Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Սնխչյանի հարազատները կարծում են, որ Ավագյանների դեմ Էդգարին ուղղորդում են

Սեպտեմբեր 18,2015 17:44

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր` Արթուր Ավագյանի կատարած վրաերթի թեմայով նոր զարգացումներ են տեղի ունենում: Մասնավորապես այն, որ այսօր «Ժողովուրդ» թերթին իր դժգոհություններն է հայտնել տուժող 28-ամյա Էդգար Սնխչյանը: Նա վստահեցնում է, որ Ավագյաններն իրեն սկզբում խոստացել են, որ ամեն կերպ աջակցելու են, սակայն հիմա հրաժարվում են օգնել:

Հիշեցնենք նաև, որ Էդգարի` Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում գտնվելու ժամանակ նրա հարազատները «Հրապարակ» թերթին հայտնել էին, թե Ավագյաններն ամեն կերպ աջակցում են իրենց:

Սակայն այժմ Էդգար Սնխչյանը պնդում է, որ նրանց նկատմամբ ճնշումներ են եղել, այդ պատճառով էլ որևէ դժգոհություն չեն հայտնել: Էդգարը մասնավորապես նշում է. «Հարազատներիս բոլորին համոզել են, որ եթե սենց անեք լավ կլինի, մենք այս ամեն ինչը իրական լուծման ենք բերելու, այս մարդուն առողջացնելու ենք, ոնց եղել է, այդպես վերադարձնելու ենք ձեզ»:

Aravot.am-ը գտավ Էդգար Սնխչյանի հարազատներից ոմանց ու զրուցեց նրանց հետ: Քեռուց՝ Գևորգից հետաքրքրվեցինք`արդյոք Ավագյանները հոգացե՞լ են իր զարմիկի բուժման ծախսերը, թե՞ խաբել են նրան, նա պատասխանեց. «Ավագյանների կողմից ես ոչ մի վատ բան չեմ տեսել: Ինչքան հիվանդանոցում եմ եղել, իրենք էլ են եղել այնտեղ, ամեն հարցով մասնակցել»:

Մեր հարցին` այդ դեպքում Էդգարն ինչու՞ է բողոքում, քեռին պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե ինչու է նման կերպ իրեն պահում, բայց ես նման կերպ ինձ չէի պահի: Իմ մարդկային տեսակի մեջ չեմ կարողանում բացատրել նրա վարքը: Ես իրենից նեղացած եմ շատ խիստ հենց այդ հարցի հետ կապված: Ես տեսել եմ, որ Ավագյաններն են գնում, գալիս, հոգում, տեսնում, խոսում, բերում, տանում»:


Կա մի տեղեկանք, որտեղ երևում է, որ Էդգարը զինծառայությունից ազատվել է հոգեկան խնդիրների պատճառով, այս առիթով նրա քեռին ասաց. «Ես տեղյակ եմ, որ Էդգարը բանակում չի ծառայել, պատճառներն էլ հենց այդպիսին են եղել: Նրա վրա ճղած-մղած տեղեր կան, դրանք էլ կապել են հոգեկանի հետ»:

Զրուցեցինք նաև Էդգարի մորաքրոջ աղջկա` Կարինե Միսակյանի հետ: Նա նշեց, որ առաջին օրվանից հիվանդանոցում` Էդգարի կողքին է եղել: Հետաքրքրվեցինք`իր վրա ճնշումներ գործադրե՞լ են, Կարինե Միսակյանը պատասխանեց. «Ինձ վրա ոչ մի ճնշում չի գործադրվել: Թեև եղբայրս ինձ համար անփոխարինելի է, բայց իմ մարդկային տեսակի մեջ չի մտնում այն, ինչ հիմա խոսում է: Այդ մարդիկ առավոտից մինչև երեկո եղել են Էդգարի կողքին. շատ ավելի շատ, քան մնացած բոլորը, ովքեր իբր թե Էդգարի կողքին էին»:

Հարցին` Ավագյանները հոգացե՞լ են իր եղբոր բժշկական ծախսերը, Կարինե Միսակյանը պատասխանեց. «Ես տեսել եմ, որ Ավագյանները բոլոր բուժման ծախսերը հոգացել են, անգամ խնդիր էր եղել, որ մենք պետք է գլխի KT-ի համար վճարեինք, բայց անգամ դա նրանք թույլ չտվեցին, նույն րոպեին իրենք են վճարել»:

Մեր հարցին` այդ դեպքում ինչո՞ւ է հիմա Էդգարը բողոքում, նա պատասխանեց. «Անկեղծ այդ հարցին չեմ կարող պատասխանել, չգիտեմ` ինչ դիրք է բռնել ու այդ ամենը ինչի համար է կատարվում: Կոնկրետ Արթուր Ավագյանի մասին ոչ մի վատ բան չեմ կարող ասել, քանի որ իրենից ոչ մի վատ բան չեմ տեսել: Անգամ Կարեն Ավագյանը եկավ ու ասաց, որ ամեն ինչի մասին կհոգան, խնդիր չէ, ուղղակի չգիտեմ` ինչ հիմարություններ են տարածվում»:

Մեր հարցին` կարո՞ղ է Էդգարն ընկել է ազդեցության տակ, Կարինե Միսակյանը պատասխանեց. «Շատ հնարավոր է, որ ինչ-որ մեկն իրեն ուղղորդում է, քանի որ իմ եղբորը ես այսպես չեմ ճանաչել, իրենով ես ամբողջ կյանքում հպարտացել եմ: Ինքը նման բան չէր անի, քանի որ ինչ անում է, դա ինքը չէ»:

Նշենք, որ քիչ առաջ Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում այս թեմայով գրել է. «Կա իրականություն, որի մասին այսօր ոչինչ չեմ խոսելու: Կսպասեմ մի քանի օր: Մեծ հույս ունեմ, որ հարգարժան Էդգար Սնխչյանը դեռ հետ կկանգնի այս ամոթալի ճանապարհից: Կա Աստված: Ես դեռ կսպասեմ։ Խոստանում եմ՝ ամեն ինչ մանրակրկիտ ասել»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930