Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորը ծխախոտի ներկրմամբ այլեւս չի զբաղվի.- «Ժողովուրդ»  

Օգոստոս 06,2015 12:22

 

«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանին պատկանող, դեռեւս 1997 թվականին ստեղծված «Արսօյլ» ընկերությունը, որը զբաղվում էր ծխախոտի ներկրմամբ, այս տարվա սկզբից չի գործում։ Անցած 2014 թվականի արդյունքներով՝ այդ ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել էր 13-րդ հորիզոնականը՝ 6 միլիարդ 709 միլիոն դրամի հարկային վճարումներով։ Սակայն խոշոր հարկատուների այս տարվա ցուցակներում «Արսօյլ»-ի անունը բացակայում է։ Ավելին՝ գործարար տեղեկատուներում նշվում է, որ «Արսօյլ» ընկերությունը «չի գործում կամ ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը»։

«Ժողովուրդ»-ին օրեր շարունակ չէր հաջողվում զրուցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ, քանի որ վերջինս համառորեն մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում։ Երեկ, ի վերջո, մեզ հաջողվեց այս խնդրի հետ կապված մի քանի հարցեր ուղղել պատգամավորին։

– Պարոն Արսենյան, Ձեզ պատկանող «Արսօյլ» ընկերությունը ի՞նչ խնդիրների առաջ է կանգնել, ինչո՞ւ եք այն «փակել», գուցե ընկերությունը Ձեր «ձեռքից»  խլե՞լ են։

– Մի՛ անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է, ուղղակի դրա տեղը ուրիշ ընկերություն է աշխատում։ Այդ հեքիաթային պատկերացումները Ձեզ որտեղից, թե կարող են ինձանից ինչ-որ բան վերցնել, խլել, ինչպես Դուք եք ասում։ Մի ընկերության տեղ շարունակում է աշխատել մեկ այլ ընկերություն, հիմա սա չկա, բայց դրա փոխարեն կա ուրիշը։ Եթե խոշոր հարկատուների ցուցակն էլ նայեք, ապա կտեսնեք, թե «Արսօյլ»-ի տեղը որ ընկերությունն է զբաղեցնում։ Հիմա «Արսօյլ»-ը չի վճարում այդ հարկը, այս մյուս ընկերությունն է վճարում, ես չեմ հասկանում՝ դրանում ի՞նչ տարբերություն եք տեսնում։

– Այսինքն՝ այսուհետ Դուք չե՞ք զվաղվելու ՀՀ-ում ծխախոտի ներկրմամբ, կոնկրետ «Արսօյլ»-ը դադարեցրե՞լ է իր աշխատանքները։ Եթե այո, ապա ո՞րն է դրա պատճառը, ի՞նչն է ստիպել նման քայլի դիմել։

– Իհարկե, ներկրմամբ չեմ զբաղվում, այսուհետ լինելու է պահեստից սպառող աշխատանքը, բիզնեսի կոնֆիգուրացիան է փոխվել։ Մենք որոշել ենք քչացնել մեր ռիսկերը։ Դա նշանակում է, որ ես այլեւս չեմ պատրաստվում հայկական արտարժութային տատանումների հետեւանքով վնասներ կրել, երբ որ, օրինակ, քո պահեստում կա, ասենք, մեկ միլիարդի ապրանք, ու ամսվա ընթացքում քո ազգային արժույքը 14 դրամ արժեզրկվում է, եւ դու 140 միլիոն դրամ կորցնում ես։ Ընդ որում, տեսնում ես, որ դրանում հիմնավորում չկա, բայց այդ արժեզրկումը եղել է, ինչի համար դու ահռելի վնասներ ես կրում։ Դրա համար պետք էր քչացնել ռիսկերը, ինչի մասին ես արդեն նշեցի։ Ապրանքը դոլարով ես գնում ու համապատասխան դրան դու այդ գումարները կորցնում ես, իսկ հիմա մենք որոշել ենք այլ մեխանիզմով աշխատել, մենք որոշել ենք հեռու պահել բիզնեսը նմանատիպ բաներից, մեր գործարքներն այլեւս բոլորը դրամով են։ Մեր ընկերությունը դրամով է գնում ու դրամով էլ վաճառում։ Կարծում եմ՝ ես բացատրեցի այն իրավիճակը, որն այսօր կա։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31