Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյանը` նախագահական գնալու մասին. «Հո չե՞նք պատրաստվում քոչել մեր երկրից»

Սեպտեմբեր 09,2015 16:33

Սահմանադրական փոփոխությունների հարցով այս անգամ ՀՀ նախագահի նստավայր են այցելել Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ներկայացուցիչները` կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի ղեկավարությամբ:

Aravot.am-ը պարոն Արսենյանին հիշեցրեց, թե ժամանակին ինքը հայտարարում էր, որ ՀՀ-ում չկա սահմանադրական ճգնաժամ և սահմանադրական փոփոխությունների կարիք, ուստի նախագահական գնալուց առաջ չէ՞ր վախենում, որ իրեն կքննադատեին այնպես, ինչպես այն ուժերին, որոնք, դեմ լինելով սահմանադրական փոփոխություններին, չմերժեցին Սերժ Սարգսյանի հրավերը:

Պարոն Արսենյանը պատասխանեց. «Ես քննադատության հետևանքով իմ տեսակետը չասե՞մ: Մարդիկ իրենց տեսակետն ասում են, ոմանց դա դուր է գալիս, ոմանց քննադատում են, ոմանց գովում, որովհետև իրենց հաճելի բաներ են արել: Բացարձակապես ինձ դա չէր անհանգստացել»:

Դառնալով իր նախկին դիրքորոշման ու ներկայիս քայլերի հակասության մասին հարցին` պարոն Արսենյանը պատասխանեց. «Երբ մենք ասում էինք, որ փոփոխությունների անհրաժեշտություն չենք տեսնում, հիմնավորում էինք, քանի որ այն ժամանակ քաղաքական լրիվ այլ իրավիճակ էր, հիմա` այլ: Հիմա այդ փոփոխություններն օրակարգում են, և դրանց չմասնակցելը ոչ մի լավ բան չի տա»:

Մեր հարցին` իսկ ի՞նչն է փոխվել, որ այժմ փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել, Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Անհրաժեշտությունը պարոն Արսենյանը չի առաջացրել, այլ այն համակարգերը, որոնք այդ հարցը օրակարգում դրել են և այդ գործընթացը գնում է: Պարոն Արսենյանը չի ասում, որ անհրաժեշտության խնդիրն է փոխվել, մենք մեր տեսակետին ենք, ասում ենք անհրաժեշտություն չկա, բայց տեսնում ենք, որ օրակարգում այդ թեման կա, հիմա հնարավոր է, չէ, որ դա դառնա մեր հիմնական օրենքը, բա ո՞նց չմասնակցենք : Հո չե՞նք պատրաստվում քոչել մեր երկրից: Անառողջ հետաքրքրություն է ոչ թե բովանդակության, այլ ձևի շուրջ»:

Պարոն Արսենյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ հանգիստ, փոխըմբռնման մթնոլորտում քննարկել են հարցը, ներկայացրել իրենց առաջարկները: Օրինակ` այն, որ եթե փոխվում է կառավարման համակարգը, պարտադիր չէ, որ դրա հետ միասին փոխվի նաև սեփականության պաշտպանվածության ինստիտուտը, մարդկանց իրավունքների ու ազատության խնդիրները:

Գուրգեն Արսենյանը հստակեցրեց, թե Հայաստանում հիմա էլ սահմանադրական ճգնաժամ չկա, բայց «եթե նախագահը տեսնում է փոփոխությունների անհրաժեշտություն և մտցրել է օրակարգ, որն արդեն կատարված փաստ է, ի՞նչ անենք ջայլամի պես գլուխներս մտցնենք ավազի մե՞ջ, ասենք` տենց բան չկա՞»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930