Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում ամենաքիչն են ծնվում ու ամուսնանում. Լոռիում ամենաշատն են բաժանվում

Հոկտեմբեր 30,2015 15:06

Որքան էլ ծննդօգնությունն անվճար է, սակայն այս ծնելիության ցուցանիշները մեր երկրում ոչ միայն չեն աճում, այլ մի բան էլ` նվազում են: Այս տարվա ինն ամիսներին ծնվել է 30 հազար 666 մարդ, 2014 թ-ի 9 ամիսների համեմատությամբ ծնունդների թիվը 2,5 տոկոսով նվազել է: Այսօր «Զարկերակ» ակումբում այսպիսի տվյալներ ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը:

Եթե վերցնենք ընդհանուր բնակչության թվաքանակով, ապա 1000 բնակչի հաշվով 14 ծնունդ է գրանցվել: Տիկին Կոյումջյանն ասաց, որ ամենաշատը ծնվել են Երեւանում ապա` Արարատի մարզում, Արագածոտնում ու Կոտայքում:

Մնացած բոլոր մարզերում այս ցուցանիշը մտահոգիչ է: Այս տարի ամենաքիչ ծնունդները գրանցվել են Սյունիքում, որտեղ 1000 բնակչի հաշվով 10 ծնունդ է եղել: Տավուշում էլ 1000 բնակչին 11 երեխա է բաժին ընկել:

Այս տարվա ինն ամիսներին մահացել է 20 հազար 900 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 0,7 տոկոսով պակաս է: Նշենք, որ բնական հավելաճը նվազել է 6,2 տոկոսով:
Կարինե Կոյումջյանն ասաց, որ մինչեւ 1 տարեկան մահացել է 280 երեխա, նախորդ տարվա համեմատությամբ մանկական մահացությունն աճել է 2,6 տոկոսով: Նախորդ տարի մահացել է 273 երեխա:

Ընդհանուր առմամբ, ամենաշատը մահացել են Լոռու մարզում, հետո` Շիրակում, մահացությունների ցուցանիշով հետ չի մնում նաեւ Տավուշը, Վայոց Ձորը:

Ամուսնացողների թիվը եւս կրճատվել է: Այս տարի ամուսնացել է 13 հազար 120 զույգ, ինչը նախորդ տարվա ինն ամիսների համեմատությամբ 8,6 տոկոսով պակաս է: Ամուսնությունները պակասել են, ամուսնալուծությունները` նույնպես, այս տարի բաժանվել է 2799 զույգ, 2014-ին` 3545 ամուսնալուծություն է գրանցվել:
Ըստ վիճակագրության ամենաշատն ամուսնացել են Երեւանում, Կոտայքում Վայոց Ձորում, Արագածոտնում, Արմավիրում, ամենաքիչը` Գեղարքունիքի մարզում է ամուսնություն գրանցվել, բացասական ցուցանիշով հետ չեն մնում նաեւ Սյունիքն ու Տավուշը: Ամենաշատը բաժանվել են Լոռու մարզում, հետո` Երեւանում, Կոտայքում ամենաքիչն իրենց միությունը չեղյալ են համարել Տավուշում ու Գեղարքունիքում:

Ըստ տիկին Կոյումջյանի, մահացության կառուցվածքում մեծ տոկոս են կազմում արյան շրջանառության` սրտանոթային հիվանդություններից մահերը` մոտ 48 տոկոս, երկրորդ տեղում նորագոյացություններից մահացողներն են` 21 տոկոս: Քիչ չեն մահանում նաեւ շնչառական օրգանների հիվանդություններից: Դժբախտ պատահարներից, թունավորումներից մահանում է 7,5 տոկոսը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031