Այսօր ԱԺ-ում կառավարությունը մի օրինագիծ է բերել «Հարկերի մասին ՀՀ օրենքում» լրացում կատարելու մասին, որը հաճելիորեն զարմացրեց պատգամավորներին:
Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ 2014-ի հոկտեմբերի 1-ից ներդրվել է ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը, որ եթե ընտանիքի անդամներով բիզնես են դնում եւ աշխատում են միայն ընտանիքի անդամներով՝ ընտանեկան ձեռնարկության անդամները ազատվում են բոլոր տեսակի հարկերից:
Հիմա առաջարկում են, որ արտոնագրային վճարից ազատվեն այն ընտանիքները, որոնք զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություն են մատուցում եւ բիզնես են անում. «ՀՀ տարբեր մարզերում գործող զբոսաշրջային տներ տրամադրելը ընտանեկան ձեռնարկատիրություն է համարվում եւ նրանք նույնպես ազատվում են պետական հարկերից»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց. «Օրինակ, Դիլիջանում մարդիկ իրենց պատկանող բնակարանը, առանձնատունը տրամադրում են որպես հանգստյան վայր՝ հանգստացողներին, զբոսաշրջիկներին եւ եթե ընտանիքի անդամները ծառայություն են մատուցում, մաքրություն են ապահովում, ուտեստներ են պատրաստում եւ այլն, հիմա նրանք ազատվո՞ւմ են բոլոր տեսակի հարկերից»:
Կարդացեք նաև
Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ եթե այդ գործունեությունն իրականացնեն բացառապես ընտանիքի անդամներով, այո, կազատվեն հարկերից:
Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, իսկ եթե հայր ու աղջիկ, ասենք, վարսավիրանոց են դնում ու ընտանեկան բիզնես անում, էլի՞ ազատվում են հարկերից՝ Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ ոչ. «Այդ գործունեության տեսակը հարկվում է հարկման պարզեցված ընթացակարգով եւ այս օրենքի մեջ չի մտնում»:
Հեղինե Բիշարյանը նույնպես շատ գոհ էր այս նախագծից՝ իսկապես լավ բան եք առաջարկում: Նա հետաքրքրքվեց, թե քանի՞ նման տուն կա: Փոխնախարարը պատասխանեց, որ նման զբոսաշրջային տների թվաքանակը մեծ չէ՝ 21 տնտեսվարողներ են, որոնք գործում են արտոնագրային դաշտում. «Նրանք արտոնագիր են ստանում միայն սեզոնային ամիսներին, մնացած ամիսներին, որպես կանոն, նրանք չեն գերադասում գործունեություն իրականացնել, ձեռնտու չի լինում: Սա է հիմնական հանգամանքներից մեկը, որ որոշվեց նրանց հնարավորություն տալ հարկերից ազատվել, որը թույլ կտա նրանց գործունեություն ծավալել ոչ միայն սեզոնային ամիսներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































