«Ադրբեջանն էլ է շատ հետաքրքրված անհայտ կորածների հարցով և նախաձեռնություններ նույնպես ներկայացնում են։ Եվ հիմա իրենց կողմից ներկայացվել է նախաձեռնություն, ոչ այնքան նախաձեռնություն, այլ այսպես ասած աշխատանքային պլանի նախագիծ, որին ի պատասխան՝ մենք նույնպես նախապատրաստել ենք և մոտ ժամանակներս կփոխանցենք մեր պատկերացումները և մեր նախաձեռնությունը։ Կարծում եմ՝ կհամադրենք և կաշխատենք այդ հարցերի լուծման հետ կապված»,- «Անհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն
համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ խնդիրն այն է, որ 1990-ականների պատերազմից բավականին մեծ ծավալով տվյալների դժվարանում են հասանելիություն ապահովել։
«Ցավոք սրտի, նման հստակ տվյալների առկայություն չկա, նույնիսկ նայում ենք, տեսնենք, թե այն ժամանակների գործող անձանցից ու զինվորականներից ով է հարցազրույց տվել։ Կիպրական փորձ կա, որը երեկ քննարկել ենք, որը հնարավորություն է տալիս ինչ-որ լուսանկարների, գոյություն ունեցող արխիվների համադրմամբ փորձել գտնել և կոնկրետ տեղերում կազմակերպել որոնողական աշխատանքներ։ Մի խոսքով՝ շատ բազմաշերտ և բարդ է։ Ես չեմ ուզում որևէ թիվ հնչեցնել, աշխատում ենք, որ այնպես լինի, որ բոլոր կողմերի մոտ հարց չառաջանա, փարատենք բոլոր հնարավոր հարցերը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Սիմոնյանի խոսքով՝ բոլոր այն մարդիկ, ովքեր անհայտ կորած են, կարող են և ողջ լինել։ «Մենք որևիցե ձևով չենք բացառում, որ տա Աստված կարողանանք գտնել այդ մարդկանց։ Եթե ասում ենք՝ անհայտ կորած է, դա չի նշանակում, որ 100 տոկոսով մահացած մարդկանց մասին ենք խոսում»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































