Լրահոս
Օրվա լրահոսը

Եվգենի Պլյուշչենկոն Երեւանում հեքիաթային սառցե շոու կցուցադրի (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 20,2015 14:14

Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Հայաստանում աննախադեպ սառցե շոու, որը հատուկ հայ հանդիսատեսի համար բեմադրել է պրոդյուսեր Արի Զաքարյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա տեղեկացրեց, որ 2,5 ժամ տևողությամբ շոուն ներառում է՝ աշխարհի լավագույն գեղասահորդների պրոֆեսիոնալ կատարումներ, անհավանական ցատկեր, գեղասահորդ-ակրոբատների ֆանտաստիկ համարներ: Կարճ ասած՝ հանդիսատեսին հեքիաթային բեմադրություն է սպասվում: «Հանդես են գալու հայ գեղասահորդներ ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ Ռուսաստանից: Նրանք բարձրակարգ եւ աշխարհում հայտնի մարզիկներ են, բայց հայերից քչերը գիտեն նրանց: Ի դեպ, ռուսաստանաբնակ 13-ամյա մի հայ պատանի հավակնում է դառնալ գեղասահքի հայտնի անուններից մեկը, իսկ թե ով է նա, առայժմ չեմ բացահայտի»,-ասաց Արի Զաքարյանը:

Շոուին կմասնակցի սառցե բեմի արքա Եվգենի Պլյուշչենկոն: Նա տեղեկացրեց, որ իր ելույթի ընթացքում նվագելու է ջութակահար Էդգար Հակոբյանը: Հանրահայտ գեղասահորդը հերքեց լուրերը, թե առողջական խնդիրներ ունի եւ կրկին վիրահատվել է. «Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ամեն որ պարապում եմ, ծրագիր ունեմ նաեւ Մոսկվայի Մեծ թատրոնի համար: Աշխատանքս եռում է, հետեւում եմ քաշիս եւ մտադիր եմ շարունակել ուրախացնել իմ երկրպագուներին»:

Բացառիկ արհեստավարժությամբ աչքի ընկնող Պլյուշչենկոն վերհիշեց Երեւանում կայացած առաջին համերգը. «Եթե չեմ սխալվում, 2008 թվականն էր: Շոուի ընթացքում հանդիսատեսի շարքում հանկարծ նկատեցի երկու կնոջ, որոնք լաց էին լինում: Հուսամ՝ երջանկությունից էին լաց լինում»,-կատակեց գեղասահորդը: Խոսելով Հայաստանում գեղասահքի զարգացման հեռանկարից՝ նա ասաց. «Սահադաշտեր եւ առհասարակ գեղասահք չկա: Իհարկե մեզ ասացին, որ երեխաների համար կառուցվում է սահադաշտ, բայց այլ է հարցը, որ այդ սահադաշտը մի քանի ամիս է գործելու: Այդպես արդյունք չի լինի, սպորտը չի զարգանա, մինչդեռ Հայաստանում կան համապատասխան մարզիկներ»:

Պլյուշչենկոն մինչեւ Երեւան ժամանելը ելույթներ է ունեցել նաեւ Էստոնիայում, իսկ առաջիկայում նախատեսում է եւս մի քանի տասնյակ շոուներով հանդես գալ: Նա չբացառեց հետագայում օլիմպիադաներին մասնակցությունը. «Ոչ մի գեղասահորդ 5 անգամ հանդես չի եկել օլիմպիադայում: Ուզում եմ ինքս ինձ ապացուցել, որ դա կարող եմ անել»:

Նոյեմբերի 20-ին ելույթ կունենա նաեւ սառցե ակրոբատ Սերգեյ Յակիմենկոն՝ աշխարհում միակ ակրոբատ գեղասահորդը, որի գլխապտույտ հնարքները գրանցվել են «Գիննեսի» ռեկորդների գրքում: Նա չմուշկներով կցատկի սառցե բեմի վրա կայանված ավտոմեքենայի վրայով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031