետք: 130.000 դրամ պարտքը վերցնելուց մեկ շաբաթ հետո է տվել, Արայից հարցրել է՝ իսկ 70.000-ը որ ամսվա վերջ տամ կլինի՞, Արան էլ ասել է՝ հա: Այդքանով սահմանափակվել են»:

Պարոն Բուդաղյանը այս գործով բոլոր զարգացումներից հետո չի բացառում, որ սա մարզպետի կողմից սարքած մահափորձ է. «Ինքը ու մեկ էլ վերեւ Աստված գիտի, ով որ կազմակերպել է, ինքը գիտի»:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է մարզպետի դեմ մահափորձի գործով չորս կասկածյալների հեռախոսազրույցները։

ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031