Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Այցելե´ք Հայաստան և Արցախ, վայելե´ք հայրենիքի ջերմությունը»

Օգոստոս 13,2015 22:22

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Երևանի Ազատության հրապարակում մասնակցել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը: Խաղերի փակման առիթով կառավարության ղեկավարը հանդես է եկել ելույթով.

«Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի տիկնայք և պարոնայք,

ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիս Համահայկական վեցերորդ խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար

Անցած տասնմեկ օրերի ընթացքում քաղաքամայր Երևանը դարձել էր ողջ աշխարհի հայ մարզիկների յուրահատուկ հավաքատեղի: Տարբեր մարզաձևերում ազնիվ պայքարի հետ մեկտեղ դուք հնարավորություն ունեցաք հաստատել նոր շփումներ, ձեռք բերել նոր ընկերներ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մեր հայրենակիցների շրջանում:

Իմ խորին համոզմամբ՝ Համահայկական խաղերի ամենակարևոր ձեռքբերումը մեր ժողովրդի հազարավոր զավակների մեկտեղումն է մայր հայրենիքում՝ այդպիսով նոր շունչ հաղորդելով նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդմանը: Այս առումով, Համահայկական խաղերն այն եզակի մրցաշարերից են, որտեղ չկան հաղթողներ ու պարտվողներ: Հաղթել ենք բոլորս, քանի որ Համահայկական խաղերը մեր միասնության իրական ապացույցն ու դրսևորումն են

Սիրելի մարզիկներ,

Խորհրդանշական է, որ Համահայկական վեցերորդ խաղերն անցկացվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին զուգընթաց: Նշանակալի է խաղերի դերը մեր ժողովրդի համար հիշատակի այս տարում, որը ևս մեկ անգամ միավորեց համայն հայությանն ու մայր հայրենիքում ապահովեց հայաշունչ միջավայր: Այս միջավայրում է կրկին ընդգծվում մեր միասնականությունն ու հայի ուժը, ինչը մեր երկրի հետագա զարգացման և ձեռքբերումների հիմնական գրավականն է: Վստահ եմ, որ դուք կշարունակեք հայրենիքից դուրս պահպանել հայի  ինքնությունն ու գործել ի նպաստ հայապահպանության ամրապնդման:    

Հարգելի ներկաներ,

Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ ուրախությամբ նշել, որ նախորդ խաղերի համեմատ այս խաղերին մասնակցել են վեց հազարից ավելի մարզիկ-մարզուհիներ, ինչն աննախադեպ է: Այս ընթացքում ձեզ հետ հայրենիք են ժամանել նաև ձեր բազմաթիվ հարազատներ, բարեկամներ, մարզիչներ, ընկերներ և երկրպագուներ: Վստահ եմ, որ Համահայկական յոթերորդ խաղերին մասնակիցների թիվը կլինի էլ ավելի, և այս միջոցառումը կշարունակի իր հայանպաստ առաքելությունը:

Սիրելի քույրեր և եղբայրներ,

Լա´վ իմացեք, ձեզնից յուրաքանչյուրը մեզ՝ հայրենիքում ապրողներիս համար, մշտապես սպասված և ցանկալի անձ է: Ուստի կոչ եմ անում՝ օգտագործե´ք յուրաքանչյուր հնարավորություն, այցելե´ք Հայաստան և Արցախ, վայելե´ք հայրենիքի ջերմությունն ու ձեր հայրենակիցների հոգատար վերաբերմունքը:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ բոլորիդ մաղթել նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ, բարի ճանապարհ և բարի վերադարձ: Մինչ նոր հանդիպում մայր հայրենիքում: Համահայկական վեցերորդ խաղերը հայտարարում եմ փակված»:

Միջոցառման ընթացքում կառավարության ղեկավարը հանձնել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից սահմանած հատուկ մրցանակներ՝ վեց անվանակարգերում: «Լավագույն պատվիրակություն» մրցանակին է արժանացել Մոնրեալ քաղաքի պատվիրակությունը (Կանադա), «Արդարացի խաղի համար» մրցանակին՝ Նիկոսիա քաղաքի պատվիրակությունը (Կիպրոս), «Մարզական ոգի և համբերություն դրսևորած պատվիրակություն» մրցանակին՝ Սպահան քաղաքի պատվիրակությունը (Իրան), «Համահայկական վեցերորդ խաղերի հայտնություն» մրցանակին՝ Մուշի պատվիրակությունը և «Համահայկական վեցերորդ խաղերի գեղեցկուհի» է հայտարարվել Դիանա Թումանովան (Թբիլիսի):

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31