Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ալեքսանդր Սարգսյանին դներ նախագահ, ինքն էլ դառնար վարչապետ, կլինե՞ր վերարտադրություն». Արարատ Զուրաբյան (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 28,2015 13:32

Վերարտադրվել ցանկացողը ցանկանալու է վերարտադրվել, հասարակությունն էլ պարտավոր է ամեն ինչ անել, որ չլինի այս ոճի իշխանություն:

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Արարատ Զուրաբյանը, խոսելով Սահմանադրական բարեփոխումների մասին, ասաց, որ գտնում են, որ դրանք տեղին են եւ նորմալ են. «Մյուս կողմից չեմ կարծում, որ մենք պետք  ընդգրկվենք այո-ի կամ ոչ-ի գործընթացին»:

«Սահմանադրական փոփոխությունների հետ մեկտեղ լինելու է լրիվ ուրիշ ընտրակարգ՝ համամասնական: Որեւէ մեկը մաթեմատիկական հաշվարկ չի անում՝ ո՞րն է տարբերությունն այս ընտրակարգի եւ առաջարկվող ընտրակարգի: Լավագույն դեպքում ամբողջ ընդդիմությունը միասնաբար հնարավո՞ր է համամասնականի պարագայում 70 տոկոսից ավելի ձայն հավաքի: Բայց գործող Սահմանադրության պարագայում եթե նույնիսկ 70 տոկոս է հավաքում ընդդիմությունը, միեւնույն է, իշխանությունը մեծամասնական բոնուսի պարագայում իշխանություն է ձեւավորում: Հիմա կողմնակից չլինել 100 տոկոս համամասնական ընտրակարգին, ինձ համար զարմանալի է»,- բացատրեց Արարատ Զուրաբյանը:

Ըստ նրա, իդեալական Սահմանադրություն չկա, խոցելի կետեր կարելի է գտնել: Բայց նրանք, ովքեր գտնում են, որ Սահմանադրական փոփոխությունները վատն են, ուրեմն պետք է իրենց մեջ ուժ գտնեն եւ հայտարարեն, որ գործող Սահմանադրությունը լավն է:

Aravot.am-ի հարցին՝ այսինքն, Դուք մերժո՞ւմ եք այն թեզը, որ այս ամենն արվում է Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման համար՝ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Եթե ինձ կարողանաք բացատրել ինչ է նշանակում Սերժ Սարգսյանի վերարտադրություն… Եթե Սերժ Սարգսյանը, ասենք, Ալեքսանդր Սարգսյանին դներ նախագահ, ինքն էլ դառնար վարչապետ, կլինե՞ր իր իշխանության վերարտադրությունը, թե՞ ոչ: Իմ գնահատմամբ՝ կլիներ, եթե խնդիրը դներ վերարտադրությունը: Վլադիմիր Պուտինը վերարտադրե՞ց իր իշխանությունը, երբ դարձավ վարչապետ, Մեդվեդեւը՝ նախագահ: Վերարտադրվեց, չէ՞: Այս համակարգերը տարբերություն չունեն: Եթե ուզում ես իշխանությունը բռնազավթես՝ կիսանախագահական է, պառլամենտական է, թե ուրիշ բան է՝ կապ չունի: Վերարտադրվել ցանկացողը ցանկանալու է վերարտադրվել, հասարակությունն էլ պարտավոր է ամեն ինչ անել, որ չլինի այս ոճի իշխանություն»:

Ըստ նրա, Սահմանադրությունը գործիք է, որը եթե օգտագործես՝ կարող ես արդյունքների հասնել. «Այստեղ օրգանական օրենքների անցկացման համար պետք է ոչ թե պարզ մեծամասնություն, այլ՝ 3/5-րդը ձայների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Shur says:

    չեմ էլ կարդալու սրա գրածը
    Կենտրոնի այլանդակելը սկսվել ա իրա թաղապետության օրոք, հերիք ա որ զզվեմ սրանից

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930