Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Եթե օրինագիծն անցկացնեն, դա ոչ ժողովրդավար քայլ է՝ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ»

Օգոստոս 06,2015 15:23

Ընդդիմությունը  ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու ՀՀԿ-ականների նոր նախագծին դեմ է

Այսօր կառավարությունը հավանություն է տվել ՀՀԿ խմբակցության պատգամավորների նոր նախագծին՝  լրացուկներ կատարելու ԱԺ կանոնակարգ օրենքում եւ սահմանափակելու պատգամավորների հարցերին պատասխանելու ժամանակը: Ըստ Վահրամ Բաղդասարյանի, Արփինե Հովհաննիսյանի եւ Խոսրով Հարությունյանի հեղինակած նախագծի, ԱԺ կանոնակարգ օրենքը մանրամասն սահմանում է օրինագծերի քննարկման  ժամանակ զեկուցման, խմբակցությունների եւ պատգամավորների ելույթների, հարցերի, վարման կարգի վերաբերյալ ելույթների համար տրամադրվող ժամանակը: Մինչդեռ հնչեցված հարցերին պատասխանելու եւ դրանց արձագանքելու համար չի սահմանվում որեւէ ժամկետ:

ՀՀԿ-ականներն առաջարկում են հարցերին պատասխանելու համար սահմանել 6-ական րոպե, իսկ արձագանքելու համար՝ 2-ական րոպե ժամանակ: Պատգամավորները հիմնավորել են, որ այս սահմանափակումը նպատակահարմար են գտել՝ ԱԺ օրակարգի հագեցվածությունը հաշվի առնելով, ինչպես նաեւ ժամանակն առավել արդյունավետ կառավարելու համար:

Սակայն ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ականների այս քայլն ուղղված է ընդդիմության դեմ. «Եթե խոսքը վերաբերում է պատգամավորի աշխատանքը սահմանափակելու եւ հարցեր տալու, արձագանքելու հնարավորությանը, դա դրական չի կարող դիտարկվել: Ես չգիտեմ ինչ մղումներից ելնելով են նման նախաձեռնությամբ հանդես եկել, բայց կարծում եմ՝ դրանով նախեւառաջ սահմանափակում են ընդդիմադիր պատգամավորների հնարավորությունները, որովհետեւ կառավարության եւ այլ օրինագծերի քննարկման ժամանակ ավելի շատ ակտիվ են ընդդիմադիր պատգամավորները: Եթե այս օրինագիծն անցկացնեն, դա ոչ ժողովրդավար քայլ եմ համարում՝ ԱԺ պատգամավորի նկատմամբ, քանի որ սահմանափակում են նախեւառաջ ընդդիմադիր պատգամավորների հնարավորությունները»:

Ինչ վերաբերում է հիմնավորմանը, որ ուզում են առավել արդյունավետ կառավարել ժամանակը՝ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Նման նախաձեռնությունը կարելի է հիմնավորել ինչ կերպ որ ուզեն: Ընդդիմադիր պատգամավորները միշտ դժգոհել են, որ կառավարությունը տարեվերջին միշտ բերում է գերհագեցված օրակարգ, եւ ամեն կերպ փորձում են անցկացնել այն օրինագծերը, որոնք շատ լուրջ քննարկման առարկա կարող էին  դառնալ հերթական նստաշրջնի ժամանակ: Մեր դժգոհությունը պայմանավորված է դրանով, որ մենք հնարավորություն չենք ունենում բոլոր օրինագծերի մասին հստակ վերաբերմունք ձեւակերպել եւ ժամանակ ունենալ ուսումնասիրել: Ինչ վերաբերում է առավել արդյունավետությանը, ինձ թվում է այդ սահմանափակումը ոչ մի արդյունավետության չի բերի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31