Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ դպրոցում ուսուցիչ աշխատելը կրկնակի առաքելություն է. Ա. Աշոտյան       

Օգոստոս 25,2015 10:55

2015-16 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը տրվել է ՀՀ Տավուշի մարզում: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երկրորդ տարին անընդմեջ Իջևանում մասնակցել է հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը, հանդիպել ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ինչպես նաև այցելել սահմանամերձ գյուղերի՝ Դովեղի և Բերդավանի դպրոցներ:

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած մանկավարժների ամենամյա համաժողովի սկզբում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը ներկայացրել է մարզի կրթության ոլորտի վիճակագրությունը՝ համեմատական անցկացնելով նախորդ և այս ուսումնական տարիների միջև: Այսպիսով, մարզի դպրոցների թիվն անփոփոխ է. 81 դպրոց, որից 4-ը՝ ավագ, ուսուցիչները 2119 են, կանխատեսվում է ունենալ 886 դասարան՝ 862-ի փոխարեն, 15295 աշակերտ՝ 14671-ի փոխարեն և 1770 առաջին դասարանցի՝ 1485-ի փոխարեն: Վարչության պետն անդրադարձ է կատարել ուսուցիչների ատեստավորման, առարկայական օլիմպիադաներում մարզի աշակերտների մասնակցության, ոլորտում տարբեր միջոցներով իրականացվող ծրագրերի, դպրոցներում իրականացված տեսչական ստուգումների, դասագրքերով ապահովվածության և դրանց վարձավճարների գանձման, անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների, մարզում ներառական կրթության ներդրման և բազմաթիվ այլ հարցերի: Ուսումնական ընթացիկ խնդիրների վերաբերյալ որոշ նկատառումներ են հայտնել Բերդավանի և Հաղարծնի դպրոցների տնօրենները:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ, նշել է, որ նոր ուսումնական տարվա շեմին կան բազմաթիվ հին խնդիրներ, որոնք մարզպետարանի, համապատասխան հաստատությունների հետ համագործակցված աշխատանքի շնորհիվ օպերատիվ լուծում կստանան: Արմեն Աշոտյանն իր խոսքում հատուկ կարևորել է սահմանամերձ համայնքներում կրթության կազմակերպման արդյունավետությունը՝ շեշտելով, որ բանակից հետո դպրոցը երկրորդ կարևոր պաշտպանական գիծն է: Նրա խոսքով՝ երկրորդ տարին անընդմեջ այցելում է Տավուշի մարզ, քանի որ այն հանդիսանում է հանրապետության ամենաթեժ կետերից մեկը: Նախարարը տնօրեններին է ներկայացրել այն կարևոր համակարգային բարեփոխումները, որոնք նախատեսվում են առաջիկայում: Մասնավորապես, ըստ Արմեն Աշոտյանի, Աժ-ն օրենք է ընդունել, ըստ որի՝ սկսած 2017 թվականից պարտադիր հանրակրթության տևողությունը մեր երկրում կլինի 12 տարի: «Վիճակագրական տվյալների համաձայն` տարեկան 3¬4 հազար աշակերտ 9-¬րդ դասարանն ավարտելուց հետո չի շարունակում կրթությունը: Այդ խնդիրը մենք դիտարկել ենք թե՛ կրթական, թե՛ սոցիալական կարևորության առումով: Ուստի, պետությունը պատրաստ է իր վրա վերցնել այդ երեք տարիների կրթության ծախսերը»,-նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը նաև անդրադարձել է Տավուշի մարզում ներառական կրթության ներդրման հաջողված փորձին՝ ընդգծելով, որ դրա շնորհիվ ամեն տարի 300 երեխա Տավուշի մարզում դառնում է հասարակության լիիրավ անդամ: Արմեն Աշոտյանի խոսքով՝ այս հարցում մարզն արդարև համարվում է առաջամարտիկ, թեև առկա է համապատասխան մասնագետների կարիք: Նախարարը նաև նշել է, որ Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրով նախատեսվում է դպրոցական ողջ ուսումնական ծրագրի վերանայում: «Եկել է դպրոցական կրթական ծրագիրը վերանայելու պահը. մեր դպրոցական հանրակրթական բովանդակությունը կորցրել է այն կուռ կառուցվածքը և տրամաբանությունը, որը պետք է ունենար: Շատ են դժգոհություններն առարկայական ծրագրերի ծանրաբեռնվածության և միջառարկայական կապերի թույլ արտահայտվածության վերաբերյալ»-նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը նաև տեղեկացրել է Կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական նոր ծրագրի մասին՝ ակնկալելով ակտիվ հասարակական քննարկումներ, այդ թվում՝ մանկավարժների մասնակցությամբ: Նա ներկայացրել է նաև դպրոցի տնօրենին հավաստագրից զրկելու նոր կարգը և դրա հիմքերը: Տավուշի մարզում կրթական ոլորտում եղած բացթողումների շարքում Արմեն Աշոտյանը մատնանշել է տարակարգ ստացած ուսուցիչների թվի սակավությունը՝ հորդորելով ավելի ակտիվ և նախաձեռնող լինել: Եզրափակելով իր խոսքը՝ Արմեն Աշոտյանը մի քանի լավ լուր է հաղորդել հանդիպման մասնակիցներին, մասնավորապես, առաջիկա ամիսներին նոր գույք կտրամադրվի ավագ դպրոցներին և խոշոր միջնակարգ դպրոցների ավագ դասարաններին. վերջիններիս կտրվեն նաև համակարգչային սարքավորումներ, իսկ սահմանամերձ կրթօջախներին՝ առանձին օգնություն: Նախարարն անդրադարձել է նաև նախակրթարանների հիմնման խնդրին Տավուշի մարզի այն համայնքներում, որտեղ դրանց կարիքը կա: Արմեն Աշոտյանի խոսքով՝ այս տարի ևս 100 դպրոց կներառվի «Ազգային երգն ու պարը» որպես պարտադիր առարկա ներդնելու փորձնական ծրագրում, որում ընդգրկված են որոշ դպրոցներ նաև Տավուշի մարզից: Խորհրդակցության ընթացքում նախարար Ա. Աշոտյանը պատասխանել է նաև Տավուշի մարզի մանկավարժների հարցերին, որոնք վերաբերել են կրթական բարեփոխումներին, հանրակրթական դպրոցների նոր դասագրքերին, տարակարգերի շնորհմանը, սահմանամերձ գյուղերի դպրոցների ֆինանսավորմանը և այլ հարցերի:

Համաժողովի ավարտին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ մարզի խնդիրները միշտ ուշադրության կենտրոնում պահելու համար: Մարզպետը նաև պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել 2014-2015 ուսումնական տարում ակտիվ գործունեությամբ աչքի ընկած մի շարք դպրոցների տնօրենների ու ուսուցիչների:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն անդրադարձել է մարզում ուսուցչական համակարգի համալրման նպատակով անցկացվող մրցույթներին: Ս. Առաքելյանը որպես խնդիր նշել է այն հանգամանքը, որ բուհ ընդունվող տղաների ուսման մակարդակը բավականին իջել է՝ մարզի մանկավարժների ուշադրությունը հրավիրելով այդ փաստի վրա, իսկ որպես նվաճում արձանագրել, որ Տավուշի մարզից 3 տասնյակից ավելի շրջանավարտներ ընդունվել են բժշկական համալսարան: Հանդիպման մասնակիցներն իրենց հուզող հարցերն են տվել նախարարին, ինչպես նաև ներկայացրել որոշ առաջարկություններ: Հանդիպումից հետո նախարարը նաև ծանոթացել է բուհի դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ֆակուլտետի ուսանողների ստեղծագործական աշխատանքներին:

ԿԳ նախարարի այցը շարունակվել է Նոյեմբերյանի տարածաշրջանում, որտեղ նա եղել է մի շարք սահմանամերձ համայնքների դպրոցներում: Մասնավորապես, նախարարն այցելել է Դովեղի և Բերդավանի դպրոցներ, հանդիպել դպրոցի մանկավարժական կազմին, լսել նրանց հուզող հարցերը: Նախարարը նշել է, որ պետությունը սահմանամերձ մարզի համար հեռահար կրթական քաղաքականություն է մշակում: Նրա խոսքով՝ ուսուցիչ աշխատելն առաքելություն է, իսկ սահմանամերձ համայնքի դպրոցում աշխատելը՝ կրկնակի առաքելություն: «Տավուշի մարզի բազմաթիվ գյուղերի ուսուցիչներ ամեն օր սխրանք են գործում՝ աշխատելով հավանական կրակի տակ, ապագա սերունդներին փոխանցելով գիտելիքներ ու արժեքներ: Այստեղի կրթական հիմնախնդիրները պայմանավորված են տարածաշրջանի ռազմավարական կարևորությամբ»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ նախարարությունը Տավուշի որոշ սահմանամերձ գյուղերի կտրամադրի աշակերտական գույք և համակարգչային սարքավորումներ: Որոշակի աջակցություն կցուցաբերվի նաև դասագրքերի ապահովման հարցում:  Սահմանը պահող գյուղերի ուսուցիչներին հիմնականում հուզում էին ուսանողների ուսման վարձերի զեղչերի, դպրոցների վերանորոգման և ուսուցիչների՝ սոցիալական փաթեթում ներգրավվածության հարցերը: Այդ կապակցությամբ նախարարը տեղեկացրել է, որ 2014 թվականին կառավարության նախաձեռնությամբ զեղչվել էր սահմանապահ որոշ գյուղերի ուսանողների ուսման վարձը: «Այս տարի համապատասխան ֆինանսական միջոցների առկայության պայմաններում հնարավոր է որոշակի օգնություն ցուցաբերվի նաև այլ գյուղերի»,- նշել է ԿԳ նախարարը՝ ընդգծելով, որ ներկայումս հստակեցվում է համայնքների ցանկը: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ այս տարվա ընթացքում երկու գյուղերում էլ կնախաձեռնվի նախակրթարանների ծրագրի իրականցումը:

Նշենք, որ ՀՀ պետական սահմանից 1.5 կմ հեռավորության վրա գտնվող Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցում 2015-¬2016 ուսումնական տարում կսովորի 65 աշակերտ: Անցած տարի աշակերտների թիվը եղել է 74: Դպրոցն ունի 20 ուսուցիչ: Իսկ սահմանից 2.5 կմ հեռավորության վրա գտնվող Բերդավան գյուղի միջնակարգ դպրոցում 2015-¬2016 թվականներին կսովորի մոտ 380 աշակերտ: Ամեն տարի այս դպրոցի աշակերտների առնվազն 60 տոկոսն ընդունվում է բարձրագույն ուսումնական հաստատություններ. 2015 թվականի 39 շրջանավարտներից 23-¬ն ընդունվել է պետական բուհեր: Ավագ դասարանների աշակերտների թիվը գերազանցում է 100-¬ը: Բերդավանի միջնակարգ դպրոցն ունի 47 մանկավարժ:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31