Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժային  կառույցի ներկայացուցիչներն էլ չեն հանդուրժո՞ւմ իշխանություններին (Տեսանյութ)

Նոյեմբեր 01,2015 19:51

Գյումրիում սահմանադրական փոփոխությունների դեմ «Նոր Հայաստան» շարժման կազմակերպած այսօրվա հանրահավաքին ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս խոսեց տնտեսական վիճակից, ուռճացված ընտրացուցակներից, համոզմունք հայտնեց, որ  ուժային կառույցի ներկայացուցիչները նույնպես չեն հանդուրժում իշխանություններին:

«Բարեւ սիրելի գյումրեցիներ, սիրելի ոստիկաններ, ուժային  այլ կառույցի աշխատողներ: Այսօրվա խոսքը, ընդհանրապես այս ժամանակահատվածի պայքարը վերաբերում է բոլորիս հավասարապես՝ անկախ նրանից, թե թոշակառու ենք, թե մանկավարժ, թե ուժային կառույցի աշխատող: Այն, ինչ կատարվում է Հայաստանում եւ այն, ինչ փորձում է իշխանությունը կյանքի կոչել, անմիջապես եւ խորապես վերաբերելու է բոլորիս: Սիրելիներս, արդեն տեղյակ եք, որ Հայաստանի 2016 թվականի բյուջեն հաստատելուց կառավարությունը հայտարարելու է, որ աշխատավարձերը ու թոշակները չեն բարձրանալու: Չբարձրացված աշխատավարձերը եւ թոշակները միայն մի պատճառով են առաջացել, այն է, որ մինչեւ հիմա իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի Հայաստանում սպանեն տնտեսական դաշտը, ամեն ինչ արեցին, որպեսզի ժողովուրդը աղքատանա, շրջանառու միջոցներ չլինեն, փոքր ու միջին բիզնես չլինի: Ամեն ինչ արեցին, որ տնտեսությունը մրցունակ չլինի, ամեն ինչ արեցին, որ բացի իրենցից որեւէ մեկը չհարստանա: Դա վերաբերում է նաեւ ուժային կառույցի ներկայացուցիչներին, արդեն իսկ ակնհայտ է, որ այս տարի եւս մենք խիստ բացասական արդյունքներով ենք փակելու տարին՝ անկախ նրանից, թե չեղած գյուղատնտեսության հաշվին ինչ թվեր են նկարելու եւ փորձելու  մի քանի տոկոս աճ ցույց տալ: Բայց գոյություն ունի մի պարզ հանգամանք, որը կոչվում է առեւտրաշրջանառություն, ինչը ցույց  է տալիս տվյալ երկրի ժողովրդի գնողունակությունը, եւ ցույց է տալիս տնտեսական ակտիվությունը: Եթե մի երկրում մանրածախ առեւտրի 30 տոկոս անկում գոյություն ունի, ի՞նչ դրական զարգացման մասին կարելի է խոսել: Այ, իրենց գրպաններում դրական զարգացում կարող է լինի, բայց ոչ ժողովրդի 95 տոկոսում»:

Ըստ բանախոսի, սահմանադրական փոփոխություն կոչվածի իմաստն այն է , որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Հանրապետական կուսակցությունը  պահպանեն իրենց իշխանությունը, որը նշանակում է ոչ միայն միակուսակցական համակարգի ստեղծում, այլ բացառապես միակուսակցական տնտեսություն է լինելու:

Ըստ բանախոսի, այն տնտեսվարողները, որոնք կապված են ներքին շրջանառության հետ, հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերը դաշտից դուրս են մղվելու: «Սուտ են խոսում, ճիշտ չեն ասում այն մարդիկ, որոնք ասում են՝ ի՞նչ կապ ունի տնտեսությունը ներկա սահմանադրության հետ. Հայաստանում տնտեսությունը անմիջապես կախված է քաղաքականությունից, կունենաք ազատ քաղաքական դաշտ, կունենաք ազատ, մրցակցային տնտեսական դաշտ: Էլ չեմ խոսում բոլորիդ քաջ հայտնի 50 տոկոս փայ մտնելու խիստ հայկական բարի ավանդույթի մասին՝ չակերտավոր: Այդ փայ մտնոցին էլ կարող է էլ չլինի, քանի որ փայն ամբողջությամբ իրենց է պատկանելու, ու պատահական չէ, որ այսօր ոչ միայն փոքր ու միջին բիզնեսն է խնդրի առջեւ կանգնել, այլ խոշոր բիզնեսը եւս: Եւ  մենք տեսնում ենք, որ արդեն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են սննկացման գնում, տեսնում ենք, որ բավական կայացած, հատկապես սննդամթերք վերամշակող  ձեռնարկություններ են խնդրի առջեւ կանգնած»:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք չունեն այլ ճանապարհ, քան քաղաքացիական անհնազանդությունն է, իսկ պայքարի այս ձեւ լրիվ օրինական է: Նա ասաց, որ դեկտեմբերի 1-ից  սկսելու են պայքարը, որն հաջողությամբ են ավարտելու, քանի որ այլ ճանապարհ չկա, այլապես Հայաստանին կսպառնա նոր արտագաղթ, պետականության կորուստ, անվտանգության լրջագույն խնդիրներ: Բանախոսը նաեւ ասաց, որ ուժային կառույցները եւս խիստ բացասական վերաբերմունք  ունեն իշխանությունների նկատմամբ, որովհետեւ խոստանում են, թե հայ սպան ու ոստիկանը նորմալ կենցաղով են ապրելու, սակայն կյանքի չեն կարող կոչել խոստացածը: «Ոստիկանը մեկն է, բայց ոստիկանի ընտանիքի անդամները բազմաթիվ են», -ասաց Արմեն Մարտիրոսյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30