ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ համաձայն չէ այն տեսակետին, թե «Ոչ»-ի ճամբարում չկան շատ թե քիչ ծանրակշիռ ուժեր, որոնք ի զորու են կռիվ տալ եւ հաղթել «Այո»-ի դեմ կենաց-մահու պատերազմում։
-Ես Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ՝ նոնսենս է, երբ իշխանությունը, հղում անելով քվեարկության արդյունքներին, պնդում է, թե ձեւավորվել է քաղաքական լայն կոնսենսուս սահմանադրական փոփոխությունների շուրջ։
Ինչո՞ւ։ Որովհետեւ ի սկզբանե այս խորհրդարանը եւ նրա մեծամասնությունը կեղծ մեծամասնություն է. նման մեծամասնություն Հայաստանում եւ հայ ժողովրդի մեջ չկա։
Երկրորդ՝ հիշենք, թե ինչպես նրանք ապահովեցին այդ ձայների մեծամասնությունը։ Թե՞ մոռացել եք այն բռնությունների շղթան, որ եղավ, երբ եռյակն սկսեց զանգվածային ցույցեր անել, անօրինական, հակասահմանադրական սպառնալիքները «Բարգավաճ Հայաստանի» ուղղությամբ, 500 մարդկանց ձերբակալումը եւ այլն։ Դրա անունը կարելի՞ է դնել կոնսենսուս։
Այսինքն՝ կոնսենսուս չկա իրականում։ Իսկ ես ունեմ ապացույցներ, որ կա կոնսենսուս հակառակ ուղղությամբ՝ «ոչ»-ի շուրջ։
-Եվ որո՞նք են այդ ապացույցները։
Կարդացեք նաև
-Եկեք անդրադառնանք հասարակական տրամադրություններին։ Մոտ 200 հասարակական կազմակերպություններից կազմված «Եվրոպական միության գործընկերության ազգային պլատֆորմը» միաձայն հայտարարություն ընդունեց, որով մերժում է այս սահմանադրության նախագիծը։ Սա՝ մեկ։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի հայտարարությունը՝ երկուս։
Երեկ հրապարակվեց Հելսինկյան ասամբլեայի հայտարարությունը, որ այս գործընթացն օրենքից դուրս է, եւ նման կերպ ընդունված փաստաթուղթը չի կարելի դնել հանրաքվեի։ Սա՝ երեք։
Չորրորդը՝ ավելի քան 50 փաստաբաններ հանդես եկան հայտարարությամբ, որ դեմ են քվեարկության դրված նախագծին։ Լսել եմ, որ կլինեն նոր հայտարարություններ, մասնավորապես բնապահպանների կողմից։
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, քաղաքական ուժերի որոշ մասը ծախվեց, ջախջախվեց, գայթակղվեց, եւ այլն, եւ այլն։ Դրանից եզրակացնել, որ փոփոխությունների նախագիծն ստացել է հասարակության աջակցությունը՝ ուղղակի կեղծիք է։ Հասարակությունը նման աջակցություն ցույց չի տալիս իշխանության նախաձեռնությանը՝ իմ բերած օրինակները վկայում են, որ այդ աջակցությունը չկա։
Այնպես որ, մենք մենակ չենք մնացել՝ մեզ հետ են «Ոչ»-ի դիմադրության քաղաքական ուժերը եւ հասարակությունը։ Իսկ դա շատ ավելի մեծ ու լայն դաշինք է, քան ներկայացնում են իշխանությունները։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:


















































