Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Միայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում դրամն արժեզրկվել է 13,8%-ով»

Հոկտեմբեր 27,2015 18:03

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի  հայտարարությունը խորհրդարանում

Ընթացիկ ամսվա կեսերին խորհրդարանը ստացել է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այն մեր կողմից մանրամասն ուսումնասիրության է ենթարկվել և այստեղ կցանկանայի ընդգծել որոշակի հանգամանքներ.

Միայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում դրամն արժեզրկվել է 13,8%-ով: Բյուջեի նախագծով 2016 թվականին 4% գնաճ է նախատեսվել: Ընդ որում, սրանք միայն պաշտոնական թվերն են: Ավելին, նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, ինչն ազդելու է նաև մասնավոր սեկտորի վրա: Շեշտակի կրճատվել է արտաքին առևտուրը և դրա մակարդակի զգալի բարձրացում տեսանելի ապագայում չի նախատեսվում: Մինչդեռ, վարչական իրավախախտումների համար նախատեսված սանկցիաների ընդհանրապես և դրանցից ամենահաճախակին կիրառվող՝ ճանապարհատրանսպորտային բնագավառի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների կրճատում չի նախատեսվել:

Այստեղ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ թե՛ հանցագործության, թե՛ վարչական իրավախախտման համար նախատեսված սանկցիայի առաջնային նշանակությունը ոչ թե պատժելն է, այլ նախականխումը: Ավելին, հայտնի փաստ է, որ կանխարգելման համար առաջնային նշանակություն ունի ոչ թե պատժի խստությունը, այլ դրա անխուսափելիության գիտակցումը: Այսպիսով` ակնհայտ է, որ կանխարգելման համար ավելի նվազ չափի տուգանքն էլ բավարար է:

Օրինակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով՝

                   Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 5-ապատիկի չափով:

–                   Երթևեկության սահմանված արագությունը 11-30կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի 150%-ի չափով: Ընդ որում, Վրաստանում արագության գերազանցման թույլատրելի չափը 20կմ/ժ է, մեզ մոտ՝ 10:

Միայն 2014 թվականին 3,1 մլրդ դրամ տուգանք է վճարվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար:

Գոյություն ունեցող պայմաններում քաղաքացիների՝ հաճախ անգամ առաջնային կարիքները բավարարելու համար չբավականացնող միջոցները նրանցից գանձելը որևէ կերպ չի կարող արդարացվել:

Մեր կողմից մշակվել է օրենքի նախագիծ, որով առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրկնակի չափով կրճատում են գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում տեղ գտած՝ առավել հաճախ հանդիպող և նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհատրանսպորտային բնագավառի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքները: Կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին միանալ այս նախագծին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031