Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում ամբողջ հայությանը գիտակցել հայոց պետականության վրա կախված վտանգը»

Սեպտեմբեր 18,2015 18:57

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը սահմանադրական փոփոխությունների քննարկման ընթացքում:

Երեկ դուք, հանրապետականներդ, ասացիք, որ շնորհակալ եք ինձ «առողջ» առաջարկի համար՝ ուղիղ եթերով հեռարձակել սահմանադրական քննարկումները։ Ես այսօր շատ ավելի առողջ առաջարկ ունեմ, որը նաեւ անմիջապես կբարելավի ամբողջ երկրի առողջությունը։ Առաջարկում եմ Ձեզ, հանուն ժողովրդավարության, Սահմանադրությունը փոխելու փոխարեն ամբողջ կազմով, Սերժ Սարգսյանի հետ միասին, հրաժարական տալ, մի անգամից բացելով Հայաստանի համար դուռը դեպի ժողովրդավարություն եւ զարգացում։

Բայց ձեր առաջիկա ծրագիրը հասկանալիորեն դա չէ, եւ ես, ինչպես երեկ խոստացել էի, կփորձեմ այս ելույթում բացահայտել, թե ինչ է թաքնված այս սահմանադրական գործընթացի ետեւում։ Բան այն է, որ Սերժ Սարգսյանը, բնականաբար, շատ լավ հասկանում է, որ իրականում սահմանադրական գործող կիսանախագահական մոդելը լավագույնն է Հայաստանի համար։ Նա հրապարակայնորեն հայտնել է իր տեսակետն այդ մասին, ընդգծելով, որ գործող կիսանախագահական համակարգը ապահովում է Հայաստանի անվտանգությունը եւ կայունությունը, մինչդեռ առաջարկվող խորհրդարանականը այդ առումով լուրջ մտահոգություններ է առաջացնում։

Եվ իսկապես, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ խորհրդարանական համակարգերը շատ անկայուն են, հատկապես համաեվրոպական տաքարյուն ազգերի դեպքում, եւ շատ հաճախ վերածում են երկրի կառավարումը միջկուսակցական գզվռտոցի եւ մշտական կառավարական ճգնաժամների։ Ֆրանսիան հենց այդ պատճառով խորհրդարանական համակարգից անցավ կիսանախագահականի, ինչը անմիջապես կայունացրեց երկրի կառավարումը, ընդ որում անգամ այն դեպքերում, երբ տեղի է ունենում այսպես կոչված cohabitation-ը, այսինքն` նախագահի եւ նրան ընդդիմադիր մեծամասնության համակեցությունը։ Իտալիայում, Բուլղարիայում եւ Հունաստանում ճգնաժամները պերմանենտ բնույթ են ստացել։ Նույնը կլիներ Իսպանիայում, եթե չլիներ միապետության կայունացնող դերը: Մինչդեռ Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի կիսանախագահական համակարգերը կայուն են եւ արդյունավետ:

Սակայն Հայաստանի պարագայում ավելի կարեւոր է անվտանգության խնդիրը։ Ով-ով, բայց Սերժ Սարգսյանը բոլորից լավ է հասկանում, որ ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ ինքը Սարգսյանը, լավ թե վատ, որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատարներ, պրոֆեսիոնալ հիմքով զբաղվել են բանակի ղեկավարման գործով եւ այդ առումով կիսանախագահական համակարգը անվտանգության բնագավառում ապահովում է զինված ուժերի կառավարման հուսալի համակարգ: Ներկայացված նախագծի գերմանական /եւ Իսրայելի հետ որեւէ կապ չունեցող/համակարգը, ինչպես արդեն ասվեց բազմաթիվ ելույթներում, ուղղակի համարժեք չէ այսօրվա կիսապատերազմական վիճակին եւ երկրի անվտանգության դեմ առկա սպառնալիքներին: Իսկ այն կուսակցության ներկայացուցիչներին, որը մեկ անգամ արդեն ձախողել է անկախ Հայաստանի պաշտպանության գործը, կործանելով Առաջին հանրապետությունը, ընդ որում խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում, ես ընդհանրապես խորհուրդ չէի տա խոսել Հայաստանի անվտանգության խնդիրներից:

Հարց է ծագում. ինչպե՞ս է հնարավոր, որ անվտանգության եւ կայունության հարցերում թրծված գործիչ Սերժ Սարգսյանը, սեփական համոզմունքի դեմ դուրս գալով, իբր թե Հայաստանի ժողովրդավարացման նպատակով, ինքն է նախաձեռնում մի ռեֆորմ, որը Հայաստանին ոչ մի լավ տեղ չի տանելու: Հուսով եմ, ոչ ոք չի հավատում, որ ՍերԺ Սարգսյանը որոշել քաղաքական թատերաբեմը թողնելուց առաջ հայ ժողովրդին նվիրել ժողովրդավարություն եւ այդպիսով քավել ժողովրդավարության դեմ գործած իր բոլոր մեղքերը:

Ի՞նչն է, ուրեմն Սերժ Սարգսյանի բուն նպատակը: Առեղծվածը շատ պարզ լուծում ունի. Հակառակ գործող Սահմանադրության 50-րդ հոդվածի, որը թույլ չի տալիս որեւէ մեկին ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հայաստանի նախագահ, Սերժ Սարգսյանը չի պատրաստվում ոչ մեկին իշխանությունը տալ եւ սահմանադրական փոփոխության ամբողջ ծրագիրը ծառայում է միայն մեկ նպատակին՝ պահպանել սեփական իշխանությունը:

Սերժ Սարգսյանը չի կարող Պուտինի նման մեկ նախագահական ժամկետ ծառայել երկրին որպես վարչապետ, իսկ հետո նորից ընտրվել նախագահ, որովհետեւ բացարձակապես չունի ժողովրդականություն եւ հասկանում է, որ գործող Սահմանադրության պահպանման դեպքում ընդմիշտ դուրս է մղվելու քաղաքականությունից: Չէ՞ որ, եթե, «Ժառանգորդ» օպերացիայի շրջանակներում, Հայաստանի հաջորդ նախագահ կարգի ուժեղ ֆիգուրի, ապա այդ ֆիգուրը կանի Սերժ Սարգսյանի հետ ուղիղ այն, ինչ Սերժ Սարգսյանն արեց Ռոբերտ Քոչարյանի հետ: Իսկ եթե կարգի թույլ ֆիգուրի, նրա շուրջ չեն համախմբվի ընտրակեղծարարության համար անհրաժեշտ՝ օլիգարխների եւ կրիմինալի ռեսուրսները: Նա նաեւ չի կարող գնալ Լուկաշենկոյի, Ալիեւի եւ Նազարբաեւի ճանապարհով եւ հանել երրորդ անընդմեջ նախագահական պաշտոնավարման սահմանադրական արգելքը: Նա հասկանում է, որ ժողովուրդը կապստամբի Սերժ Սարգսյանին՝ որպես ցմահ նախագահ ունենալու հեռանկարի դեմ:

Ուստի նա ընտրել է շատ ավելի խորամանկ տարբերակ. սեփական իշխանությունը վերարտադրել խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու քողի ներքո, իբր ընդառաջելով որոշ ընդդիմադիր ուժերի պահանջներին: Դրա համար մշակվել է մի նոր, ժողովրդավարական աշխարհի պրակտիկայում դեռ չտեսնված մի համակարգ: Այդ համակարգում երաշխավորվում է իշխող կուսակցության բացարձակ իշխանությունը, իսկ այդ ուժի ղեկավարը, համատեղելով ԱԺ նախագահի եւ իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնները, ձեռք է բերում խորհրդային «գենսեկի » կարգավիճակ եւ իր ձեռքում է կենտրոնացնում պետական իշխանության ամենակարեւոր լծակները, միաժամանակ չկրելով որեւէ պատասխանատվություն կառավարման արդյունքների համար:

Նախագծի գլխավոր բաղադրիչներն են՝ թույլ նախագահ, որ չունի վարչապետի թեկնածություն առաջադրելու լիազորություն եւ չի լինելու գերագույն գլխավոր հրամանատարը, թույլ վարչապետ, որը ցանկացած պահի կարող է հեռացվել ԱԺ նախագահի կողմից իր ղեկավարած մեծամասնության ուժով, եւ, բնականաբար գերհզոր ԱԺ նախագահ, որն ունի գործադիր իշխանության ձեւավորման գործում ամենակարեւոր՝ վարչապետի թեկնածուի առաջադրելու լիազորությունը, եւ, ի տարբերություն նախագահի եւ վարչապետի, չի կարող հեռացվել որեւէ սահմանադրական մեխանիզմով: Այսինքն, ամեն ինչ արված է, որ Սերժ Սարգսյանը 2018թ. ապրիլի 9-ից հետո շարունակի իր միանձնյա նախագահական կառավարումը Հայաստանում, այս անգամ՝ ԱԺ նախագահի կարգավիճակով:

Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարել է, որ նոր սահմանադրության ընդունումից հետո չի ձգտում ոչ նախագահի, ոչ էլ վարչապետի պաշտոնին: Նա հրապարակավ երբեք չի հայտարարել, որ չի ձգտելու ԱԺ նախագահի պաշտոնին: Ներկայացված սխեմայի ամբողջ հմայքը, սակայն, այն է, որ ապագայում Սերժ Սարգսյանը շատ հանգիստ կարող է հայտարարել, որ նոր սահմանադրության ընդունումից հետո չի դառնա նաեւ ԱԺ նախագահ, եւ դա կլինի բացարձակ ճշմարտություն, որովհետեւ, համաձայն իրենց պլանի, 2017թ. ԱԺ ընտրություններից հետո ԱԺ նախագահ կընտրվի լրիվ այլ մարդ, օրինակ՝ հարգարժան Գալուստ Սահակյանը: Այլ բան է, որ որոշ «պատահականությունների» շնորհիվ, որոնք այսօր ոչ ոք չի կարող կանխատեսել, ճակատագրի քմահաճույքով, այդ տեղը թափուր կդառնա ուղիղ այն ժամանակ, երբ կգա ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու՝ Սերժ Սարգսյանի հերթը:

Ահա սա է Սերժ Սարգսյանի ամբողջ ծրագիրը: Բնական է, որ հայ ժողովուրդը չի կարող թույլ տալ դեպքերի նման զարգացում, որի հետեւանքով ոչ միայն կաղճատվի Հայաստանի սահմանադրական համակարգը՝ երկրի կայունության եւ անվտանգության համար բոլոր բացասական հետեւանքներով, բայց նաեւ կհաստատվի Սերժ Սարգսյանի ցմահ իշխանությունը: Ուստի, մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ սահմանադրական հանրաքվեի, ըստ էության, դրվում է ոչ թե նոր սահմանադրությանը «Այո » ասելու հարցը, այլ՝ դրվելու է Սերժ Սարգսյանին իշխանության հավիտենացմանը «Այո » ասելու, երկրի տնտեսության մենաշնորհացմանը եւ համակարգային թալանին, ընտրակեղծիքներով իշխանության բռնազավթմանը «այո » ասելու հարցը: Բնական է, որ առաջիկա հանրաքվեն այսպիսով իրականում կվերածվի Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի:

Սեպտեմբերի 12-ին «Չեք անցկացնի» կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել է վերարտադրման այս սահմանադրափոխությանը «Ոչ » ասելու միասնական ճակատը, որին զինվորագրվել են Հայ Ազգային Կոնգրեսը, Ժառանգություն կուսակցությունը, Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, Հիմնադիր խորհրդարանը եւ բազմաթիվ այլ քաղաքական ուժեր, քաղաքացիական նախաձեռնություններ եւ հասարակական կազմակերպություններ, որոնք ցանկանում են վերջ տալ Սերժ Սարգսյանի բռնապետությանը եւ վերադարձնել Հայաստանը ժողովրդավարական ուղու վրա:

Սեպտեմբերի 25-ին «Չեք անցկացնի » կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիում կկայանա «Ոչ» ճակատի առաջին հանրահավաքը, որով սկիզբ կդրվի Սերժ Սարգսյանի սահմանադրական այս արկածախնդրության տապալման դեմ երկրում ծավալվող պայքարին:

Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում ամբողջ հայությանը գիտակցել հայոց պետականության վրա կախված վտանգը եւ վճռականորեն «Ոչ » ասել սահմանադրական այս արկածախնդրությանը, ինչպես նաեւ, միանալով դրա դեմ մղվող պայքարին, ակտիվորեն մասնակցել հանրահավաքներին, «Ոչ »-ի քարոզարշավին, ստեղծելով երկրում մի մթնոլորտ, որը թույլ չի տա ընտրակեղծարարներին ապահովել Սերժ Սարգսյանի ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ 650 հազար ձայնը:

Իհարկե, իշխանությունները ամեն ինչ կանեն հանրաքվեն կեղծելու, դիմադրությունը ջլատելու, քաղաքական ուժերին պառակտելու եւ հնազանդեցնելու համար: Իհարկե, նրանց քարոզելու ռեսուրսները անհամեմատ ավելի հզոր են: Բայց սա այն պայքարը չէ, որտեղ մենք պետք է հաշվարկենք. հաղթելո՞ւ ենք, թե՞ պարտվելու: Երբ ամբողջ ազգը տանում են ստրկացման, հաշվարկելը անբարոյական է: Այստեղ պարտություն է չդիմադրելը: Դիմադրության շարժման ստեղծումն արդեն՝ հաղթանակ կլինի մեր ազգի համար, իսկ եթե հաջողվի ժողովրդի բոլոր խավերին եւ շերտերին հասցնել այս չարաբաստիկ պլանի էությունը, վստահ եմ, որ ժողովուրդը հանուն արժանապատվության ոտքի կկանգնի եւ կխափանի բռնազավթման այս ծրագիրը: Եթե սա հաջողվի, իշխող ռեժիմը կկրի այնպիսի պարտություն, որից նա այլեւս ուշքի չի գա եւ ստիպված կլինի հեռանալ:

Սիրելի ժողովուրդ, վստահ եմ, որ միասին մենք միեւնույն է հասնելու ենք հաղթանակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930