Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ոչ այնքան մրցույթ է, որքան հնարավորություն». Էդուարդ Զորիկյան

Հուլիս 25,2015 16:23

Ավելի քան յոթ տարվա ընդմիջումից հետո Հայաստանում կանցկացվի հեղինակային երգի փառատոն: Այն կազմակերպում են Բարդեր ակումբն ու Հայաստանի կոմպոզիտորների միությունը:

«Հուսո Առագաստ-2015» հեղինակային երգի փառատոնն անցկացվում է «Երգի փառատոն 2015» մեգանախագծի շրջանակում՝ երկու փուլով:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փառատոնի տնօրեն, հեղինակային երգի կատարող Վախթանգ Հարությունյանը:

Սևանում և Դիլիջանում անցկացվող «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնն ի հայտ կբերի երիտասարդ հեղինակ-կատարողների, բեմահարթակ կտրամադրի նրանց՝ նպաստելով վերջիններիս ստեղծագործական գործունեությանը:

Այսօրվանից բոլոր հայտատուները կարող են իրենց հայտերը ներկայացնել Հայաստանի կոմպոզիտորների միություն:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Զորիկյանի տեղեկացմամբ՝ տարիքային սահմանափակում չկա, չկա նաև կոնկրետ թեմա, որի շուրջ պետք է ներկայացվեն երգերը. դրանք ուղղակի պետք է լինեն հեղինակային երգի ժանրում. «Սա ոչ այնքան մրցույթ է, որքան հնարավորություն այն երիտասարդների համար, որոնք ներկայանալու հնարավորություն չունեն: Մենք նրանց հարթակ ենք տրամադրելու, ապահովելու ենք նրանց շփումն արդեն ճանաչված հեղինակային կատարողների, ինչպես նաև հեղինակային երգի երկրպագուների հետ»,- ասաց նա:

Փառատոնի առաջին փուլը կանցկացվի Սևանում՝ Շորժայի «Wishup» լողափում, հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը: Երկրորդ և հիմնական փուլը կանցկացվի օգոստոսի 26-28-ը՝ Դիլիջանում՝ Կոմպոզիտորների միության հանգստյան տանը:

Կազմակերպիչները փառատոնն անցկացնում են Երևանից դուրս, որպեսզի մշակութային իրադարձությունները չկենտրոնանան  միայն մայրաքաղաքում:

Փառատոնին մասնակից լավագույն տասը հեղինակային երգի կատարողները Կոմպոզիտորների միությունում ձայնագրվելու հնարավորություն կունենան, այնուհետև Բարդերի ակումբը կբազմացնի սկավառակը հարյուր օրինակով և կտարածի:

Ի դեպ, Վ. Հարությունյանն ասաց նաև, որ վերջին՝ գալա համերգի հասույթն ուղղվելու է Դիլիջանում երաժշտական դպրոցի կիթառային դասարանի ձևավորմանը. «Փորձելու ենք մեկ տարի հովանավորել, որ այդ դասարանն աշխատի»,- նշեց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031