Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է ՏՏ ոլորտի ընկերությունների միջեւ շախմատի 2-րդ մրցաշարը

Նոյեմբեր 09,2015 21:50

Նոյեմբերի 14-ին Շախմատի ակադեմիայում կմեկնարկի ՏՏ ոլորտի ընկերությունների շախմատի մրցաշարը, որն անցկացվելու է երկրորդ տարին անընդմեջ: Այդ առիթով այսօր Սիներջի բիզնես կենտրոնում կայացավ միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, ՀՇՖ 1-ին փոխնախագահ, Շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը եւ Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը:

Ողջունելով մրցաշարի մասնակիցներին եւ հյուրերին՝ Սիներջիի գործադիր տնօրեն Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ եթե անցած տարի առաջին մրցաշարին մասնակցեցին ութ ընկերության թիմեր, այս տարի հայտ ներկայացրել է արդեն 19 ընկերության 22 թիմ եւ վստահություն հայտնեց, որ ապագայում այս մրցաշարին կմասնակցեն բոլոր ՏՏ ընկերությունները:

Արշակ Պետրոսյանը ողջունելով մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ մաղթեց հաջող խաղ: Եվ քանի որ բոլորին հետաքրքրում է մոտ օրերս Ռեյկյավիկում մեկնարկող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը Հայաստանի հավաքականի պատրաստվածության աստիճանը, մարզիչն անդրադարձավ այդ հարցին: «Մենք հավաք էինք անցկացնում Ծաղկաձորում, որը շատ լավ անցավ: Բոլորն էլ, թվում է, լավ մարզավիճակում են: Տղաները նախորդ մրցումներում էլ լավ են հանդես եկել ու բարձրացրել են իրենց անհատական գործակիցները: Դա հույս է ներշնչում, որ հնարավոր է լավ հանդես գալ: Բոլորն էլ մեզանից շատ բարձր արդյունք են սպասում եւ կաշխատենք այդ արդյունքներին հասնել», – ասաց նա:

«Ուրախալի է, որ շախմատն ընդգրկվում է ամենուրեք: Հայաստանում շախմատը շատ սիրված եւ ընդունված է: Շախմատը մարդուն օգնում է մտածել, ստեղծագործել, ստեղծել ազնիվ ու բարի կերպար: Ձեր այս միջոցառումը նույնպես ինձ շատ է ուրախացնում, երբ տեսնում եմ, որ անցած տարվա ութից հիմա մասնակից թիմերի քանակը հասել է 22-ի: Սա շատ մեծ առաջխաղացում է եւ վստահ եմ, որ էլի կզարգանա: Հուսով եմ, որ կգա մի օր, երբ այն կդառնա միջազգային մրցաշար: Սա մոտ է իրականությանը, որովհետեւ գիտեմ, որ տարբեր երկրներում էլ շախմատը սիրված է ՏՏ ոլորտում», – ասաց Սմբատ Լպուտյանը:

Իսկ Լեւոն Արոնյանն ասաց, թե տեղյակ է, որ ՏՏ ոլորտում սիրում են շախմատը, հետեւում խաղերին: «Շատերի հետ շփվում եմ, շատերն ինձ օգնում են, քանի որ համակարգիչը վերջին 15 տարում շատ կարեւոր դեր ունի շախմատում՝ նաեւ ձեր աշխատանքի օգնությամբ: Եվ չեմ պատկերացնում ժամանակակից շախմատն առանց համակարգչի: Մենք տեսնում ենք ձեր կարիքը: Դուք էլ մեր կարիքն եք զգում: Ուզում եմ հաջողություն մաղթել ձեզ եւ ուզում, որ ավելի շատ մարդկանց բերեք շախմատ: Շախմատը իր մեջ բարություն ունի: Եվ երբ խաղում ես, դու միշտ կարողանում ես ինչ-որ մեկի հետ խոսել: Ձեզ մաղթում եմ հաջողություն թե ձեր աշխատանքում, թե շախմատում»:

Վերջում Լեւոն Արոնյանին էլ վստահվեց կատարել վիճակահանությունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30