Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ մի օր նշանակել են, ուրեմն մի օր էլ պետք է հեռանամ»

Օգոստոս 13,2015 14:53

Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը՝ Օձունի եկեղեցու հետ կապված աղմուկի եւ պաշտոնանկության պահանջի մասին

Վերջերս «Օձուն» տեղեկատվական կենտրոն անունով ինչ-որ կազմակերպություն հայտարարություն էր տարածել՝ 5000 լոռեցիների ստորագրություններով, որտեղ պահանջում էր պաշտոնանկ անել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին եւ փոխնախարար Արեւ Սամուելյանին: Ըստ հայտարարության, նախարարությունը խոչընդոտներ է ստեղծում բարերարի՝ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Մովսես Ձավարյանի համար, եւ վերջինս այլեւս չի ցանկանում ներդրումներ անել այլ հուշարձանների վերականգնման համար:

«Առավոտի» հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը նշեց, որ մարզպետի հետ խոսել է ու ճշտել, որ նման կազմակերպություն չկա գրանցված: «Այն, որ մարդիկ անհանգստացած են հուշարձանի՝ Օձունի եկեղեցու վիճակով, դա դրական է գնահատվում նախարարության կողմից, նշանակում է, որ անտարբեր չեն: Մյուս կողմից էլ՝ եթե անտարբեր չեն, այս երեք տարվա մեջ ինչո՞ւ այդ  5000 հոգուց մեկը մի օր չերեւաց շինհրապարակում, կամ այդ  5000 մարդը ինչո՞ւ 1000-ական դրամ չհավաքեցին այդ գումարը Լոռու մարզի մեկ այլ հուշարձանին ուղղելու: Հատուկ ուզում եմ շեշտել, որ Օձունի եկեղեցու վերականգնումն ավարտված է, ավարտված է այն ծավալով, որով նախատեսված էր: Իմիջիայլոց, մի  բան է, երբ մասնագետն է դիտարկում հուշարձանը, այլ՝  երբ հոգեւոր հովիվն է այն որպես հոգեւոր տուն պատկերացնում: Վաղը, մյուս օրը կարող են ասել, որ բարեկարգումն արված չէ, զուգարան չկա, ուխտավորներն ո՞ւր պետք  է գնան: Բայց մենք կարող ենք խոսել այն մասին, որ եկեղեցին ամբողջովին ամրակայված է, վերականգնված է, ինչքան որ նախատեսված էր: Եվ հետո միշտ էլ յուրաքանչյուր հուշարձանի վրա լինում են բաներ, որ դեռ պետք է արվեն: Կարեւորը՝ այսօր եկեղեցին 100%-անոց կանգուն է, անվթար է, ամրակայված է, ջրթափանց չէ, ամբողջ ծավալը, որը նախատեսված էր եռակողմ պայմանագրով (մշակույթի նախարարություն, Մայր աթոռ, բարերար), կատարվել է: Ի թիվս 200 եկեղեցիների եւ վանական համալիրների, Օձունը Մայր աթոռի տնօրինության տակ է, բայց պատկանելությունը նշանակություն չունի, մասնագետներն էլ են փաստում, որ ամեն ինչ արվել է բարձրագույն մակարդակով: Օձունի վերականգնման ծրագիրը մեզանում օրինակելի է, այն կարող է  այցեքարտ հանդիսանալ վերականգնման տեխնիկայով, որը միջազգայինից չի տարբերվում: Կապ չունի, որ սա պետական ֆինանսավորում չէր, տվյալ պարագայում մենք շատ ավելի ուշադիր ենք եղել: Օձունը պիլոտային առաջին լուրջ ներդրումային ծրագրերից էր, ու նախարարությունը շահագրգիռ էր, որ այն կյանքի կոչվի: Օձունն իսկապես օրինակելի համագործակցություն եմ համարում, իսկ այն, որ խոսկան նախագիծ դարձավ, պայմանավորում եմ Լոռվա կոլորիտով եւ առանձնահատկություններով: Մենք բարձր ենք գնահատում, բարերարն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ, այսպես կոչված, «Օձուն» տեղեկատվական կենտրոնն իր հետ կապ չունի, եւ ինքն արգելում է իր անունից հանդես գալ»,-ասում է փոխնախարարը:

Նա հավելում է, որ պատրաստ են լսել բոլոր շահագրգիռ կողմերին. «Պատրաստ ենք լսել, ներկայացնել, ցույց տալ, մանավանդ  Օձունի դեպքում ամեն ինչ թափանցիկ է եղել, բարերարի կողմից արվել է շուրջ 300 միլիոնի ներդրում՝ 3 տարվա ընթացքում: Ուղղակի տարակուսած եմ, թե որտեղից այս աղմուկը»:

Արեւ Սամուելյանից հետաքրքրվեցինք՝ այս պահին քանի՞ անմխիթար վիճակում գտնվող հուշարձան կա Հայաստանում: Նա ձեւակերպման հետ չհամաձայնեց եւ չցանկացավ որեւէ թիվ նշել. «Վտանգված հուշարձանների մոնիտորինգ ենք անում մշտապես եւ այն հուշարձանները, որոնք վտանգված են, մտնում են պետական բյուջե, եթե ոչ այս, ապա հաջորդ տարիների ծրագրավորված փաստաթղթերի մեջ: Թիվ չեմ ուզում ասել, որովհետեւ տարբեր չափի է այդ ամենը: Այսօր մեզ մոտ գործում է նաեւ հրատապ ամրակայման կարիք ունեցող  հուշարձանների ցանկ, որոնց վրա, անկախ պատկանելությունից, հոգեւոր նշանակությունից, արագ ինչ-որ բաներ արվում են:  Օրինակ, Հաղպատում հորդառատ անձրեւների պատճառով Հազարաշենի երդիկավոր կառույցի մի մասը փլուզվել էր, այնտեղ հրատապ տողից աշխատանքներ կատարվեցին, կամ Գեղարդում ժայռերի ջրամեկուսացման աշխատանքներ են կատարվում: Խորհրդային տարիներին ժայռի լանջի վրա փորված կոյուղաջրերի հեռացման թունելները լցված են աղբով ու տիղմով, ժայռի էկոհամակարգը խախտված է, երկու տարի է՝ մաքրում- չորացնում ենք: Զուգահեռ նույն տիպի աշխատանքներ  են արվում Քոբայրում: Այս տարի, նախորդ տարիների աշխատանքի շնորհիվ, առաջին անգամ սկսել ենք երկու խոշոր հնագիտական վայրերի՝ Դվինի եւ Արտաշատի թանգարանացման եւ ներկայացման  աշխատանքները: Դրանք խորհրդային տարիներին բացվել, ուսումնասիրվել ու փակվել են, եւ այցելուին դժվար է պատկերացնել, որ Խոր վիրապ այցելած ժամանակ  ինքը հայոց  հնամենի մայրաքաղաք Արտաշատում է: Մի 50 տարի հետո այն ամենաներկայանալի վայրերից մեկը կլինի»: Արեւ Սամուելյանից հետաքրքրվեցինք, այնուամենայնիվ, ինչո՞ւ է աղմուկը հենց իր անվան շուրջ, եւ արդյոք տեսնո՞ւմ է Օձունի աժիոտաժի հետեւում ինչ-ինչ մարդկանց: Ասաց, որեւէ մեկին նկատի չունի. «Գուցե մարդիկ անհանգիստ են, ուզում են ավելի շատ գործ արվի…»: Ինչ վերաբերում է իր հրաժարականին, այս  մասին էլ մեր զրուցակիցն ասաց. «Եթե այն պաշտոնատար անձը, որն  ինձ նշանակել է, որոշի, որ ինձ պետք է պաշտոնանկ անի, կգնամ: Եթե ինձ մի օր նշանակել են, ուրեմն մի օր էլ պետք է հեռանամ, պարզապես ցավալի ու տխուր կլինի, եթե դա արվի կեղծ ինֆորմացիայի պատճառով: Ուղղակի տհաճ էր, որ իմ վերադասին են կպել իմ ոլորտի պատճառով, եւ փորձել ստվեր գցել հսկայական աշխատանքի վրա»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.08.2015

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Բոլոր նշանակվածները դա են անգիր արած կրկնում` մի օր կհանեն: Մի սպասեք, որ հանեն, գործը տապալել եք` հեռացեք: Ցավալին այն է, որ ոչ ոք չի ընդունում որ տապալել է: Սկսած ՀՀ նախագայից:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31