Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը հերքում է. «Որտե՞ղ է այստեղ «պայքարը մարմնավաճառության դեմ»

Օգոստոս 20,2015 16:14

Օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Ստեփան Ոսկանյանը հայտարարել է, թե իր պաշտպանյալ Վազգեն Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, քանի որ նա պայքարում է իրենց շենքի բակում «կանգնող» մարմնավաճառների դեմ, ու հենց այդ պայքարն էլ Կարապետյանի կալանքի պատճառ է եղել:

Իրականում՝ 2015 թ. փետրվարի 8-ին Վազգեն Կարապետյանը փողոցում տաքսու մեջ տեսել է իր ծանոթ Ի. Կ.-ին, նրան ստիպել է նստել իր մեքենան, վեճի բռնվել իրենց ընդհանուր ծանոթուհուն զանգել-չզանգելու հարցի շուրջ, ապա դանակով սպառնացել է ու պահանջել 10.000 դոլար:

Ի. Կ.-ն նույն օրը հաղորդում է տվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Քրեական գործ է հարուցվել, որի քննության ընթացքում օգոստոսի 3-ին Վազգեն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Որտե՞ղ է այստեղ «պայքարը մարմնավաճառության դեմ»: Ի՞նչ «պայքար» է մղել Կարապետյանը, երբ 2014 թ. սեպտեմբերի 9-ին հեռախոս վերադարձնելու հարցի շուրջ վեճի ժամանակ ծեծի է ենթարկել մի կնոջ, կամ նույն տարվա դեկտեմբերի 23-ին քարով ջարդել է իր արդեն հիշատակված ծանոթուհու ավտոմեքենայի հետնապակին…

Զարմանալի է Վազգեն Կարապետյանին հանրային բարոյականության պաշտպան ներկայացնելու՝ փաստաբանի ջանքը: Առավել զարմանալի է «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե» հ/կ նախագահ Աշոտ Աթոյանի անհիմն ու հավակնոտ հայտարարությունը նույն ասուլիսում, թե մարմնավաճառությամբ զբաղվողներին արտոնություններ են տրվում և «մարմնավաճառներին հովանավորում են ոստիկանությունից, Քննչական կոմիտեից ու դատախազությունից»:

Մարմնավաճառությունը գոյություն ունի ողջ աշխարհում: Եվ իրավապահները բոլոր երկրներում, այդ թվում՝ մեր հանրապետությունում, օպերատիվ, կանխարգելիչ ու քարոզչական միջոցառումներ են ձեռնարկում այդ սոցիալական երևույթի դեմ:

Խնդրով մտահոգ լինելու դեպքում իրավապաշտպանը կարող էր հետևել լրատվամիջոցներին, որոնք պարբերաբար լուսաբանում են մեր իրավապահ մարմինների այդ միջոցառումները: Սակայն զլացել է ուսումնասիրել հարցը: Եվ խնդրին բացարձակապես չտիրապետելու պատճառով հայտնվել է, մեղմ ասած, զավեշտալի վիճակում՝ պետությունից պահանջելով «վերահսկել իրավիճակը» և «պարբերաբար ստուգել մարմնավաճառներին»:

Փորձենք լրացնել չիմացության բացը. 2015 թ. առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններ բերվել են 2174 մարմնավաճառությամբ զբաղվողներ, իսկ վերջին մեկ ամսում՝ 460 մարմնավաճառությամբ զբաղվողներ, որոնց մի մասը ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ մի մասը ներկայացվել է ՀՀ ԱՆ մաշկավեներական դիսպանսեր՝ ստուգման:

Ոստիկանությունը պատրաստ է հիմնախնդրով իսկապես մտահոգ մասնագետներին ու կազմակերպություններին հարցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացնել ըստ հանրապետության մարզերի և մայրաքաղաքի վարչական տարածքների: –

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31