Լրահոս
Օրվա լրահոսը

Նիսի հայ համայնքի ներկայացուցիչ. «Շատերը համայնքի հետ կապերը վերածել են բիզնեսի» (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 18,2015 12:55

Սեպտեմբերի 18-ին «Նոյյան Տապանի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպեցին Ֆրանսիայի Նիս քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները՝ Նիս քաղաքի Հայկական միության փոխնախագահ Մացակ Փոլադյանը եւ Նիսի Ծխական խորհրդի վերընտրված ատենապետ Արտո Օքսայանը: Նրանք Հայաստանում էին մյուռոնօրհնեքի արարողությանը եւ Հայաստանի անկախության տոնին մասնակցելու նպատակով:

Արտո Օքսայանը նշեց, որ 1915-ի ցեղասպանությունից հետո Ֆրանսիան մեծ թվով հայություն է ընդունել, եւ ներկայումս Նիսի գաղութում 5000-10000 հայ է ապրում, հստակ թիվը չգիտեր, քանի որ վերջին տարիներին մեծ թիվ են կազմում Հայաստանից արտագաղթածները, որոնք «թուղթերու պրոբլեմ ունին»:

Օքսայանն ասում է, որ Ֆրանսիայի տարածքում շուրջ 50 հայկական եկեղեցի կա, ինչ վերաբերում է Նիսին, այնտեղ մեկ հայկական եկեղեցի է գործում:

Պարոն Օքսայանը հավելեց, որ Ֆրանսիայի նախագահը խոստացել է մինչեւ իր լիազորությունների ավարտը նպաստել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը: Նրա խոսքով, հայերը լավ անուն ունեն Ֆրանսիայում:

Բանախոսը նաեւ փաստում է՝ աշխարհի բոլոր երկրներում, որտեղ դեմոկրատիա կա, հայությունը ձուլվում է, լեզուն մոռացվում: Օրինակ, ըստ Օքսայանի, Ֆրանսիայում հայկական դպրոցների մակարդակը բարձր չէ, եւ Հայաստանից ներգաղթածներն են պահում միությունն ու հայությունը:

Նիսի եկեղեցու շուրջ եղած բացասական իրադարձություններին էլ անդրադարձ եղավ: Օքսայանն ասաց, որ Նիսի եկեղեցու հին վարչությունը չի ընդունել Վեհափառի օրենքները, ի տարբերություն մյուս 19-ը ծխերի: «1828-ին կառուցված Նիսի եկեղեցին, որեւէ մեկը վաճառելու իրավունք չունի, եւ համայնքը որոշակի անվստահություն ուներ Վեհափառի հանդեպ… Սուտ ըսի ըսավներ մեջտեղ հանեցին, տեր Վաչեի հանդեպ ամբաստանություններ ըրին, գործը հասավ դատարան, տեր Վաչեն արդարացավ դատարանով»,- պատմեց պարոն Օքսայանը: Նա ափսոսում է, որ այդ պատմությունների արդյունքում Նիսի եկեղեցու անունը մրոտվեց, բայց հույս ունի, որ դատական ճանապարհով խնդիրը կլուծվի:

Մացակ Փոլադյանն էլ փաստեց, որ Ֆրանսիայի նախագահները ոչ թե «մեր սեւ աչքերի», այլ իրենց՝ հայերի կողմից տրված ձայների համար են հայանպաստ քայլեր անում:

Նա հավելեց, որ հայկական համայնքը գերադասում է Հայաստանի հետ կապը պահել Սփյուռքի նախարարության միջոցով. «Մարդիկ հարաբերությունները վերածել են բիզնեսի աղբյուրի, հաճախ մեզ դիմում են մարդիկ իբր երեխային վիրահատելու եւ բժշկական օգնություն ցույց տալու համար, մեկ էլ պարզվում է, որ այդ մարդը հիվանդ երեխա չունի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930